23 Սեպտեմբերի 2019թ. 14:57

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ

 

Սինգապուրում, Մալազիայում և Ինդոնեզիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ, միջազգայնագետ, 8 տարուց ավելի Սինգապուրում բնակվող Վահագն Վարդանյանի հետ 188 Ժամի աշխատակից Գայանե Խաչատրյանը զրուցել է Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների մասին (աղբյուրն` այստեղ

– Հայաստանի տնտեսության աճը գրեթե զրոյական է, ներդրումները խիստ կրճատվել են, միայն արտագաղթն է, որ շարունակվում է կայուն տեմպերով։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է կառավարության ծրագիրը նպաստելու այս խնդիրների հաղթահարմանը և մեր երկրի զարգացմանը։

– Իհարկե, ցանկացած ծրագիր լավ դրդապատճառներ ունի, լավ նկատառումներով է կազմվում։ Ես այստեղ ուզում եմ շեշտը դնել մի շատ կարևոր նպատակի վրա, որը մեր բնակչության ժողովրդագրական փոփոխությունն է ենթադրում։ Կարծում եմ, որ մեր բոլոր խնդիրները բնակչության թվաքանակի հետ են կապված։ Կուզենայի, որպեսզի այս հարցի վրա անընդհատ շեշտ դրվեր, որպեսզի բոլոր տեսակի միջոցառումները երկրում հաշվի առնեին և ուղղված լինեին Հայաստանի բնակչության կրկնապատկմանը, պայմանականորեն՝ 5 մլն բնակչություն՝ 2030 թ.-ին։

Այսինքն՝ սա ենթադրում է տարեկան 4.5-5% աճ, որը բնական ձևով, ՀՀ-ում ներկայիս ծնելիության պայմաններում գրեթե անհնարին է։ Բայց մենք շատ լուրջ պաշար ունենք՝ այս բառի դրական իմաստով, և համաշխարհային առումով մոտ 2 անգամ գերազանցում ենք այդ ցուցանիշը։ Մենք համաշխարհային ազգ ենք։

Դա չի նշանակում, որ մենք թվաքանակով այդպիսին պետք է լինենք, այսինքն՝ լինենք 100-200 մլն, բայց թեկուզ 10-11 մլն թվաքանակով մեզանից համաշխարհային ազգ ենք ներկայացնում։ Դրա կեսի ներգրավված լինելը Հայաստանում ես անիրատեսական չեմ համարում։ Որոշակի ժամանակահատվածում կարելի է հասնել դրան։ Դա չի նշանակում, որ մարդիկ միանգամից մշտապես պետք է տեղափոխվեն Հայաստան, դա աստիճանական գործընթաց է, և մենք էլ ավելի պատրաստ կինենք դա ճիշտ կարգավորելու համար։

Սա կամրապնդի նաև երկրի պաշտպանունակությունը, եթե բոլոր մարզերում բնակչությունը քիչ թե շատ համաչափ բաշխված լինի։ Ցանկացած ոլորտում որևէ փոփոխություն պետք է դիտել՝ որպես ընդհանուր համալիր փոփոխության մաս, քանի որ մեկը մյուսի վրա ազդում է և մեկն առանց մյուսի կարող է կիրառելի չլինել։ Ես հույս ունեմ, որ ծրագրվող փոփոխություններն այդ տիպի համալիր ինտեգրված մոտեցման միտումով են կամ փիլիսոփայությամբ են իրականացվում։ Համենայն դեպս, ես կուզենայի բարձրացնել դրա կարևորության հարցը, որ չի լինի աչք փակել կամ ասել, թե այս մի ոլորտը թող այսպես զարգանա, հետագայում կերևա։

Այդպես չի կարող լինել, մեկը մյուսի վրա ազդում է։ Եվ ամենակարևոր խնդիրը մեր սփյուռքի ներգրավումն է։ «Սփյուռք» ասվածը մեզ մոտ մի քիչ ապակողմնորոշող ձևով է օգտագործվում, քանի որ շատերն այն ընկալում են՝ որպես երկրորդ, երրորդ սերնդում արտասահմանում ծնված, մեծացած մարդիկ։ Պետք է չշփոթել սփյուռքը ծագումով հայերից։ Կան շատ մարդիկ, որոնք ծագումով հայ են, բայց իրենք Հայաստանի հետ կապված չեն, հայկականության հետ որևէ կապ չունեն։ Պետք է կարողանանք հասնել նրան, որ արտասահմանում ապրող բոլոր հայերին դարձնենք սփյուռքահայ։ Իսկ սփյուռքահայ նշանակում է՝ ապահովել նրանց վերադարձը ցանկացած ձևով, որ ֆիզիկապես գան-գնան։

– Բայց այսօր Հայաստանից շատերը մեկնում են՝ աշխատանք չունենալու պատճառով, կամ իրենց երեխային լավ ապագայի հնարավորություն տալու ակնկալիքով, և կարծես փակօղակ է՝ հայերը հեռանում են երկրից, այստեղ բնակչության թվի նվազման հետ մեկտեղ՝ սպառումն ու ներդրումներն են պակասում, զարգացում չկա, ու ավելի շատ մարդ է հեռանում հայրենիքից։

 – Սա շատ մեծ խնդիր է Հայաստանի համար, բայց թեկուզ մի փոքր հույս եթե մարդիկ ունենում են, նրանց մի մասն արդեն կսկսի վերանայել իր որոշումը։ Այսպիսի մի շատ ցավալի երևույթ կա արտասահմանում. չեմ ասի, թե դրսում հայերի շատ մեծ մասը, բայց մի որոշ մասը փորձում է արդարացնել իր հեռանալն ու կարող է անգամ Հայաստանի մասին վատ արտահայտվել, եթե կան որոշ հաջողություններ, նվաճումներ, փորձում է չտեսնել։ Երևի չի կարելի մեղադրել նրանց, բայց այդ քայլով նրանք փորձում են տարանջատվել, քանի որ որոշում են կայացրել երկրից դուրս գալու։

Պետք չէ ինչ-որ թշնամական բան ման գալ դրանում, բայց եթե բոլոր այդ մարդկանց ինչ-որ հույս տրվի, իսկ թիվ մեկ հույսը տնտեսականն է, իրադրությունը կփոխվի։ Եթե արտասահմանում, օրինակ՝ Լոս Անջելեսում, մի քանի հայ հավաքվում են, զրուցում են, թեկուզ վատ են արտահայտվում, բայց հենց այն, որ նստել հայերով իրար հետ խոսում են, սա վերադարձի տարր է։ Այսինքն՝ իրենք իրենց միջավայրն են փնտրում և, եթե տեսնեն, որ հետագան կարող է լավ լինել, կվերադառնան։ Իսկ մեր դեպքում հետագայի լավ լինելը ոչ այնքան օգնելն է, որքան չխանգարելը։ Շատերը կհամաձայնեն, որ մենք նախաձեռնող, ձեռնարկատիրական զարգացած մտքով շատ մարդիկ ունենք երկրում և ընդհանրապես hայ ժողովրդի մեջ։ Եվ սա մեծ ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման գործում։ Հարկավոր է միայն բարենպաստ միջավայր։

Եթե դիտարկենք Սինգապուրի հաջողության գործոնները, ապա այնտեղ հարկային ամբողջ համակարգը շատ մեղմ է։ Իհարկե, կիրառվում են որոշակի հարկեր, բայց դրանց դրույքաչափերը շատ ցածր են։ Օրինակ, սինգապուրյան 1 մլն դոլար (մոտ 700 հազար ԱՄՆ դոլար) տարեկան հասույթի դեպքում ԱԱՀ չի կիրառվում, և բիզնեսն ընդհանրապես չի էլ գրանցվում՝ որպես հարկային գործակալ։ Կարելի է չհամաձայնել, թե ինչպե՞ս կարելի է հարկային դրույքները միանգամից նվազեցնել։ Բայց կա 2 տարբերակ՝ զգալիորեն մեղմացնել հարկային բեռը, որը շատ ցավոտ կլինի սկզբում, բայց հետագայում ավելի մեծ աճ կարելի է ակնկալել, կամ շարունակել գործող դրույքներով, որոնք թույլ չեն տա երկարաժամկետ կայուն աճ ապահովել։

– Հայաստանի կառավարությունն արտաքին ներդրողներին մեր երկիրը ներկայացնում է՝ որպես հարթակ, որտեղից կարելի է մուտք գործել ԵՏՄ-ի բազմամիլիոնանոց շուկա։ Ձեր կարծիքով՝ արդյոք սա գործո՞ւն տարբերակ է իրականում, և արդյոք դրական արդյունքներ կարելի՞ է ապահովել այս ձևով։

– Իհարկե, ես շատ կողմ եմ, որպեսզի նմանատիպ ամբիցիոզ նպատակ սահմանվի, քանի որ մենք ուղղակի տարբերակ չունենք, մենք ստիպված պետք է զարգանանք, եթե ուզում ենք պահպանվել։ Այստեղ նաև պատասխանատվության հարց է, քանի որ դարերի ընթացքում չենք ունեցել պետություն, բայց պահպանվել ենք, մեր ինքնությունն ենք պահպանել այն պայմաններում, որոնց դեպքում շատ ավելի հեշտ կլիներ հակառակը՝ ոչնչանալ, բնաջնջվել։ Եվ մի քիչ կոպիտ կհնչի, բայց մենք ո՞վ ենք, որ մեզ թույլ տանք դա կորցնել, եթե մարդիկ դարերի ընթացքում կարողացել են դա պահպանել։

Եվ մի պարադոքս էլ կա, որ շատերը խոսում են գլոբալիզացիայի մասին, ու թեև գլոբալիզացիան շատ սահմաններ ջնջում է, բայց այսօր շատ ընդգծված միտում կա աշխարհում, որ ամեն մի երկիր, ամեն ազգ փորձում է իր ընդգծված դեմքով ներկայանալ աշխարհին, այսինքն՝ տվյալ երկրի ինքնությունը պահպանելն ու ամրապնդելը գերխնդիր է դառնում։ Եթե վերցնենք քաղաքների մակարդակով, աշխարհում կա 2 մլն 700 հազար փոքր քաղաք, մոտ 3000 խոշոր քաղաք և 450 մեգապոլիս։

Մեր քաղաքը՝ Երևանը, որն ամնահայաշատ քաղաքն է աշխարհում, և ես հուսով եմ, որ միշտ այդպես կլինի, քանի որ կան մեզանից ոչ շատ հետ մնացող Մոսկվան ու Լոս Անջելեսը, բայց Երևանի մասին շատ քիչ է հայտնի աշխարհում։ Եթե հայերի կամ ինչ-որ տեղ Հայաստանի մասին շատերն են խոսում, եթե հայկական բրենդի զարգացման հարց է դրված, Երևանի հարցով ևս պետք է հավասարաչափ զբաղվել։ Երևանի հայտնիությունը շատ ցածր մակարդակի վրա է աշխարհում։

Գլոբալ քաղաքների հետազոտության մեջ, որում 307 քաղաքներ բաժանված են կատեգորիաների՝ ըստ իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կապվածության աշխարհի կամ այլ քաղաքի հետ, Երևանը որևէ մեկի մեջ չի մտնում։ Սա ցավալի է, քանի որ աշխարհում շուրջ 200 մայրաքաղաք կա, իսկ այդ խմբավորումների մեջ կան նույն երկրի տարբեր քաղաքներ, օրինակ՝ Նյու Յորք, Լոս Անջելես և Չիկագո, կամ Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, սակայն միջինում կան շատ երկրներ, որոնց որևէ քաղաք ներգրավված չէ այդ ուսումնասիրության մեջ։ Ցավալի է, որ Երևանը, լինելով հին քաղաք, ունենալով շատ հարուստ պատմություն, գտնվելով շատ հայտնի ու ակտիվ տարածաշրջանում, լինելով համեմատաբար խոշոր քաղաք, հայտնի չէ և ներգրավված չէ նման վարկանիշային ցուցակում։ Եվ ես կարծում եմ՝ շատ կարևոր է Երևան քաղաքի առաջմղումը՝ որպես ամենահայաշատ, ամենահայկական քաղաք աշխարհում։

– Այս տարի ՀՀ կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի արագ և տեսանելի արդյունքներ, զարգացում գրանցենք։

– Առաջին հերթին՝ ես պատկերացնում եմ, որ մենք պետք է սովորենք սփյուռքը ներգրավելու այլ ազգերի արդյունավետ փորձից։ Ե՛վ իմ անձնական փորձը, և՛ շատերի փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ սփյուռքահայեր կուզենան որոշակի նպաստավոր դեր ունենալ Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքում։ Ի վերջո, մենք պետք է կարողանանք Հայաստանը հասցնել մի մակարդակի, որ մեզանից կախվածություն լինի, որ այլ երկրների շահը մեր շահի հետ համընկնի, որ մեր հարևանների շահը մեր շահի հետ համընկնի, որ մենք ազդեցություն ունենանք թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում։ Օրինակ՝ Սինգապուրի ազդեցությունը տարածաշրջանում շատ մեծ է, և անգամ տարածաշրջանից դուրս այն կարևոր տեղ է զբաղեցնում։

Որևէ հրաշք, իհարկե, կարճաժամկետում չի լինի, բայց հետևողական քայլերը 2-3 տարում անգամ կտան իրենց պտուղները։ Սփյուռքի ներգրավումը պետք է լինի ապաքաղաքականացված։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Քանի որ ներգրավման հիմնական շարժառիթը տնտեսականն է, ներգրավելու հիմնական լծակները պետք է լինեն ապաքաղաքականացված։ Այդ դեպքում սփյուռքահայերը հավասար ռիսկային պայմաններում կուզենան ներդրում կատարել Հայաստանի տնտեսությունում։ Մենք ներդրումները 3 մակարդակով կարող ենք դիտարկել։

Բոլորին պարզ է, որ ներդրումներն են այն բացը, որ կարող է իրավիճակը լավացնել։ Մենք ներքին ռեսուրս ունենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ զգալի չափով դուրս է գնում։ Լուրջ ռեսուրս կա սփյուռքում և կա շատ մեծ ռեսուրս սփյուռքից դուրս ամբողջ աշխարհում։ Փորձել ջանք գործադրել, որ ամբողջ աշխարհից այստեղ ներդրումներ գան, իմ խորին համոզմամբ, հնարավոր չէ։ Քանի դեռ սփյուռքն ակտիվ չէ Հայաստանում, դրսից ներդրումներ այստեղ չեն անի։ Եվ քանի դեռ Հայաստանի ներսում ներդրողներն ակտիվ չեն, սփյուռքը խոշոր ներդրումներ չի անի։

Մենք մեր իրավիճակը լավ ենք պատկերացնում, և, եթե մեզ համար պայմանները բարենպաստ են, ու ներդրումներ ենք անում, դա ձնագնդի էֆեկտ է ունենում։ Սփյուռքահայերն էլ կամաց-կամաց կսկսեն գալ, հետաքրքրվել, գալ-գնալ, ոչինչ, մյուս այցն ավելի արդյունավետ կլինի։ Երրորդ, չորրորդ այցի ժամանակ կարող է ընտանիքը բերել, այստեղ բնակարան գնել, այսինքն՝ վերադարձ կլինի անընդհատ, և այս աշխուժացումն իր հերթին՝ կաշխուժացնի մյուսներին։ Գումարները ձգտում են ավելի բարձր եկամտի՝ ռիսկայնության հավասար պայմանների դեպքում։ Եվ երբ ոչ սփյուռքահայերը տեսնեն, որ այստեղ ակտիվություն է, իրենք էլ կգան, ներդրումներ կանեն։ Կարծում եմ՝ մինչև մեր կողմից չլինի ներդրումների նկատմամբ ցանկություն, արդյունք չի լինի։ Իսկ դա զուտ տնտեսական մոտիվացիայի արդյունք է, չես կարող ստիպել, պարտադրել, որպեսզի ներդրում անեն։

– Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, դաշտը բաց է ու թափանցիկ։ Կարո՞ղ ենք սա սկիզբ համարել։

 – Իհարկե, այսպիսի պայմանների դեպքում կարելի է համարել սկիզբ, որովհետև մենք շատ փոքր տնտեսություն ենք։ Երկրորդ, երրորդ գործող ըներությունը ցանկացած ոլորտում խնդիր է առաջացնում առաջին ընկերության համար, քանի որ շահույթը ֆիքսված մի մեծություն է, բայց նախ՝ բնակչության թվաքանակի հաստատուն աճն այդ խնդիրը կմեղմի, երրորդ՝ սա կնպաստի թե՛ առաջին ընկերության, թե՛ նոր մրցակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այսինքն՝ ստիպված ավելի քիչ ծախսերով ավելի լավ պետք է աշխատեն, որպեսզի կարողանան եկամտաբերությունը որոշակի մակարդակի վրա պահել։ Իհարկե, սա շատ մեծ դեր կունենա և սա շատ լուրջ հայտարարություն է՝ զարգացման առումով։ Ես հույս ունեմ, որ ընթացքն անխափան կլինի։