ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ. ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼՆ Է

Տնտեսագիտության վիճահարույց և բարդ հարցերից մեկը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, շարունակում է մնալ  արժեքային համակարգի և դրա առանձին տարրերի գնահատումը (արժևորումը): Ընդ որում, թեև ժամանակի ընթացքում ձևավորվել և գործում են գնահատման գործնականում կիրառվող տարբեր մեթոդներ,  ներկայումս կատարելագործվում են հարստության գնահատման ինչպես սկզբունքներն ու մոտեցումները, այնպես էլ ընդլայնվում են գնահատման ենթակա օբյեկտների ցանկը:

Փարիզի Էյֆելյան աշտարակը ճանաչվել է Եվրոպայի ամենաթանկ ճարտարապետական կառույցը, որի արժեքը գնահատվել է 434 մլրդ. €: Փորձագետների գնահատմամբ` Ֆրանսիայի խորհրդանիշ հանդիսացող աշտարակը մոտ 5 անգամ թանկ է երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հռոմի Կոլիզեյից (91 մլրդ €): Ուսումնասիրությունը, որին մասնակցել են նաև Իտալիայի առևտրային պալատի մասնագետները, պարզել է, որ Էյֆելյան աշտարակի գինը համարժեք է Ֆրանսիայի ՀՆԱ-ի 25%-ին: Բացի եվրոպական հուշարձաններից, մասնագետները որոշել են գնահատել նաև ԱՄՆ նախագահի նստավայրը` Սպիտակ տունը, որի արժեքն, ըստ ուսումնասիրության, կազմում է 81 միլիարդ €:

Հետաքրքիր է, որ նշված օբյեկտների գնահատման ժամանակ հաշվի են առել ոչ միայն դրանց կառուցման  համար անհրաժեշտ քարի կամ աղյուսի արժեքը, կամ էլ այն հողամասի արժեքը, որի վրա դրանք կառուցվել են,  և ոչ միայն դրանց շինարարության համար կատարված ծասխերը, այլ նաև  ավելի շատ գնահատվել է այդ կառույցների “կերպարը (իմիջը), ապրանքանիշը և հռչակվածությունը”:

Գնահատման ժամանակ կիրառված տասնյակ պարամետրերի շարքում եղել է նաև “տուրիստական ինդեքսը”, որն իր մեջ ներառում է, մասնավորապես, այդ կառույցներին այցելած տուրիստների (զբոսաշրջիկների) թիվը, ինչպես նաև այդ կառույցների շնորհիվ ստեղծված աշխատատեղերի թիվը: Էյֆելյան աշտարակը, օրինակ, ամեն տարի “գրավում” է 7-8 մլն տուրիստ, որը եվրոպական ռեկորդ է որևէ հուշարձանին փողով այցելած մարդկանց համար: Գնահատվել է նաև, թե երկիրը ինչքան կարող է կորցնել, եթե այդ կառույցը տվյալ երկիրը չունենար: Ֆրանսիայի դեպքում այդ մեծությունը կազմել է ՀՆԱ-ի մեկ քառորդը:

Քաղաքակրթության այդ “հրաշալիքները” ստեղծվել և կառուցվել են մարդկանց միջոցով, որոնք և կազմում են հասարակության մարդկային կապիտալը: Ավելին, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հատկապես զարգացած երկրներում ազգային հարստության զգալի մասը ձևավորում է հենց մարդկային կապիտալը: ԱՄՆ-ի ազգային հարստությունը գնահատվում է 280 տրիլիոն $, որից 237 տրիլիոն $ բաժին է հասնում մարդկային կապիտալին, իսկ բնական ռեսուրսները գնահատվում են 2,1 տրիլիոն $:

Մարդու զարգացման կրթական հայեցակետն, ի թիվս կրթությունը բովանդակող միջոցների շարքում` այն է իմացական գործունեության եղանակների արծարծում, գիտելիքների հաղորդում, կարողությունների ու հմտությունների մշակում, ներառում է նաև որակի գնահատումը: Կկարողանանք այս խնդիրը լուծել օբյեկտիվորեն, կունենանք զարգացման մեծ հնարավորություններ:

Աշոտ Մարկոսյան

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

BUH.AM կայքի գործունեությունը համակարգող խորհրդի անդամ