Հայաստանի կրթական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: BUH.AM-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ ՀՀ կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ատենախոսությունում մեծ ծավալի գրագողության դեպքեր են հայտնաբերվել: Տրամադրված նյութերի հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով կայքի համակարգող խորհրդի նախագահ Ռաֆայել Վահանյանի որոշմամբ` խորհրդի կազմում ստեղծվել է հանձնախումբ:
Հիշեցնենք, որ «Պլագիատ» բառը (plagio) լատիներենից թարգմանաբար նշանակում է գողություն: Հռոմեական իրավունքում այն ներկայացվում է որպես (plagium litterarium) գրագողություն (սկզբնաղբյուրն` այստեղ):
Վերջին տարիներին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը մեծ ծավալի աշխատանք է իրականացնում գրագողությունը կանխելու ուղղությամբ: Միայն 2016թ. առաջին հինգ ամիսների ընթացքում մասնագիտական խորհուրդներ է վերադարձվել 30 ատենախոսություն, որոնց մեջ զգալի մաս են կազմում գրագողության կասկածով ետ ուղարկվածները (սկզբնաղբյուրն` այստեղ):
Գրագողությունը աշխարհում համարվում է ամենաամոթալի երևույթներից մեկը: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել նախկինում պաշտպանած ատենախոսություններում հայտնաբերված գրագողության պատճառով: Այսպես, վերջին 5 տարիների ընթացքում.
հրաժարական են տվել.
Հունգարիայի նախագահ Պալ Շմիտտը (սկզբնաղբյուրն` այստեղ),
Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր Գուտենբերգը (սկզբնաղբյուրն` այստեղ),
Գերմանիայի կրթության նախարար Անետա Շավանը (սկզբնաղբյուրն` այստեղ),
Ֆրանսիայի գլխավոր ռավին Ժիլ Բերնխեյմը (սկզբնաղբյուրն` այստեղ).
ՌԴ կրթության և գիտության նախարարի հրամանով պաշտոնանկ է արվել Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի ռեկտոր Լիդիա Ֆեդյակինան (սկզբնաղբյուրն` այստեղ).
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, պլագիատի մեղադրանքով չի հասցրել հրաժարական ներկայացնել միայն այն պատճառով, որ պաշտոնից “հասցրել” է հեռանալ Բուխարեստի ակումբներից մեկում բռնկված հրդեհի պատճառով (սկզբնաղբյուրն` այստեղ):
Ուսումնասիրվող նյութերի վերաբերյալ BUH.AM-ը առաջիկայում կներկայացնի մանրամասն տեղեկատվություն:
BUH.AM