ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ Է ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ


Ամփոփվեցին «Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները» հետազոտության արդյունքները (Սկզբնաղյուրն` այստեղ):

Արձանագրվել են առկա հետևյալ խնդիրները՝ Հայաստանում մասնագիտական կրթության համակարգի և աշխատաշուկայի շահերի վեկտորները տարբեր ուղղություններ ունեն, արդյունավետ չի գործում մասնագետների պատրաստման պետական պատվերի համակարգը, ինչի հետևանքով Հայաստանի աշխատաշուկայում առկա է որակական և քանակական շարունակական անհավասարակշռություն, որն արտահայտվում է գործազրկության բարձր իրական մակարդակով, ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգը նույնպես արդյունավետ չի գործում, հետազոտության մասնակիցները փաստում են, որ մասնագիտական կողմնորոշումն է այն անկյունաքարը, որից բխում են մյուս խնդիրները: Հայաստանում բարձրագույն կրթական համակարգը հիմնականում ակադեմիական, քան պրակտիկ կողմնորոշում ունի, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում աշխատաշուկայում՝ երիտասարդ կադրերի ներգրավման հետ կապված:

Դասավանդող կադրերի ցածր աշխատավարձը և մոտիվացիայի պակասն առանձնացվում է որպես կրթական համակարգին առնչվող խնդիր, որակյալ դասախոսները նախընտրում են իրենց դասավանդման պրակտիկան փոխարինել առավել բարձր վարձատրվող աշխատանքով:

Կադրերի պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտ ռեսուրսների սակավությունը (թանկարժեք տեխնոլոգիաների ներմուծում, նյութատեխնիկական թարմացված բազա) լրացուցիչ խնդիրներ են ստեղծում կրթական համակարգի համար:
Ուսումնառության ընթացքում ունեցած պրակտիկան հիմնականում ձևական բնույթ է կրում, երիտասարդները չեն ստանում կիրառական և հետազոտական անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաև խնդիր է աշխատաշուկայի պահանջների իրական կանխատեսումների բացակայությունը. մասնագիտական կրթական համակարգը չի կարողանում արդյունավետ արձագանքել արտաքին պատվերին և կրթական գործընթացի համապատասխան պլանավորում իրականացնել:

Հայաստանում դեռ քիչ են այն աշխատատեղերը, որոնցում մարդիկ պետք է կիրառեն մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ, մյուս կողմից էլ աշխատաշուկայում միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղերը միասին վերցրած ավելի շատ են, քան բարձրագույն և հետբուհական կրթական մակարդակ պահանջող աշխատատեղերը: Մարզերում միտում է նկատվում, որ մասնագիտական կրթություն չունեցող երիտասարդների պահանջարկը գնալով մեծանում է: Միևնույն հաստիքի համար մրցող միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդներից գործատուն նախընտրում է բարձրագույն կրթություն ստացածին։ Աշխատանքի ընդունելիս գործատուների 24.6%-ը հատկապես ուշադրություն է դարձնում պրակտիկ հմտությունների վրա, 23.9%-ը՝ տեսական գիտելիքների, 20.3%-ը՝ աշխատանքային փորձի, 18.2%-ը՝ աշխատանքի ընդունվողի պոտենցիալի, 10.4%-ը՝ աշխատանքի ընդունվողի մոտիվացիայի: Մասնագիտական կրթության և աշխատաշուկայի համագործակցության արդյունավետ մոդելներ կարող են լինել՝ Ճյուղային պատվերները ըստ ոլորտների/ կոնկրետ գործատուի, պրակտիկայի, դիպլոմայինների և կուրսայինների կազմակերպումը իրական գործատուի կողմից կամ մասնակցությամբ, ինտեգրացված կրթական-արտադրական ծրագրերի մշակումը: