21 Նոյեմբերի 2018թ. 15:52

ԴՈՒԴՈՒԿԻ ԱՐՁԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Դուդուկը համարվում է հայկական ամենահին երաժշտական գործիքներից մեկը: Այն գրեթե Քրիստոսի հասակակիցն է: Դուդուկը պատրաստվում է ծիրանենուց: Մի առիթով Արամ Խաչատրյանն ասել է. «Դուդուկը սոսկ նվագարան չէ. դուդուկը հոգի է ու զգացմունք… դուդուկը մարդկային տրամաբանությունների հավաքական մի սիմֆոնիա է… այն գալիս է տրամադրության մեղեդայնության ելևէջներից»:1914757_101660456555157_5330867_n

Եվ ահա դուդուկի ծննդից շուրջ 19 դար անց տաղանդաշատ քանդակագործ Համլետ Մատինյանի ուղեղում հետաքրքիր միտք է ծնվում` պատրաստել և տեղադրել դուդուկի բարձրաքանդակը: Ոչ ստանդարտ, համարձակ մտահաղացում… Մատինյանը  ծնվել է 1953 թ. ապրիլի 12-ին` Վանաձոր քաղաքում։ 1977 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը: 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:  Նրա ստեղծագործությունները տեղադրված են Հայաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Արցախում… Մատինյանի աշխատանքների մեջ  իր առանձնահատուկ տեղն ունի «Դուդուկ» բարձրաքանդակը, որը նա տեղադրել է Վանաձորում: Բարձրաքանդակը նաև «նվագում է»… կես ժամը մեկ անգամ:

SamvelDarbinyan«Դալլաքյան Վիկտորն ինձ զանգահարեց,- հիշում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը,- ասաց, դուդուկը հայկական ամենահին գործիքներից մեկն է և ուզում ենք Վանաձորում դուդուկի հուշարձան կառուցել:  Քանդակագործը Համլետ Մատինյանն էր… և որոշեցինք Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրել դուդուկի արձանը, որն իրականացրեցինք 2008 թվականին: Ժողովուրդը այն շատ սիրով ընդունեց: Հավանաբար դա գալիս է նաև նրանից, որ աշխարհում չի գտնվի մի հայ, որ դուդուկի նկատմամբ հատուկ վերաբերմունք չունենա:  Մի հետաքրքիր պատմություն կա. Կոմիտասը, երբ Գերմանիայում բեմ է բարձրանում, բոլորը թերահավատորեն նայում են նրան, որը ծոցագրպանից հանում է դուդուկը ու սկսում նվագել… երբ ավարտում է, երկար ժամանակ քար լռություն է տիրում… հետո դահլիճը «պայթում» է ծափերի տարափից: Ափսոս, որ մենք մեր դուդուկի ամբողջ ուժը չգիտենք»:

GorBadyan«Յուրաքանչյուր հայի գենի մեջ կա դուդուկը և այն չի կարող այլ վերաբերմունք ծնել: Բարձրաքանդակը հնարավորություն է ընձեռում դուդուկի «ձայնն» ավելի լսելի դարձել աշխարհում,- ասում է  Վանաձորի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանն ու շարունակում,- այդպիսով Վանաձորը հայտնի կդառնա նաև նրանով,  որ այն աշխարհում միակ քաղաքն է, որտեղ կա դուդուկի արձան»:TigranPapanyan

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանն էլ ավելացնում է. «Երբ դուդուկի արձանի նախաձեռնությունը եղավ, բոլորս հավանություն տվեցինք և պատրաստեցինք
ավագանու որոշման նախագիծ… հետո ավագանու որոշումը միաձայն ընդունվեց:  Սկզբում մի քիչ տարօրինակ էր թվում, քանի որ պատմության մեջ այդպիսի նախադեպ չկար, որ երաժշտական գործիքի արձան տեղադրվի, բայց մենք դրա սկիզբը դրեցինք և հաջող ստացվեց»:

Դե ինչ Վանաձորը հայտնի է արվեստի գեղեցիկ և յուրօրինակ գործերով, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի դուդուկի արձանը:

Մուշեղ Թոքմաջյան 

Ճարտարապետ