ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՊԼԱԳԻԱՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

BUH.AM-ը, ելնելով ճշմարտության փնտրտուքի մեջ այլակարծության դրսևորման կարևորությունից, ներկայացնում է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի տեսակետը ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում հայտնաբերված պլագիատի չորս տասնյակից ավելի դեպքերի վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը խոսելով կրթության ոլորտում վստահության մթնոլորտի մասին՝ անդրադարձել է նաեւ Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի «Երկարակյաց շենքերի եւ կառույցների շինարարության հիմնախնդիրները» թեմայով դոկտորական ատենախոսությանը, որի շուրջ վերջերս աղմուկ էր բարձրացել: «buh.am-ը գրել էր մեր լավագույն շինարարներից մեկի՝ Գագիկ Գալստյանի մասին: Նա Հայաստանի Հանրապետության ամենանվիրված մարդկանցից մեկն է, նրա դոկտորական դիսերտացիան զուտ հայկական է, հայ իրականության հետ կապված,  բայց, չգիտես ինչու,  կասկածի տակ  էին առել: Նշել էին , որ իբր 40 կետով արտագրություն կա: Իրականում այդ հսկա դիսերտացիայի մեջ նման մեկ կետ էլ չես կարող գտնել: Չի կարելի  մարդուն դնել այնպիսի վիճակի մեջ, որ ստիպված լինի պաշտպանվել, դա տրամաբանորեն վատ վիճակ է ստեղծում գիտության համար: Կոչ եմ անում նրանց, որոնք իրենց կոչում են մտավորականներ, անձնական խնդիրների համար գոնե այդ մակարդակի չիջնել: Երբ կասկածի տակ ենք դնում ամեն ինչ, կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք: Մեր դպրոցներում էլ, իհարկե, կան 1000 ու մի բացթողումներ, դա նույնն է, որ տանես 60000 ուսուցչի վրա պիտակ կպցնես: Սրանք ընդունելի  բաներ չեն եւ բերում են անհուսության, հասարակությանը մտցնում են նիհիլիզմի մեջ»,-ասել է ԿԳ նախարարը:

Սկզբնաղբյուրն` այստեղ

P.S. BUH.AM-ը հարգելով հանդերձ հարգարժան նախարարի կարծիքը, գտնում է, որ բերված գրագողության կոնկրետ 41 դեպքերը կամ պետք է հերքվեն առարկայորեն, կամ` ընդունվեն: Այլապես, “մեր լավագույն շինարարներից մեկը, Հայաստանի Հանրապետության ամենանվիրված մարդկանցից մեկը”` Գագիկ Գալստյանը չի կարող ձերբազատվել պլագիատի պիտակից: Բերված փաստերը տեղադրված են մեր կայքում և ազատ են ծանոթացման համար (մանրամասներն` այստեղ):

BUH.AM-ը սիրով կտպագրի ցանկացած հիմնավորված կարծիք այս խնդրի վերաբերյալ:

BUH.AM-ը, անհրաժեշտության դեպքում, կարող է կազմակերպել նաև մասնագիտական հրապարակային քննարկում:

Գագիկ Սարգսյան

BUH.AM կայքի գլխավոր խմբագիր