18 Հոկտեմբերի 2019թ. 10:03

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԼԻՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել 2016թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները:

 

«Վերջին տարիներին ընդունելության քննությունների հետ կապված շատ խնդիրներ ստացել են համակարգային լուծումներ: Մասնավորապես՝ քննությունների անցկացման գործընթացի թափանցիկության բարձրացումը, համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ գնահատման օբյեկտիվությունը, արդյունքների՝ առանց հապաղելու հրապարակումը հնարավորություն տվեցին հասնելու թերևս ամենակարևորին՝ հասարակության մեջ քննությունների հետ կապված լարվածության նվազմանը և քննությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ վստահության աճին,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա քննական կենտրոնների ղեկավարներին է ներկայացրել իր նկատառումները. «Ինչպես անցած տարի, այս տարի ևս քննությունների ողջ գործընթացը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում: Չնայած վերջին տարիներին միասնական քննությունների ժամանակ լուրջ խնդիրներ չեն առաջացել, այնուամենայնիվ, հորդորում եմ ձեզ այս տարի ևս լինել զգոն և կազմակերպված: Քննությունները պետք է ընթանան բացառապես թափանցիկ և արժանահավատ՝ զերծ անօրինական երևույթներից: Շատ կարևոր է, որ քննասենյակում դիմորդը իրեն զգա բարեհաճ մթնոլորտում:  Ձեր արդյունավետ գործունեությամբ դուք պետք է նպաստեք քննական գործընթացում փոխըմբռնմանը, վստահության և հարգանքի մթնոլորտի ձևավորմանը,  յուրաքանչյուր դիմորդի համար հավասար պայմանների ստեղծմանը՝ իրենց գիտելիքները և կարողությունները լավագույն ձևով դրսևորելու համար: Այս առումով միասնական քննությունների անցկացումն այն առանցքային փուլն է, որի արդար կազմակերպումն առողջ մրցակցային պայմաններ կստեղծի դիմորդների միջև և հնարավորություն կտա մեր բուհերը համալրել արժանի ուսանողներով»,- շեշտել  է վարչապետը:

Սկզբնաղբյուրը` այստեղ