ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ   խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և  գիտության նախարարությունը կազմակերպում է երկամյա պարբերականությամբ՝ սկսած 2004 թվականից: Այս տարվա խորհրդաժողովին  մասնակցության հայտ են ներկայացրել  19 երկրներում գործող հայկական կրթական  կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ:
Խորհրդաժողովի մասնակցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը  ներկաների համար ընթերցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ջերմորեն ողջունում եմ Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Պարբերաբար հրավիրվող այս խորհրդաժողովները կարևոր խթան են սփյուռքում կրթական գործի կազմակերպման, կատարելագործման և զարգացման համար: Եթե նախկինում խոսում էինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մասին, ապա այսօր գործ ունենք համատեղ իրականցվող լուրջ ծրագրերի  հետ: Այս ծրագրերի թարմացումը, արդիականացումը պետք  է համահունչ լինեն նորագույն պահանջներին և մեր բարդ ժամանակաշրջանում արագ փոփոխվող մարտահրավերներին: Նոր ժամանակները բերում են ոչ միայն նոր խնդիրներ, այլև բացում են նոր տեխնիկական և կազմակերպական հնարավորություններ, որոնք պետք է լիարժեք օգտագործվեն համայն հայության առջև ծագած խնդիրների լուծման գործում: Ուսումնամեթոդական աջակցության, կրթական  չափորոշիչների, արտերկրում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն համակողմանիորեն և ստանան լուծումներ: Հայաստանի Հանրապետության աջակցությունը բոլոր դեպքերում պետք է լինի առավել առարկայական և նպատակային: Խորհրդաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ հանուն հայապահպանության շնորհակալ և նվիրական գործի»:

Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Խորհրդաժողովների կարևոր ձեռքբերումներից է նրանց կառուցողական բնույթը: Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` խորհրդաժողովի մասնակիցները ծանոթանում են ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքի տարբեր տարածաշրջաններում կրթության ոլորտում առկա իրավիճակին, ուրվագծում համագործակցության եզրերը և որոշակիացնում հետագա խնդիրներն ու անելիքները: Տարբեր երկրներից եկած պատվիրակներն աշխատում են նաև միևնույն թեմատիկ աշխատախմբերում` փոխանակելով իրենց համայնքային փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին և մանկավարժական ձեռքբերումներին: Խորհրդակցաբար մշակվել են մոտեցումներ, որոնք դրվել են հետագա միջոցառումների անցկացման հիմքում:

Այս տարի խորհրդաժողովը նպատակ ունի անդրադառնալ ուսումնական ավանդական խնդիրներին, ինչպիսիք են՝ դասագրքերի բովանդակությունը, դրանց բազմազանությունը, ուսուցչական կադրերի որակը, ուսումնամեթոդական աջակցությունը Հայաստանի կողմից: Առաջին անգամ խորհրդաժողովում քննարկվելու են արտասահմանյան համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված խնդիրները:
Խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 5-ին՝ Աղվերանում:
Սկզբնաղբյուրն` այստեղ