ՀՀ բուհերում փորձուսուցում անցած Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներին ընդունել է Արթուր Թովմասյանը

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԼՂՀ Ազգային ժողովի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողների, ովքեր հոկտեմբերի 5-ից՝ 10-օրյա ժամկետով փորձուսուցում են անցել ՀՀ տարբեր առաջատար բուհերում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ա. Թովմասյանը հետաքրքրվել է ուսանողներից փորձուսուցումից ստացած տպավորությունների ու գիտելիքների մասին և նշել, որ մասնագիտական որակների ձեռքբերման համար կարևոր են պրակտիկ գիտելիքները:

«Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի այնտեղ սովորող ուսանողները ստանան համապատասխան գիտելիքներ և պրակտիկ ու որակյալ մասնագետներ դառնան»,- ասել է Ա.  Թովմասյանը և հավելել, որ այդ առումով բուհի կողմից շարունակվելու է նոր ծրագրերի կիրառումը:

Ստացած գիտելիքների վերաբերյալ կիսվել են նաև հանդիպման մասնակից ուսանողները: Նրանց խոսքով, այն ոչ միայն նոր պրակտիկ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն է եղել, այլև նոր լիցք է տվել՝ ուսման հանդեպ հետաքրքրության մեծացման և մասնագիտական նոր կարողությունների յուրացման համար:

Հանդիպման ավարտին՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Թովմասյանը կարևորել է նման միջոցառումները և նշել, որ դրանք պարբերական բնույթ են կրելու: «Շաբաթական մեկ անգամ դասախոսություն եմ կարդում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, և իմ մասնագիտական գիտելիքներն եմ փոխանցում նոր սերնդին,-ասել է Ա. Թովմասյանը և ավելացրել,- եթե մենք յուրաքանչյուր մասնագիտության գծով տարվա կտրվածքով թողարկենք մի քանի որակյալ մասնագետ՝ դրանով կհամալրենք Արցախի տնտեսության բոլոր ոլորտները»:

Բուհի «Օգտակար հանածոների հետախուզում և մշակում» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Փայլակ Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ այցի ընթացքում եղել են Երևանի տարբեր առաջատար բուհերի լաբորատորիաներում և ծանոթացել արդի ուսման տեղի մեթոդներին:

«Ստացել ենք նաև առաջադրանքներ՝ համատեղ նախագծերի շրջանակում աշխատելու համար»,- ասել է ուսանողը:

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուդոլֆ Իսրայելյանն էլ իր հերթին նշել է, որ սերտ կապեր են ստեղծում տարբեր պետությունների առաջատար համալսարանանների հետ: «Մեր ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների, հրատարակվում են նոր տեխնոլոգիաների տեղեկագրեր՝ տարբեր լեզուներով: Համալսարանում պարբերաբար դասախոսում են նաև արտերկրից հրավիրված մասնագետներ, և նման նախաձեռնություններով մեր համալսարանն առաջիկա տարիներին լինելու է տարածաշրջանում առաջատար բուհերից մեկը»,- ասել է Ռ. Իսրայելյանը:

 

Սկզբնաղբյուրը այստեղ: