buh.am` Կրթության, գիտության և սպորտի խնդիրների քննարկման հարթակ

Հայաստանը միանալով Բոլոնիայի գործընթացին, պարտավորվել է ձևափոխել բարձրագույն կրթության իր համակարգը. այն համապատասխանեցնել Եվրոպական պահանջներին և չափանիշներին` դառնալով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մի մասը:  Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ստեղծումն ընթանում է համաշխար­հային գործընթացների գլոբալացման պայմաններում, երբ մարդկային գործունեութ­յան քաղաքական, հասարակական, տնտեսական և մյուս բնագավառներում մշտապես տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Բարեփոխումները որոշակի դժվարությամբ են ընթանում հատկապես հետխորհրդային երկրների բարձրագույն կրթական համակարգում, ուր միաժամանակ իրականացվում են կառուցվածքային, բովանդակային և հիմնարար այլ գործընթացներ, դրանք համապատասխանեցնելով Բոլոնիայի սկզբունքների, ստանդարտների, չափորոշիչների և ուղենիշների պահանջներին:

Մինչ Բոլոնիայի գործընթացին միանալը Հայաստանի համալսարաններում գործում էր բարձրագույն ուսուցման հնգամյա համակարգ, գնահատման հինգբալային մեխանիզմ, ուսանողների շարժունակության ցածր մակարդակ: Ավարտելով բարձրագույն ուսումնական հաստատությունը ուսանողը ստանում էր դիպլոմավորված մասնագետի որակավորում:

2005թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկսեց կրթության ոլորտի բարեփոխումների իրականացում` հիմնված կրեդիտային համակարգի դրույթների վրա: Այդ համակարգը, առաջադեմ լինելով հանդերձ, ենթադրում էր նոր խնդիրների առաջացում: Համալսարանում հնգամյա մեկաստիճան կրթական համակարգը փոխարինվեց երկաստիճան կրթական համակարգով` բակալավրի` 4 տարի ուսման տևողությամբ, մագիստրոսի՝ 2 տարի ուսման տևողությամբ: Այդպիսով Հայաստանի և արտերկրի բուհերի դիպլոմների փոխճանաչման գործընթացում ստեղծվեց աստիճանների համադրելիության առաջին նախապայմանը:

Հիմնովին փոխվեց գնահատման համակարգը: Ներդրվեց կրթական կրեդիտային համակարգ: Բարեփոխումներ տեղի ունեցան ինչպես ուսանողների, այնպես էլ գիտամանկավարժական ու վարչական կազմի շարժունակության խթանման գործում: Արդիականացվեցին ուսումնական ծրագրերը: Սկսվեց իրականացվել դասախոսների վերապատրաստման ծրագիր` ուսուցման ժամանակակից մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Որպես բարձրագույն կրթական երրորդ աստիճան ընդունվեց դոկտրանտուրան (Հայաստանում ներկայումս օգտագործվում է “ասպիրանտուրա” հասկացությունը): Ի տարբերություն նախկինում գործող համակարգի, ասպիրանտուրայում սովորողները ուսուցանում են ընդհանուր զարգացվածության ու մասնագիտական առարկաների համալիր` դրանց համար ստանալով համապատասխան կրեդիտներ:

Կրեդիտային համակարգի կարևորագույն հատկանիշներից է նաև ուսումնական ծրագրերի յուրացման գործընթացը՝ տարվա կտրվածքով համամասնորեն բաշխման հնարավորությունը: Այն թեթևացնում է թե դասախոսների, և թե ուսանողների աշխատանքը: Ուսումնական կիսամյակների քննություններին և ստուգարքներին նախապատրաստվելու բեռը բաշխվում է ուսումնական տարվա կտրվածքով:

Կրթության ոլորտի ներկա փուլի առավել ընդգծված հիմնախնդիրներից են. ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը ուսումնական գործընթաց, էլեկտրոնային ուսումնական նյութերի պակասը, դպրոց-Համալսարան կապի բարեփոխումը, աշխատաշուկայի պահանջարկին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտների հմտությունների ու գիտելիքների որակի անբավարար լինելը, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերում սոցիալապես անապահով խմբերի ընդգրկվածության ցածր մակարդակը:

Բոլոնիայի գործընթացը նախատեսում է, որ ուսանողները ցանկության դեպքում կարող են իրենց ուսումը շարունակել կամ որևէ առարկա սովորել նույն երկրի այլ, կամ արտերկրի բուհերերում: Ուսանողի բուհից՝ բուհ տեղափոխումը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա) և համակարգը (վճարովի, անվճար) իրականացվում է բավականին սահմանափակ չափերով: Հայաստանում շարժունակության ընդլայնմանը նպաստող հիմնական խնդիրներն են` շարժունության և փոխճանաչման եվրոպական գործիքների օգտագործումը, շարժունակության աջակցման եվրոպական ծրագրերին Հայաստանի բուհերի անբավարար մասնակցությունը, կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, բանակի և կրթության խնդրի համադրությունը և այլն:

Չնայած իրականացված բարեփոխումներին` մասնագիտական  չափաքանակների սահմանման և հատկացման սկզբունքները այսօր դեռևս ամբողջական չեն արտացոլում երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունների գծով աշխատաշուկայի իրական պահանջարկը: Ուսանողների 83%, ըստ Հայաստանի աշխատաշուկայի հետազոտության, մասնագիտությունը ընտրում է դրա “ժողովրդականություն” վայելելու պատճառով, ոչ թե աշխատաշուկայում առկա պահանջներով: Կան շատ կարևոր մասնագիտություններ, որտեղ առկա է մասնագետների պակաս, սակայն այդ մասով դիմորդներ գրեթե չեն լինում: Ակնհայտ է, որ ներկայիս կրթական համակարգը չի հասցնում արձագանքել տնտեսության զարգացող ճյուղերի պահանջներին: Այդ պատճառով անհրաժեշտ է արդյունավետ քայլեր մշակել, որով կստեղծվի արդյունավետ կապ կրթության և աշխատաշուկայի միջև: Միևնույն ժամանակ, բուհերերի ընդունելությունը կարելի է դարձնել ավելի դյուրին, որպեսզի դիմորդների մեծամասնությունը կարողանա ընդունվել, փոխարենը` բարդացնել ուսումնական գործընթացը` հասցնելով այն մակարդակի, որ միայն իրենց մասնագիտությանը լավ տիրապետող ուսանողները կարողանան ավարտել բուհը: Արդյունքում բուհերերի շրջանավարտներից շատերը ավելի հեշտ կկարողանան աշխատանք գտնել աշխատաշուկայում:

Հայաստանի կրթության ոլորտի կառավարման բնագավառում իրականացված բարեփոխումները որոշակիորեն մեծացրել են ուսումնական հաստատությունների ինքնավարությունն ու պատասխանատվությունը, ընդլայնվել է կառավարման գործընթացում հասարակության մասնակցությունը: Այն բուհերը, որոնք իրենց գործունեության անցած տարի­ների ընթացքում մշտապես մշակել և ներդրել են մասնագիտական արդիական կրթական ծրագրեր, հետևողականորեն կիրառել են կրթության որակի ապահովման անհրաժեշտ գործընթացներ, ներկայումս գտնվում են շահեկան վիճակում: Նրանք կրթական արդյունքների մշտադիտարկման նախկինում մշակված մեխանիզմների արդյունավետ կիրառ­մամբ ներկայումս ևս ապահովում են ուսումնական գործունեության շարունակական բարելավում:

2005թ. հետո մշակվել և համապատասխան մարմիններում ընդունվել են ոլորտը կարգավորող բազմաթիվ իրավական ակտեր: Այդպիսով հնարավոր եղավ լուծել մեծ թվով կազմակերպչական և իրավական խնդիրներ, սակայն, ըստ էության, բաց մնացին գլխավոր հարցերից մի քանիսը.

  1. չի հստակեցվել այն սահմանը, որը տարանջատում է բակալավրիատը և մագիստրատուրան: Ստեղծված իրավիճակը խոչընդոտում է մագիստրատուրայի կայացմանը, և առաջին հերթին՝ դրա կարևորության ընկալումն ուսանողների կողմից: Մագիստրատուրան, շատ դեպքերում, շարունակում է մնալ բակալավրիատի ձևափոխված “կրկնությունը” (տպավորություն է ստեղծվում, որ բակալավրիատում փորձ է արվում խտացված տեսքով դասավանդել դիպլոմավորված մասնագետի հնգամյա ծրագրային կուրսը, իսկ մագիստրատուրայում խորացնել բակալավրիատում անցածը), դեռևս անթույլատրելի ցածր ու ձևական է մնում հետազոտական բաղադրիչը: Դեռևս օրենսդրական կարգավորման կարիք ունի աշխատաշուկայում բակալավրի կողմից իրականացվող որոշակի գործառույթների վրա սահմանափակում դնելու խնդիրը. այսինքն, անհրաժեշտ է օրենսդրորեն հստակեցնել այն գործառույթների ցանկը, որով անձը կարող է զբաղվել առնվազն մագիստրոսի որակավորում ունենալու դեպքում.
  2. մասնագիտությունների խոշորացումը ՀՀ ԿԳՆ քաղաքականության կարևորագույն ձեռքբերումներից է, որը հիմնված է եվրոպական բարձրագույն կրթության առաջավոր փորձի վրա: Սակայն այն թերի է և զերծ չէ կրկնություններից: Միևնույն ժամանակ, ելնելով դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունից, մեր կարծիքով, բակալավրիատում ուսման առաջին երեք տարիներին կրթությունն ըստ մասնագիտությունների անհրաժեշտ է հիմնականում (մինչև` 80-90%) իրականացնել նույն կրթական մոդուլներով, և միայն մշակել չորրորդ կուրսում ընտրովի առարկայական բլոկներով ուսումնական պլանները տարանջատել ըստ ուսումնական ծրագրերի: Փորձնական ուսումնական պլանի և առարկայական ծրագրերի մշակման և դրանց քննարկման աշխատանքներին անհրաժեշտ է մասնակից դարձնել առանձին գործատուների: Մշակման ընթացքում շեշտն անհրաժեշտ է դնել սովորողների ուսումնառության վերջնական արդյունքների վրա, ինչը պետք է արտահայտվի սովորողի կողմից ստացած գիտելիքների համակազմով, սովորածը հասկանալու և վերլուծելու կարողությամբ (կարողություններ) և ստացած գիտելիքները կիրառելու ունակությամբ (հմտություններ): Փորձնական ուսումնական պլանը և առարկայական ծրագրերն անհրաժեշտ է համեմատել եվրոպական բուհերի համապատասխան մասնագիտություններով իրականացվող ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի հետ և վերլուծությունների արդյունքներից ելնելով կատարել համապատասխան շտկումներ: Պետք է հաշվի առնել, որ շատ համալսարաններում ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կազմումը պայմանավորված են տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթներով: Դրանք հիմնականում բխում են պրոֆեսորադասախոսական կազմի սուբյեկտիվ նախասիրություններից, որոնք շատ դեպքերում “կարծրացել” են և հաշվի չեն առնում ներկա իրողության թելադրած վերջնարդյունքների պահանջները: Դեռևս թույլ է ուսումնական պլանով և առարկայական ծրագրերով իրականացվող դասընթացների փոխկապակցվածության աստիճանը: Այդ խնդրի լուծումը հնարավորություն կընձեռի շրջանավարտներին ներկայացվող  ելքային արդյունքները համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված պահանջներին, ինչն իր հերթին ներքին և արտաքին աշխատաշուկայի պահանջների բավարարման առաջնային պայման է.
  3. արմատապես պետք է վերանայվեն ավագ դպրոցին ներկայացվող պահանջները: Շատ դեպքերում դրանք ունեն ցածր արդյունավետություն, իսկ 12-րդ դասարաններում ուսուցման կազմակերպման ձևն անընդունելի է: Ավագ դպրոցներում ուսուցումը պետք է կազմակերպվի խիստ ուղղորդված (որոշիչ առարկաներ ըստ ուղղությունների գումարած լեզուներ)` միայն բարձր առաջադիմություն արձանագրող սովորողների համար: Պետք է կարգավորվի ավագ դպրոց – բուհ անցումը` զուգահեռ ընդունելության գործող համակարգի.
  4. դեռևս բավականաչափ կարևորված չէ պրակտիկաների անցկացման անհրաժեշտությունը: Արտերկրի հեղինակավոր համալսարաններում ուսանողը տարվա մեջ մի քանի ամիս (սովորաբար` 3 ամիս) անցնում է ուսումնական և արտադրական պրակտիկա (հիմնականում` արտերկրում): Այս հարցի կարգավորումը շարունակում է արդիական մնալ դեռևս խորհրդային ժամանակներից.
  5. ժամանակն է հանրապետությունում ունենալ մի քանի հետազոտական համալսարան: Մյուսներում պետք է խրախուսվի դասախոսների գիտահետազոտական գործունեությունը (ավելին` հետազոտական գործունեությամբ չզբաղվող դասախոսը, առնվազն պետք է ունենա այլ կարգավիճակ).
  6. դասախոսական կազմի վերապատրաստման և որակավորման պահանջների խստացումը դարձել է օրվա հրամայական և կարիք ունի օրենսդրական կարգավորման.
  7. որակի գնահատման, մշտադիտարկման, փորձաքննության անցկացման մեխանիզմների հստակեցումը, այդ գործընթացում արտաքին շահառուների մասնակցությունը, ենթակառույցի գործունեության հասանելիության ապահովումը, բուհերի հաշվետվողականության և աշխատանքի թափանցիկության ապահովումը նույնպես բարելավման կարիք ունի: Մասնավորապես անտրամաբանական է, երբ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը բացում է իր ուսումնական պլաններն ու ծրագրերը, իսկ մեր համալսարանները դրանք պահում են գաղտնի.
  8. կրթական միջավայրի արդյունավետության ապահովման համար բուհի կողմից ուսումնառողներին տրամադրվող խորհրդատվական և աջակցության ծառայությունները, ինչպես նաև ուսումնական գործընթացի բարելավմանն ուղղված ծրագրերը ընդլայնման կարիք ունեն: Խնդիրներ կան կապված ակադեմիական խմբերում փոքր թվով ուսանողների առկայության հետ: Որոշ բուհերում այս դեպքերում մեխանիկորեն իջեցվում է պարապմունքների քանակը, ինչը հակաօրինական և արատավոր գործելաոճ է.
  9. բուհի նպատակների արդյունավետ կազմակերպումն իրականացնելու, ինչպես նաև անհրաժեշտ ուսումնական միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համալսարան – գործատու կապերը օրենսդրորեն հստակեցնելու ուղղությամբ: Հասարակության հետ կապերի ձևավորման, ինչպես նաև հետադարձ կապի ապահովման տեսանկյունից հստակեցման անհրաժեշտություն կա բուհի պաշտոնատար անձանց վարվելակերպի և էթիկայի նորմերի հետ կապված:

Ներկայումս, երբ ավարտվում է բարեփոխումների առաջին փուլը, հարց է առաջանում, թե որքանո՞վ են արդյունավետ կատարվող փոփոխությունները, ունի արդյո՞ք Հայաստանի կրթական համակարգը Բոլոնիայի գործընթացին միանալու և բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտ ռեսուրս, ի՞նչ քայլեր ունենք ձեռնարկելու առաջիկայում: Եվ ի վերջո, ինչպես պահպանել և օգտագործել խորհրդային կրթական համակարգի ձեռքբերումներն ու հսկայական փորձը, որը անտարակույս հսկայական արժեք ունի: Սրանք հարցեր են, որի պատասխանը պետք է տրվի ամենամոտ ապագայում:

buh.am կայքը նպատակ ունի ստեղծել բանավեճի անկախ մի հարթակ, որտեղ կբախվեն կրթության, գիտության և սպորտի խնդիրներին վերաբերող տարբեր տեսակետներ, վեր կհանվեն առկա թերությունները, կառաջարկվեն  զարգացման նոր քայլեր և ուղիներ:

 

Գագիկ Սարգսյան

buh.am կայքի գլխավոր խմբագիր