ԱՐԴՎԻ` ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՆ ՕՐՐԱՆԸ

Արդվիի սուրբ Հովհաննես վանքը (Սրբանեսի վանք) գտնվում է Լոռու մարզի Արդվի գյուղում: Վանական ողջ համալիրը բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ փոքրիկ եկեղեցիներից, զանգակատնից:

Հյուսիսային եկեղեցու բեմի առաջ կաթողիկոս սուրբ Հովհաննես Օձնեցու դամբարանն է: Նա հայոց 34-րդ կաթողիկոսն է և գահակալել է 717-728 թվականներին:

Արդվի անվան երեք բացատրություն կա. Ժողովրդական ավանդույթը պատմում է, որ երբ 450 թվականին Վարդան Մամիկոնյանը արշավում էր Աղվանք՝ պարսիկների դեմ, անցնում է այս վայրերով: Հայոց զորքի առաջապահ հատվածը Վարդան զորավարի որդու գլխավորությամբ այստեղ հանդիպում է պարսկական մեծաթիվ բանակի: Հայերը մեծ հաղթանակ են տոնում: Վարդան զորավարի որդին հրամայում է գլխատել գերված 1000 պարսիկներին: Երբ հայրը հիմնական ուժերով մոտենում է՝ որդին զեկուցում է կատարվածի մասին: Սպարապետը սակայն, չի հավատում որդուն: Այդժամ զորավարի որդին հրամայում է բերել գլխատված պարսիկների գլուխներն ու նետելով հոր ոտքերի տակ՝ ասում է՝ Առ թվի…

Երկրորդ վարկածի համաձայն, գյուղի բնակիչներն այստեղ վերաբնակեցվել են Արդվին քաղաքից, ինչը հաստատող ոչ մի գիտական փաստարկ չկա:

Հավանաբար Արդվի բառն առաջացել է Արդինիից, ինչը նշանակում է սրբավայր:

Հաշվի առնելով, որ տեղում շատ ավանդույթներ կան Վիշապի հետ կապված, կարելի է ենթադրել, որ Արդվիի եկեղեցու տեղում առաջ կանգնած է եղել հայոց  ռազմաստված Վահագն Վիշապաքաղի տաճարը:

Արդվիի վանքը կառուցել է հայոց կաթողիկոս սուրբ Հովհաննես Օձնեցին՝ 8-րդ դարում:

13-րդ դարում եկեղեցու արևմտյան ճակատին կամարակապ սրահ են կառուցել, իսկ 17-րդ դարում կանգնեցվել է զանգակատունը: Զանգակատան ստորին հարկաշարքը խորանարդաձև է, այն պսակված է վեցասյուն ռոտոնդայով։

Համալիրից արևմուտք միջնադարյան գերեզմանատունն է, իսկ հարավային կողմում նոր գերեզմանատունն է, ուր ամփոփված են Արդվիի տերերը հանդիսացած Քալանթարյան իշխանական տան անդամների աճյունները:

19-րդ դարում Արդվիի վանքը վերանորոգել է Ստեփանոս Տարինյանը, իսկ 1902 թվականին՝ Մելիքսեթ Քալանթարյանը:

Արդվիում մի քանի հետաքրքիր ավանդույթներ են պահպանվել Հովհաննես Օձնեցու անվան հետ կապված: Համաձայն նրանցից մեկի՝ պատարագի ժամանակ երկու վիշապներ սողալով մոտենում են գյուղին: Օձնեցին խաչակնքում է ՝ հեռվից և վիշապները գամվում են տեղում: Պատարագի ավարտից հետո կաթողիկոսը մոտենում է, գավազանով հարվածում վիշապներին՝ նրանք քարանում են…

Մեկ այլ ավանդույթ պատմում է, որ գյուղի մոտ կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր Հովհան Օձնեցին։ Լեռան լանջին հայտնվում է զարհուրելի վիշապը և նրա արձակած ձայներից շրջակայքը պապանձվում է։ Մի կին կովկիթն ուսին  իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է։ Սուրբը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել։ Աշակերտը չի վերադառնում և հայտնվում է վիշապի երախում։ Հաջորդ աշակերտին է ուղարկում, նա էլ չի վերադառնում։ Այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում։ Դպրոցից դուրս է գալիս Սուրբը փնտրելու իր աշակերտներին։ Տեսնում է ահռելի վիշապին, որը պատրաստվում էր ընդունել հաջորդ զոհին։ Կաթողիկոսը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»։ Օձնեցու ասածը իսկույն կատարվում է։

Արդվիի եկեղեցում է նկարահանվել Սերգեյ Փարաջանովի “Նռան գույնը” ֆիլմի շատ հատվածներ:

Վահե Լոռենց

Աղբյուրը` այստեղ