ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕՐԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, այսօր տեղի է ունեցել «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ճանաչված գիտնականներ: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհավորել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բոլոր աշխատակիցներին, գիտնականներին ու մասնագետներին՝ ինստիտուտի հիմնադրման 60-ամյա հոբելյանի առթիվ:

«1992 թվականից՝ արդեն որպես անկախ պետություն, Հայաստանի Հանրապետությունը դարձել է Միացյալ ինստիտուտի անդամ-պետություն: Այս ոչ կարճ ժամանակահատվածում Հայաստանի գիտական կենտրոնների, առաջին հերթին՝ Երևանի պետական համալսարանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ ձևավորվել են հաստատուն կապեր: Հայաստանի մասնագետները մասնակցել և այսօր էլ մասնակցում են ՄՀՄԻ կողմից իրականացվող բազմաթիվ խոշոր նախագծերի. 12 հայ գիտնական և մասնագետ ընդգրկված են ինստիտուտի ծրագրերում: Միացյալ ինստիտուտի հետ համատեղ աշխատանքներում հայ գիտնականների և ինժեներների մասնակցությունն ունի մի շարք դրական կողմեր: Առաջին հերթին դա հնարավորություն է  մեր երկրի համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել այն հիմնարար և կիրառական հետազոտությունները, որոնք տարբեր պատճառներով հնարավոր չէ կատարել երկրի ներսում: Երկրորդ՝ Միացյալ ինստիտուտի միջոցով հայ ֆիզիկոսները և ինժեներները զարգացրել են գիտատեխնիկական համագործակցություն համաշխարհային այնպիսի առաջատար ատոմային կենտրոնների հետ, ինչպիսիք են՝ CERN, DESY և այլն: ՄՀՄԻ հետ գիտական համագործակցությունը լայն հնարավորություններ է տալիս ուղիղ կապեր հաստատել ինչպես ԱՊՀ մասնակից-պետությունների, այնպես էլ՝  արտասահմանյան երկրների հետ: ՄՀՄԻ-ն մեծ դեր է ունեցել և ունի տեսական ֆիզիկայի, բարձր էներգիաների ֆիզիկայի և ատոմային միջուկի ֆիզիկայի բնագավառում Հայաստանի գիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում: Այսօր մենք  հետաքրքրված ենք ինստիտուտում իրականացվող կրթական ծրագրերում մեր ուսանողների և ասպիրանտների առավել ակտիվ մասնակցությամբ: Այսպիսով,  Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է Հայաստանում միջուկային տեխնոլոգիաների զարգացման, միջազգային հետազոտություններում հայ գիտնականների ինտեգրման և այդ բնագավառում կադրերի պատրաստման համար: Այդ համագործակցությունը նպաստում է ձեռնարկություններում նոր բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, համաշխարհային շուկայում դրանց դերի բարձրացմանը:Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ձեր ինստիտուտի գործունեության մեջ արդյունավետ մասնակցությանը և հետագա զարգացմանը»,-նշել է նախարարը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով հետագա արդյունավետ համագործակցություն:
Համաշխարհային գիտության զարգացման, Հայաստանի և Ռուսաստանի գիտական կապերի ամրապնդման, միջազգային գիտական տարածք Հայաստանի գիտության ինտեգրման, Հայաստանում բարձրագույն որակավորմամբ մասնագիտական կադրերի պատրաստման բնագավառներում ներդրած ավանդի համար և Դուբնայի Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի 60-ամյակի կապակցությամբ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի փոխտնօրեններ Միխայիլ Իտկիսը և Ռիխարդ Լեդնիցկին պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Աղբյուրը`այստեղ