18 Հոկտեմբերի 2019թ. 16:14

ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ԴԵՊՔ` ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Գրագողությունն աշխարհում համարվում է ամենաամոթալի երևույթներից մեկը: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել նախկինում պաշտպանած ատենախոսություններում հայտնաբերված գրագողության պատճառով (մանրամասները` այստեղ):

BUH.AM կայքի գործունեությունը համակարգող խորհրդի նախագահի որոշմամբ ստեղծված հանձնախումբն ուսումնասիրել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանի “Երկարակյաց շենքերի և կառույցների շինարարության հիմնախնդիրները” թեմայով դոկտորական ատենախոսությունը: Աշխատանքը գրված է ռուսերեն: Այն 2011թ. պաշտպանվել է թիվ 030 – “Շինարարություն” մասնագիտական խորհրդում: Արդյունքում Գագիկ Գալստյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում, միայն բառացի (տառացի), առանց հղումների փոխառության, հայտնաբերվել է գրագողության 41 դրվագ (պլագիատի ևս մեկ տասնյակից ավելի դրվագ չենք ներկայացնում, մեր կարծիքով, ոչ էական լինելու պատճառով), այդ թվում` ատենախոսության եզրակացություններում (մանրամասները` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41 ): Փոխառության համար հիմք հանդիսացող աշխատանքներից մեծ մասը ընդհանրապես ներառված չի եղել ատենախոսության մեջ բերված օգտագործված գրականության ցանկում, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ կատարվել է կանխամտածված գրագողություն:

Հանձնախմբի ներկայացրած եզրակացության հիմքերը ստուգելու նպատակով BUH.AM կայքի գործունեությունը համակարգող խորհրդի նախագահի կողմից ստեղծվել է երկրորդ հանձնախումբը, որը Հայաստանի ազգային գրադարանում արձանագրված գրագողության դրվագները համեմատել է Գագիկ Գալստյանի ատենախոսության բնագրի հետ և հաստատել, որ հայտնաբերվածը համապատասխանում է իրականությանը:

Այսպիսով, իրողություն է, որ Հայաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկի ռեկտորի դոկտորական ատենախոսությունը լեփ-լեցուն է արտագրություններով: Իսկ փաստը, ինչպես կասեր Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովը, աշխարհում ամենահամառ բանն է:

Հավանաբար կգտնվեն մարդիկ, ովքեր կուրծք ծեծելով կփորձեն ապացուցել, որ գրագողության դեպքերն ամենևին չեն նսեմացնում ատենախոսության արժեքը… Կլինեն նաև մարդիկ, ովքեր կասեն, որ մեր իրականության մեջ դա սովորական բան է… Սակայն դրանից որևէ բան չի փոխվի. աղտոտվել է գիտության էթիկետի սրբություն սրբոցը… Եվրոպական հավատարմագրում ունեցող Հայաստանում միակ բուհի ղեկավարն առնչվում է գրագողության ամոթալի փաստի հետ: Հարկ է նշել նաև, որ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կանոնադրությամբ, գիտությունների դոկտորի աստիճան ունենալը ռեկտոր ընտրվելու պարտադիր իրավական նորմերից է (մանրամասները` այստեղ):

Այսպիսով, ի՞նչ զարգացումներ կարող են լինել ստեղծված իրավիճակում.

  1. Հետևելով ՌԴ իր գործընկերոջ օրինակին (մանրամասները` այստեղ)` ՀՀ կրթության և գիտության նախարարը կարող է պաշտոնանկ անել ճարտարապետաշինարարականի ռեկտորին:
  2. Հետևելով բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների օրինակին (մանրամասները` այստեղ)` Գագիկ Գալստյանը կարող է ռեկտորի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնել:
  3. Գագիկ Գալստյանը` որպես ռեկտոր, կփորձի շարունակել պաշտոնավարել: Նա կփորձի իրեն պահել այնպես, կարծես ոչինչ տեղի չի էլ ունեցել` շարունակելով պրոֆեսիոնալ կադրերի ուղղորդված ջարդը, ինչը հետևողականորեն իրականացնում է համալսարան ոտք դնելու պահից:

Համալսարանի և հասարակության համար, իհարկե, նախընտրելի կլիներ, եթե Գագիկ Գալստյանն օր առաջ պաշտոնանկ արվեր: Սակայն ամենահավանականը, մեր կարծիքով, երրորդ տարբերակն է, որն, ինչ խոսք, նաև ամենաամոթալին է:

Հարկ է նշել, որ այն պահից, երբ Գագիկ Գալստյանը սկսեց ղեկավարել ճարտարապետաշինարարական համալսարանին կից գործող մասնագիտական թիվ 30 խորհուրդը, համալսարանի աշխատակիցներից ոչ ոք դոկտորական ատենախոսություն այլևս չի պաշտպանում: Իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատում են տասնյակ տաղանդավոր անձինք, ովքեր վաղուց արդեն արժանի են գիտությունների դոկտորի աստիճանի:

Զարմանալի է նաև, որ Գագիկ Գալստյանը մինչ այս պահը անկեղծորեն համոզված է եղել, որ իր ատենախոսությունն անթերի է:

Ամեն դեպքում, այս պահից սկսած, կյանքը Գագիկ Գալստյանի համար չի կարող լինել այնպես, ինչպես եղել է առաջ: Դոկտորական աստիճանի ոչ լիարժեքության բեռն այսուհետ լինելու է նրա հավերժական ուղեկիցը` համալսարանում պաշտոնավարման իր հեռանկարը դարձնելով ԱՆԿԱՅՈՒՆ ՈՒ ՄՇՈՒՇՈՏ:

Հիշեցնենք, որ 23.06.2016թ. BUH.AM-ը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ատենախոսությունում առկա են մեծ ծավալի գրագողության դեպքեր: Տրամադրված նյութերի հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով կայքի գործունեությունը համակարգող խորհրդի նախագահ, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի որոշմամբ` խորհրդի կազմում ստեղծվել էր երկու հանձնախումբ:

BUH.AM