ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՐՏԱԳՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՎԻՐՈՒՄ ԵՆ

Բարձրագույն որակավորման հանձնաժողովը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բարեփոխումների լուրջ գործընթաց է սկսել: Հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների և բուհերի մասնագետների կարծիքները` ԲՈՀ-ը վերանայել է աստիճանաշնորհման անվանացանկը` այն համապատասխանեցնելով հայաստանյան ներկայիս գիտական ներուժին: «Հայաստանում կան մասնագիտություններ , որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ»,-նշեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:

Բարեփոխումների գործընթացը միտված է ՀՀ կառավարության 2016-2017 թթ. միջոցառումների ծրագրի իրականացմանը, որն է «Գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում, եվրոպական երկրների հետ համադրելի համակարգի ստեղծում»:

Ավարտին է մոտենում նաև մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը: Նոր անվանացանկի հիմքով ստեղծվել են նոր մասնագիտական խորհուրդներ, նոր չափանիշներով. մասնավորապես յուրաքանչյուր գիտնական կարող է լինել միայն մեկ խորհրդում և մեկ մասնագիտությամբ:

Հայաստանում պետք է աղբը թափել և դառնալ նորմալ երկիր նաև գիտության ասպարեզում: Աղբը շատ է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Tert.am-ի լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված, որ պաշտոնյաները գիտական աստիճաններ են ստանում գաղտնի, և հասարակությունն այդ մասին տեղեկանում է պատահական, արդյոք սա կասկածի տեղիք չի տալիս, Լիլիթ Արզումանյանն ասաց. «Ռուբեն Հովսեփյանը վերջերս մի գրառում էր արել՝ ես էլ եմ հիվանդ, երկիրս էլ: Բոլորս էլ գիտենք, որ այդպես է, հիվանդ երկրում բոլորս ենք հիվանդ, մենք պետք է պայքարենք, որ բոլորս առողջանանք, սկսենք աղբը թափել աղբամանում և հույս կլինի, որ մենք կունենանք նորմալ երկիր: Պաշտոնյաներն իրենց գիտական աշխատանքներն արտագրում կամ պատվիրում են, սակայն մեղադրում եմ նաև գիտնականներին, որ իրենք խելքը վաճառում են: Ցավոք սրտի, մեր ամենակարող  պաշտոնյաները գրել են տալիս, և այդ գրողները երևի վախից լավ են գրում: Բայց ես այն կարծիքին եմ, որ նորմալ գիտնականը խելքը չի ծախի անկապ մարդու, իսկ հասարակությունը նմաններին չպետք է ընդունի»:

«Ինչո՞ւ են պաշտոնյաները պաշտպանում. դա հիվանդ հասարակության արդյունք է, կա հիվանդ հասարակություն՝ ամեն ինչ ունենալու մոլուցքով: Գիտությամբ զբաղվողը կարող է միայն գիտական աստիճանի վկայական ունենալ, այլ տարբերակն արդեն նորմալ չէ, ես հավատում եմ, որ սա անցումային շրջան է»,- ասել է Լիլիթ Արզումանյանը։