ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրապարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում, միջազգային գիտական համաժողովների (կոնֆերանս) թեզիսների ժողովածուներում կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի <<Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողով>> գործակալության (այսուհետ` ՀՀ ԲՈՀ) սահմանած ցուցակում (այսուհետ` ցուցակ) ընդգրկված գիտական հրատարակություններում (պարբերականներ և ժողովածուներ):

Ցուցակում ընդգրկվելու համար պարբերականը պետք է.

1) հրատարակվի գիտական կենտրոնի, գիտական կազմա­կեր­պության, պետական կամ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդ­ի երաշխավորությամբ.

2) ունենա խմբագրական խորհուրդ, որի կազմում ընդգրկված լինեն համապատասխան ոլորտի գիտությունների դոկտորներ, ունենա որոշակի մասնագիտական ընդգրկում` ըստ գիտության բնագավառների.

3) ունենա հստակ պարբերականություն` տարին առնվազն երկու համար, տպագրվի առնվազն 100 տպաքանակով, առաքվի Հայաստանի ազգային գրապալատ, Հայաստանի ազգային գրադարան, մասնագիտական գրադարաններ:

Հավելվածները կամ լրացուցիչ թողարկումները չեն հավասարվում տվյալ պարբերականին.

4) ունենա համացանցային կայք, որտեղ լինեն տպագրված բոլոր նյութերի հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը` 50-60 բառի սահմաններում, բանալի — բառերը, հեղինակների մասին տեղեկությունները.

5) գրանցված լինի պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) համակարգում և ունենա ISSN համարանիշ.

6) օտարալեզու պարբերականը պետք է ունենա հայերեն տիտղոսաթերթ.

7) հրապարակվող նյութերը պետք է գրախոսվեն կամ երաշխավորված լինեն տպագրության. բոլոր կարծիքները, երաշխավորագրերը պահպանվում են խմբագրությունում, իսկ պահանջի դեպքում` տրամադրվում ՀՀ ԲՈՀ-ին:

3. Գիտական ժողովածուն պետք է հրապարակվի տարին մեկ անգամ, բավարարի բոլոր վերը նշված պահանջներին, գրանցված լինի գրքի միջազգային ստանդարտ համարակալման(ISBN) համակարգում և ունենա ISBN համարանիշ:

4. Վերը նշված պայմաններին բավարարելու դեպքում պարբերականը ընդգրկվում է ՀՀ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում: Ցուցակը վերանայվում է տարին մեկ անգամ և ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի երաշխավորությամբ հրապարակվում ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական կայքում: Ցուցակում ընդգրկվելու համար բավարար պայման է նաև Web of Science կամ Scopus ցիտման համակարգերից որևէ մեկում տվյալ պարբերականի ընդգրկված լինելը:

Սկզբնաղբյուրն այստեղ

Be the first to comment on "ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*