ՌՈՒԲԵՆ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՆԿՅՈՒՆԸ

Բարի, համեստ, կենսուրախ… այսպիսին են հիշում հերոս Ռուբեն Իսկանդարյանին ընկերները և դասախոսները Հունիսի 23-ին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռուբեն Իսկանդարյանի ծննդյան օրն էր:

Հարազատ բուհի` Հայ-Ռուսական համալսարանի Լեոնիդ Ազգալդյանի անվան լսարանում այդ օրը բացվեց Ռուբեն Իսկանդարյանին նվիրված հիշատակի անկյունը:

Հերոսի հիշատակը հարգելու էին եկել հարազատները, ընկերները, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Վանիկ Մինասյանը և այլ հյուրեր: Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր բացման խոսքում նշեց. “Մեր պարտքն է ունենալ այս անկյունը համալսարանում: Մենք միշտ պետք է հիշենք և վառ պահենք Ռուբեն Իսկանդարյանի և բոլոր հերոս հայորդիների լուսավոր հիշատակը”: Համալսարանի ռեկտորի՝ ուսանողության հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանի խոսքով՝ այս վայրում ներկայիս և ապագա սերունդները մշտապես հիշելու և հպարտանալու են ազգի հերոսներով։ “Մենք պետք է մեր հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակն անմար պահենք… Թող երբևէ ապրիլյան դեպքերը չկրկնվեն, ու մեր զինվորների համար լինի խաղաղ ու բարի ծառայություն”, — ասաց նա:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց կարճամետրաժ տեսաֆիլմ, որտեղ հերոս Ռուբեն Իսկանդարյանի մասին պատմում են ընկերները և դասախոսները: “Ես միշտ կհիշեմ նրան որպես կենսուրախ, դրական ու պայծառ մարդ, ով միշտ մեզ ոգևորում էր”, — պատմում էր Ռուբենի համակուրսեցի Ջուլիետա Թումանյանը: “Ես հպարտ եմ, որ սովորել եմ նրա հետ մի կուրսում և կարծում եմ, որ այդ զգացմունքը ինձ հետ կկիսեն իմ բոլոր համակուրսեցիները և ընկերները, ովքեր ճանաչել են Ռուբենին”:

Սկզբնաղբյուրն` այստեղ