ՊԱՐՈՂ ՎԱՐԴԱԹԵՐԹԵՐ

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր տեղի կունենա հանդիպում բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանի հետ:
«Ծիր կաթին» գիտամշակութային միավորման նախագահ Արևշատ Ավագյանի առաջարկով հանդիպումը կուղեկցվի հեղինակի ստեղծագործական գործունեության մեկ այլ դրսևորմամբ՝ «Պարող վարդաթերթեր» խորագիրը կրող դեկորատիվ սկահակների և շշերի ցուցադրությունով: Բանաստեղծուհին շուրջ 15 տարի զբաղվում է կերամիկական սկահակների և շշերի դեկորատիվ ձևավորմամբ: Մասնակցել է մի շարք փառատոների («Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Ստեղծագործող կանայք»), անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ-Պետերբուրգում և Դոնի Ռոստովում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Պարսկաստանում և Իտալիայում: «Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասյան ժողորվրդական ստեղծագործության» մրցույթի դափնեկիր է:
Սուսաննա Հովհաննիսյանը ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 25 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով միջնակարգ և ուսուցիչների կատարելագործման դպրոցներում, Հայաստանի գրողների միության անդամ է, 8 գրքի հեղինակ, թղթակցում է Դոնի Ռոստովում հրատարակվող «Դոնի Նախիջևան», «Նոր դար» թերթերին և «Մոլոդ» ամսագրին:
Աղբյուրը` այստեղ