ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

SONY DSC

Հանդես գալով Արցախի պետական համալսարանում, «Հոգեբանական պատերազմներ» թեմայով դասախոսությամբ` հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից իրականացված մեկ այլ` հոգեբանական հարձակմանը: Զուգահեռներ անցկացնելով բուն պատերազմական գործողությունների և հոգեբանական պատերազմների միջև` Լ. Ղարախանյանը նշել է, որ հոգեբանական պատերազմում չկան ակնհայտ թշնամիներ: «Ֆիզիկական և տնտեսական պատերազմների ժամանակ ժողովրդին կարելի է կեղեքել, բայց ոչ` հաղթել: Ժողովրդին հնարավոր է հաղթել միայն hոգեբանական պատերազմի միջոցով: Նման արդյունքի կարելի է հասնել ժողովրդի հոգեբանության խեղման և փոփոխության միջոցով»,- նշել է Լ. Ղարախանյանը: Այս առումով հոգեբանը խորհուրդ է տվել վերահսկելի դարձնել սեփական վարքագիծը, նույնն է թե` թիկունքում դրսևորել գրագիտություն, ինչը կբացառի խուճապային տրամադրություններն ու կյանքի բնականոն ընթացքից չշեղվելու նպաստավոր պայմաններ կստեղծի:

Դառնալով համացանցում հայկական բանակի զինվորների, մասնավորապես եզդի զինվոր Ք. Սլոյանի գլխատման տեսա և լուսանկարահանված նյութերի ակտիվ շրջանառությանը` Լ. Ղարախանյանը այն բնորոշել է իբրև հոգեբանական ահաբեկչություն, որը հետապնդել է սուր խուճապային տրամադրությունների առաջացման նպատակ: Եզրափակելով դասախոսությունը` հոգեբանը ընդգծել է մեր` ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ խնդիր ունենալը և այդ ճանապարհին կոչ արել «մտքի և հոգու եռանդի մեջ լինել»:

Սկզբնաղբյուրն` այստեղ