23 Սեպտեմբերի 2019թ. 15:45

ՄԱՀԱՑԵԼ Է ՆՎԵՐ ՄԵԼԻՔՅԱՆԸ

Նվեր Լիպարիտի Մելիքյան ծնվել է 1942 թ. հուլիսի 27-ին ՀՀ Մարտունու շրջանի Գեղահովիտ գյուղում ծառայողի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1960 թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ: 1965թ. գերազանցիկության դիպլոմով ավարտել է նշված ինստիտուտի Հիդրոմելիորացիա ֆակուլտետը` ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում և գործուղվել Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ աշխատել է սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, ապա ավագ ինժեներ, ավագ գիտաշխատող, իսկ 1985 թ. –ից` գիտական բաժանմունքի վարիչ: 1971 թ. Թբիլիսիյում պաշտպանել է թեկնածուական, իսկ 2006թ. Երևանում` դոկտորական ատենախոսություն:

2001-2008 թթ. դասավանդել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնում: 2008 – 2009 աշխատել է “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտորի օգնական, ֆակուլտետի դեկան: 2010 –2012 թթ. Եղել է — “Էկոլոգիայի, իրավունքի և բնապահպանության” ինստիտուտի “Հիմնարար էկոլոգիայի և բնապահպանության” ամբիոնի վարիչը: Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատանքների:

Նվեր Մելիքյանը իրականացրել է տեսական, մեթոդական և գործնական ծավալուն հետազոտություններ ստորերկրյա ջրերի ֆիլտրացիոն միջավայրում եզրային խնդիրների լուծման և ստորեկրյա ջրերի շահագործական պաշարների գնահատման նպատակով օպտիմալացման խնդիրների ուղղությամբ: Նրա անմիջական ղեկավությամբ և մասնակցությամբ իրականացվել են բազմաթիվ գիտահետազոտական և նախագծային աշխատանքներ, որոնց հիմնական ուղղվածությունը եղել է Արարատյան հարթավայրի ջրատար հորիզոնների էկոլոգիական վիճակի պահպանումը: Նվեր Մելիքյանի գիտական գործունեությունը մշտապես նպատակաուղղված էր Հայաստանի ջրային ռեսուրսների պահպանության հիմնախնդիրներին, որպես հանրապետության համար թիվ մեկ ռազմավարական առաջնահերթություն: Նա հանդիսանում էր ՀՀ ԲՈՀ-ի 055 մասնագիտական խորհրդի ու Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի անդամ: Նվեր Մելիքյանի ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածութական ատենախոսություններ, նա ակտիվորեն նպաստում էր երիտասարդ գիտնականների ձևավորման բազմավաստակ և շնորհակալ գործին:

Նվեր Լիպարիտի Մելիքյանը մեծ սրտի և լուսավոր հոգու տեր անձնավորություն էր, օրինակելի ընկեր, պրպտուն մտքով գիտնական, ընտանիքում՝ հոգատար և սիրված ամուսին, հայր և պապիկ, որն իր երկու թոռնիկների կյանքում, անկասկած, դեռ շատ անելիքներ ուներ իրականացնելու: