ՎԱՀԵ ՕԴԱԲԱՇՅԱՆ.ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

Նորարարական գործունեությունը և ինովացիոն տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում տնտեսական բարգավաճման հիմնական շարժիչ ուժն են։ Դրանք ոչ միայն հնարավորություն են ընձեռում ապահովելու բնակչության կենսամակարդակի բարձրացումը, լուծելու սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրները, այլև հանդիսանում են երկրների աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական հզորության ու անկախության կարևորագույն հիմնաքարեր: Նորարարության զարգացման և ինովացիոն տեխնոլոգիաների ստեղծման գործընթացների, դրանց վրա ազդող գործոնների, դրանցում առկա հիմնախնդիրների իմացությունն անհրաժեշտ է հիմնավորված պետական քաղաքականության ձևավորման համար, որով կարելի է խուսափել այդ գուծունեության ընթացքում առաջացող խոչընդոտներից և ապահովել ինովացիոն գործունեության լայն տարածումը: Ինովացիոն գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների համար կարևոր է հստակ ընկալել նորագույն տեխնոլոգիաների մշակման գործընթացի յուրահատկությունները և կառավարման հիմնախնդիրները, վերջիններիս արդյունավետ լուծումներ տալու մոտեցումներն ու եղանակները։ Իրենց հերթին, գիտակրթական հաստատություների խնդիրն է հանդես գալ որպես նորարարական գաղափարների, տեխնոլոգիաների և ձեռնարկությունների սկզբնավորման, նորարարության և տեխնոլոգիական զարգացման կենտրոններ, համալրելով աշխատանքի շուկան բարձրակարգ մասնագետներով և նպաստելով գիտելիքահենք տնտեսության զարգացմանը։ Վերը նշվածի առումով փորձ կատարենք բացահայտել նորարարության զարգացման և ինովացիոն տեխնոլոգիաների ստեղծման հետ կապված Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակն ու խնդիրները և վերլուծելով միջազգային փորձը, ուղենշել այդ խնդիրների հնարավոր լուծումները։

Գիտատեխնոլոգիական ինովացիան Հայաստանում. ներկայիս իրավիճակը

Խորհրդային տարիներին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում և անգամ համաշխարհային մասշտաբով Հայաստանն աչքի էր ընկնում գիտատեխնիկական ու արդյունաբերական զարգացածության բարձր աստիճանով և նորարարական հետազոտությունների ու տեխնոլոգիաների առատությամբ։ Արտասահմանյան մամուլում և այլ աղբյուրներում Հայաստանը հաճախ անվանվում է «Խորհրդային Միության սիլիկոնյան հովիտ»։ Ժամանակին կուտակված այդ ներուժը, ցավոք, աստիճանաբար անհետանում է «ուղեղների արտահոսքի», գիտության և որոշ չափով նաև կրթության ոլորտների պետական ֆինանսավորման ցածր մակարդակի և մի շարք այլ հիմնախնդիրների պատճառով։ Մասնավորապես, գիտատեխնիկական և ինովացիոն զարգացման ոլորտի ֆինանսավորումը վերջին տարիներին չի գերազանցում ՀՆԱ 0,24-0,26%-ը: Մյուս կողմից, 2015թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի 9,2%-ը կատարվել է կրթության ոլորտում (2014թ. այն կազմել է 9,7%), ինչը ցածր ցուցանիշ չէ, սակայն ակնհայտորեն բնութագրում է կրթության և գիտության ոլորտների տարանջատվածությունը և պետական քաղաքականության տարբեր մոտեցումներն այս հարցում:

 Մասնավորապես, հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերը տատանվում են մոտ 8-11 մլրդ դրամի սահմաններում։ Ծախսերի տարեկան զգալի աճը (բացառությամբ 2013թ.) դրական երևույթ է, սակայն ինչպես բացարձակ մեծությամբ, այնպես էլ տոկոսային համամասնությամբ գիտական հետազոտություններին և մշակումներին հատկացվող ֆինանսավորումը շարունակում է մնալ ցածր մակարդակում։ Այսպես, ՀՆԱ-ի համեմատ տոկոսաչափով Հայաստանն այդ ցուցանիշով համեմատելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Մոնղոլիան, Տոգոն, Զամբիան և Սեյշելյան կղզիները, ընդ որում, զիջելով ցածր–միջին եկամուտով աշխարհի երկրների (որոնց թվին Համաշխարհային բանկի դասակարգմամբ պատկանում է նաև Հայաստանը) միջինացված ցուցանիշին 2 անգամ, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջինացված ցուցանիշին՝ 3 անգամ, Հարավային Ասիայի` 3 անգամ, Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսային տարածաշրջանի` 10 անգամ  և այլն:

Հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակը ՀՀ-ում մեծ չէ և 2010-2014թթ. ժամանակաշրջանում տատանվել է 62-81-ի սահմաններում` նվազման միտումով (բացառությամբ 2014թ.): Դրանցում աշխատակիցների քանակը միջինը կազմում է 78-85 մարդ, որոնց միայն մոտ մեկ երրորդ մասն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան: Այս ցուցանիշները մտահոգիչ են, և ցանկալի է ոչ միայն այդպիսի կազմակերպությունների քանակի, այլ նաև դրանցում աշխատող գիտական աստիճան ունեցող աշխատակիցների թվի էական ավելացում:

Գիտական կադրերի պատրաստումը ՀՀ-ում ունի իր առանձնահատկությունները: Մասնավորապես, Հայաստանում ասպիրանտների թվաքանակը մեծ չէ և կազմում է ընդհանուր բնակչության մոտ 0,04%-ը (հաշվի չի առնված հայցորդների թվաքանակը): Ընդ որում, բուհերում պատրաստվող ասպիրանտները թվաքանակով 3-4 անգամ ավելին են գիտական հաստատություններում պատրաստվող ասպիրանտների թվաքանակից: Գրեթե նույն հարաբերակցությունն առկա է նաև ասպիրանտուրա ընդունված և թեկնածուական ատենախոսություն պաշտպանած ասպիրանտների միջև:

Հարկ է նշել, որ նորարարական հետազոտությունների, հետազոտողների քանակը և անգամ ֆինանսավորման չափը, թերևս, ամենախնդրահարույց խոչընդոտները չեն նորարարության զարգացման և ինովացիոն տեխնոլոգիաների ստեղծման հարցում։ Համաշխարհային բանկը 2007թ. հանգել է այն եզրակացությանը, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է «չափազանց թույլ և մասնատված ինովացիոն համակարգ», ուր «բացակայում է փոխկապակցվածությունը արտադրության հատվածի, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների միջև»: Ընդ որում, գիտության և արտադրության միջև կապերի զարգացած չլինելը հենց ազգային ինովացիոն համակարգի կառուցվածքային առավել թույլ օղակներից մեկն է: Դրա հետևանքով Հայաստանում ինովացիոն ապրանքների արտադրությունն ու արտահանումը բավական սահմանափակ են. ըստ «Համաշխարհային զարգացման ցուցիչներ»-ի, 2015թ. ՀՀ-ից արտահանվել է լոկ $11 մլն-ի բարձր տեխնոլոգիական արտադրանք, ինչը կազմում է ընդհանուր արտահանված արտադրանքի 5,3%-ը։ Մյուս կողմից, կարևոր շուկաներից երկրի հեռացվածությունն ազդում է բիզնես հատվածի ներուժի և, մասնավորապես, ինովացիոն գործունեության վրա: Երկրի տնտեսությունը գիտելիքահենք, ինովացիոն ուղղվածությամբ հիմքի վրա տեղափոխելու գործում դեռևս երկար ճանապարհ կա անցնելու։

Նորարարությանը և ինովացիոն գործունեությանն առնչվող ՀՀ իրավա օրենսդրական դաշտը

Հայաստանում գիտատեխնոլոգիական և ինովացիոն ոլորտների ներկայիս վիճակը շատ բանով պայմանավորված է նաև գործող օրենսդրությամբ: Ստորև համառոտ դիտարկված են այդ ոլորտները կարգավորող հիմնական օրենքները և իրավական այլ ակտերը:

Հայաստանի Հանրապետության օրենքը «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին»: Օրենքն ընդունված է 2006թ. մայիսի 23-ին: Այս օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությանում պետական ինովացիոն քաղաքականության ձևավորման և իրականացման իրավական և տնտեսական հիմքերը, ինովացիոն գործունեության պետական աջակցության ձևերը:

Օրենքում սահմանված են ինովացիա, ինովացիոն նախագիծ, պետական ինովացիոն քաղաքականություն, վենչուրային հիմնադրամ, ինովացիոն ենթակառուցվածք, գիտաինովացիոն կենտրոն, տեխնոպարկ, բիզնեսի ինկուբատոր և պետական ինովացիոն ծրագիր հասկացությունները (հոդված 2):

Օրենքում ներկայացված են ինովացիոն գործունեության իրավական հիմքերը (հոդված 3), դրա տեսակները (հոդված 4) և սուբյեկտները (հոդված 5), ինովացիոն գործունեությանը պետական աջակցության նպատակը, խնդիրները (հոդված 6) և հիմնական ուղղությունները (հոդված 7): Պետական ինովացիոն քաղաքականության իրականացման հոդվածում (հոդված 8) առանձնահատուկ նշված է, որ «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով, որի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով»: Այնուհետև օրենքում տրված են լիազոր մարմնի իրավասությունները (հոդված 9), ինովացիոն գործունեության ֆինանսական աղբյուրները (հոդված 10) և այս ոլորտում միջազգային համագործակցությունը (հոդված 11):

Օրենքը հիմք է ծառայում ինովացիոն քաղաքականության իրականացման համար և որոշում է ինովացիոն գործունեության ասպարեզում պետական աջակցության եղանակներն ու միջոցները: Սակայն այն հենված է գլխավորապես մի մոտեցման վրա, որն ուղղված է գրեթե բացառապես «գիտության առաջխաղացմանը», և կարիք ունի վերանայման: Մինչդեռ, ինչպես նշվեց, ՀՀ-ում դեռևս թույլ է կապը կրթության, գիտության, գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքների ու արտադրության միջև: Բավական թույլ են զարգացած երկրում ինովացիաների միջնորդության և զորակցության ֆունկցիաներ իրականացնող ինստիտուտները, գործնականորեն բացակայում է նախնական շրջանի ֆինանսավորումը: Արդյունքում՝ Հայաստանում ձևավորված պայմանները չեն նպաստում ինովացիոն ձեռնարկումներին:

Վերը քննարկված «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՕ-63-Ն օրենքին հետևել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի «Ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին» թիվ 1466-Ն որոշումը, որով հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն ոլորտի զարգացման ընդհանուր բնույթի չորս գերակայություններ` ա) ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծում ու զարգացում, բ) էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, գ) բարձր տեխնոլոգիական մշակումներ, դ) էկոլոգիապես նախընտրելի տեխնոլոգիաների ներդրում ու զարգացում:

Այնուհետև այս որոշմանը հետևել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի թիվ 54 «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունները» արձանագրային որոշումը, որով սահմանված է «Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություն» հասկացությունը՝ որպես միջճյուղային նշանակության ընդհանուր ուղղություն, որը գիտության և գիտատար արտադրությունների զարգացման հիման վրա կարող է առավելագույն ներդրումն ունենալ երկրի անվտանգության ապահովման, տնտեսական աճի, գիտատեխնիկական զարգացման, հասարակական առաջընթացի և մրցունակության բարձրացման մեջ: Սույն փաստաթղթում թվարկված են 2015-2019թթ. համար առավել կոնկրետացված հետևյալ գերակայությունները. հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ և անվտանգ էներգետիկա, հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, տիեզերքի ուսումնասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար հետազոտություններ:

Ակնհայտ է, որ այս գերակայություններից էլ պետք է բխեն երկրի գիտատեխնոլոգիական ու ինովացիոն ոլորտների զարգացման առաջնահերթությունները և հեռանկարային պլանները։

Եզրաբանությամբ և էությամբ ինովացիային անմիջականորեն առնչվող իրավաօրենսդրական վերոնշյալ փաստաթղթերից բացի, ՀՀ-ում գործում են նաև մի շարք այլ, փոքր-ինչ պակաս առնչվող, սակայն նույնքան կարևոր օրենքներ, կառավարության որոշումներ և ռազմավարական բնույթի փաստաթղթեր։ Դրանցից կարելի է նշել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2011-2015թթ. ռազմավարական ծրագիր»-ը (ընթացքի մեջ են 2016-2020թթ. համապատասխան ծրագրի մշակումն ու ընդունումը) և այլն։

Կարելի է եզրակացնել, որ ինովացիային և նորարարական տեխնոլոգիաներին առնչվող իրավաօրենսդրական դաշտը ՀՀ-ում հիմնականում ձևավորված է, սակայն թարմացման և արդի խնդիրներին, պայմաններին ու գլոբալ մարտահրավերներին համապատասխանեցման կարիք ունի։

Ինովացիայի զարգացման և նորարարական տեխնոլոգիաների ստեղծման ճանապարհին ընկած հիմնախնդիրները և դրանց լուծման տարբերակները

Ինովացիայի զարգացման և նորարարական տեխնոլոգիաների ստեղծման ճանապարհին կան բազմաթիվ հիմնախնդիրներ։ Միևնույն ժամանակ, երկրի տնտեսությունը դեպի այդ ճանապարհը մղելու մեջ շահագրգռված կողմերի գործողությունները պետք է բխեն երկրում գիտատեխնոլոգիական և ինովացիոն գործունեության առկա վիճակից և հիմնվեն օրենսդրական, կարգավորող և ծրագրային փաստաթղթերով սահմանված հետազոտական ու նորարարական ոլորտների զարգացման թիրախային նպատակների ու խնդիրների վրա։ Այստեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ժամանակակից աշխարհում առկա միտումները, ընդունված լավագույն գործելակերպերը, միջազգային արժեքավոր փորձառությունը և գիտահետազոտական ու ինովացիոն գործունեության խթանման ժամանակակից մեթոդները։ Առկա կարևորագույն հիմնախնդիրների բացահայտման և դրանց հնարավոր լուծումների նախանշման նպատակով ուսումնասիրվել են նորարարության ասպարեզում նշանակալի հաջողությունների հասած երկրների փորձը, հետազոտական և ինովացիոն կողմնորոշմամբ գիտակրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերը և համապատասխան ուղղվածությամբ հետազոտական գրականությունը։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփ կերպով բերվում են ստորև։

Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, գիտատեխնիկական առաջընթացին և ինովացիոն գործունեությանն առավել նպաստող առանցքային գործոններից են կազմակերպություններում ձևավորված նորարարական մշակույթը և միջավայրը։ Այսպես, կատարված յոթնամյա ուսումնասիրության արդյունքում Booz & Co. խորհրդատվական ընկերությունը (ներկայում` Strategy&, որը պատկանում է PricewaterhouseCoopers-ին) դեռևս 2011թ. հրապարակած իր Global Innovation 1000 զեկույցում հանգել է եզրակացության, որ նորարարության հարցում առավել հաջողակ են այն կազմակերպությունները, որտեղ գերիշխում է ինովացիոն մշակույթը, ռազմավարությունը համահունչ է վերջինիս, իսկ աշխատակիցները և ղեկավարությունը նորարարության նվիրյալներ են։ Ընդ որում, զեկույցի համաձայն, գիտական և կիրառական հետազոտությունների վրա ծախսվող գումարները թեև որոշակի դեր խաղում են, սակայն զգալիորեն ավելի պակաս նշանակություն ունեն։ Հետևապես, զարմանալի չէ, որ տարբեր երկրների թե՛ մասնավոր հատվածի ձեռնարկություններում, թե՛ գիտակրթական առաջատար հաստատություններում մեծ նշանակություն է տրվում ինովացիոն մշակույթի ձևավորման և պահպանման խնդրին։ Օրինակ, Դե Մոնտֆորտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտական և ինովացիոն ռազմավարությունը նախատեսում է «դինամիկ միջավայր և հետազոտական համատարած մշակույթ, որը խրախուսում է ակադեմիական կադրերին ձեռնարկել նպատակասլաց, ինովացիոն և խստապահանջ հետազոտություններ»։ Նորթ-Վեսթ համալսարանը (Հվ. Աֆրիկա), որն ունի ինովացիայի համար պատասխանատու հատուկ գրասենյակ, իր հետազոտական և ինովացիոն ինստիտուցիոնալ ռազմավարությունում նշում է ինովացիոն մշակույթի բարելավումը որպես գլխավոր նպատակներից մեկը։ Ավելին, Իսրայելի հաջողություններն ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների բնագավառում բազմաթիվ հեղինակներ կապում են այդ երկրում տիրող նորարարական մշակույթի հետ։ «Ֆորբս» ամսագրում 2013թ. հրատարակած հոդվածում նշվում է, որ թշնամաբար տրամադրված հարևանների միջավայրում գտնվելն Իսրայելին ամենևին չի խանգարում ունենալ ստեղծագործ և նորարար մշակույթ, որը խրախուսում է գաղափարների ազատ հոսքը և համագործակցությունը տարբեր տեսակետներ ունեցող անհատների միջև։ Այդ մշակույթի կարևոր բաղադրիչներից է նաև ռիսկի գնալու հանդեպ հանգիստ վերաբերմունքը և հնարավոր ձախողման ընկալումը որպես դասեր քաղելու աղբյուր և ոչ թե անպատվության պիտակ։ Հեղինակի պնդմամբ, Իսրայելի ինովացիոն մշակույթի այդ տարրերը նման են ամերիկյանին, ընդ որում, մեկ շնչին ընկնող բաց բաժնետիրական նորարարական ընկերությունների թվով Իսրայելը նույնիսկ գերազանցում է ԱՄՆ-ին։

Ինովացիոն տեխնոլոգիական հետազոտությունների և նախագծերի պարագայում դժվար է երաշխավորել դրանց հաջողությունը, իսկ հաջող ավարտի դեպքում անգամ` դրանց արդյունքի կիրառական ներդրումն ու առևտրայնացումը։ Որոշ տվյալներով, հաջողության գործակիցն ինովացիոն ոլորտում կազմում է 30-50%։ Հավանականության պարզ տրամաբանությամբ, ներդրման և առևտրայնացման առումով հաջողությամբ պսակված ինովացիոն հետազոտությունների և նախագծերի բացարձակ թվաքանակի մեծացման համար հարկավոր է ավելացնել նմանօրինակ ձեռնարկումների ընդհանուր քանակը։ Վերջինիս գնահատման չափանիշ կարող է հանդիսանալ արտոնագրման (պատենտավորման) հայտերի թիվը։ Հայաստանում 2000-2015թթ. այն տատանվել է տարեկան 127-ից 208-ի սահմաններում, մասնավորապես, 2015թ. ստացվել է 170 նման հայտ։ Անշուշտ, այս ցուցանիշը չի կարող գոհացնել։ Մյուս կողմից, նորարարական հետազոտությունների թվաքանակից զատ, անհրաժեշտ է ապահովել նաև դրանց իրականացման պատշաճ որակը, քանի որ հակառակ դեպքում ձախողումների մասնաբաժինը կարող է նույնիսկ ավելանալ։ Հետազոտությունների որակը կամ հետազոտական գերազանցությունը և դրան հասնելուն ուղղված համապատասխան կարողությունների ապահովումը հատկապես կարևորվում է գիտահետազոտական և գիտակրթական հաստատությունների համար։

Ինովացիայի միջոցով երկրի տնտեսական զարգացմանը նպաստ բերելու ամենաանմիջական եղանակներն են հետազոտական ու նորարարական արդյունքների ներդրումը, առևտրայնացումը և տեխնոլոգիաների փոխանցումը տնտեսվարողներին։ Ուսումնասիրությունները վկայում են, որ, օրինակ, այսպես կոչված գիտելիքի փոխանցման գործընկերությունները (Knowledge transfer partnerships, KPI) կայուն հնարավորություններ են ստեղծում բիզնեսի նորարարության համար, ինչի շնորհիվ բարձրանում են Մեծ Բրիտանիայի ինովացիոն կարողությունները։ Կրթություն–գիտություն–տնտեսություն կապն իր տարաբնույթ դրսևորումներով առաջնային տեղ է գրավում աշխարհի առաջատար գիտակրթական հաստատությունների առաքելություններում և ռազմավարություններում, քանի որ դա է համարվում նրանց գոյության հիմնական նպատակներից մեկը։ Այսպես, Տեխնիոն ինստիտուտը (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ), որն աշխարհին տվել է մի շարք Նոբելյան մրցանակակիրներ և համարվում է Իսրայելի գիտատեխնիկական առաջընթացի շարժիչ ուժը, մինչև 2045թ. ռազմավարության իր նախագծում նախատեսում է մասնավոր ընկերությունների է՛լ ավելի մեծամասշտաբ ներգրավում նոր կառուցվելիք տարածքների միջոցով, վերածելով դրանք ինովացիոն հանգույցների (innovation hubs): Ինովացիան խթանելու և այն տնտեսական զարգացմանը ծառայեցնելու հարցում մեծ դերակատարում ունեն տեխնոպարկերը, բարձր տեխնոլոգիաների ինկուբատորները, ակսելերացիոն ծրագրերը, ձեռներեցության աջակցման կենտրոնները և նմանատիպ այլ կառուցվածքները։ Օրինակ, մեկնարկային (startup), համալսարանից «անջատվող» (spin-out կամ spin-off) ընկերությունների ու ինովացիոն ՓՄՁ-ների աջակցությունը համարելով ռազմավարական նպատակ՝ Ստրեթքլայդի համալսարանը (Մեծ Բրիտանիա) իրականացնում է մի շարք ծրագրեր։ Նախամեկնարկային (pre-startup) գործողություններին աջակցություն է ցուցաբերվում նախատիպերի արագացված ստեղծմանը հարմարեցված համակարգչային լաբորատորիաների, հավելվածների մշակման AppCity կոչվող ծրագրի և ձեռնարկատիրական նախաձեռնությունների արտաքին ֆինանսավորումն ավելի հասանելի դարձնելու միջոցով։ Մեկնարկային, փոքր և միջին ձեռնարկություններն օգտվում են Ստրեթքլայդի համալսարանի ակսելերացիոն ծրագրից, ձեռնարկության ղեկավարների վերապատրաստման հնարավորություններից, ձեռներեցության կենտրոնի խորհրդատվական ծառայություններից և այլն։ Իսկ Տեխասի համալսարանի Օսթինի մասնաճյուղում (ԱՄՆ) գործում են տեխնոլոգիական ինկուբատոր, մեկնարկային ընկերությունների գրադարան և մեկնարկային ընկերությունների գլոբալ ծրագիր։

Թեև ինովացիան սովորաբար սկսվում է անհատ նորարարի կամ հետազոտողների փոքր խմբի հղացած գաղափարից, սակայն այդ գաղափարի հետագա մշակման, զարգացման, դրա շուրջ գիտահետազոտական և փորձարարանախագծային աշխատանքների իրականացման և գործնականում ներդրման համար պահանջվում են բազմազան շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերը։ Ավելին, նորարարական գաղափարները հաճախ առաջանում են տարբեր տեսանկյուններից խնդիրը դիտարկող, տարբերակված մոտեցումներ, պահանջներ, կարիքներ և նպատակներ ունեցող կազմակերպությունների և անհատների շփման, փոխգործողության ու համագործակցության արդյունքում։ Ժամանակակից գլոբալացված աշխարհում նման համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ, այդ թվում` միջազգային մակարդակով։ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության նորարարական զարգացման ակնարկ»-ում բազմիցս շեշտվում է, որ ազգային ինովացիոն համակարգի շրջանակում նորարարության շղթայում ընդգրկված տարբեր կազմակերպությունների համագործակցության, հատկապես` գիտություն-արդյունաբերություն կապերի զարգացման կարիք կա, ընդ որում, այդ գործընթացում պետք է ներգրավել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում գործող տարաբնույթ կազմակերպությունների։ Այսպիսով, մերօրյա գլոբալ աշխարհում ինովացիայի ճանապարհն անցնում է նորարարության շղթայում գործող շահագրգիռ տարբեր կողմերի միջև համագործակցության կամրջով: Այս հանգամանքի կարևորությունն ընդգծելու համար Thomson Reuters ընկերությունը «Ինովացիայի վիճակը 2016թ.» հաշվետվությունում նույնիսկ կիրառում է «collabovation» («համագործանովացիա») նորաբանությունը, ըստ էության ակնարկելով, թե համագործակցությունը և ինովացիան այսօր այնքան միահյուսված են մեկ գործընթացում, որ առանց առաջինի վերջինս անհնար է: Ինչպես նշվում է հաշվետվությունում, ինովացիայի կենսափուլերը` հայտնագործությունից մինչև առևտրայնացում, ընդգրկում են բազմաթիվ գործողություններ, այդ թվում` գիտահետազոտական աշխատանք, նախատիպի ստեղծում, մտավոր սեփականության պաշտպանություն, ապրանքայնացում ու մոնետիզացում, իսկ գիտության և տեխնոլոգիայի սրընթաց զարգացող արդի աշխարհում այդ բոլոր փուլերի միջով անցնելով հաջողության հասնելը հնարավոր է միայն «համագործանովացիայի» միջոցով։

Պետության, պետական մարմնի, գիտահետազոտական և կրթական հաստատության, կայացած կամ մեկնարկային մասնավոր ձեռնարկության, հետազոտական խմբի կամ լաբորատորիայի մակարդակներով ինովացիայի և նորարարական տեխնոլոգիաների ստեղծման հարցում, անկասկած, կան նաև այլ տարաբնույթ խնդիրներ, սակայն վերը նշվածները կարծես թե առավել հաճախ քննարկվող և բոլորի համար ընդհանուր հիմնահարցերն են։ Օրինակ` կատարված խոր և բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում ամերիկյան հետազոտողները նորարարության աղբյուրներ են համարել կազմակերպությունների ստեղծարարությունը, գիտահետազոտական և մշակման աշխատանքները, դաշինքներն ու համագործակցությունները, առևտրայնացման հանգեցնող ինովացման «շարժիչները» (համալսարաններ, լաբորատորիաներ, ինկուբատորներ և այլն) և տեխնոլոգիական կլաստերները, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների ու դրանցից բխող գիտելիքների տարածումը (այսպես կոչված, «տեխնոլոգիայի արտանետումը»` technology spillover

Ամփոփելով և խմբավորելով վերոնշյալը՝ կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական խնդիրները.

  1. Նորարարության մշակույթի ձևավորման և ինովացիոն հետազոտությունները խթանող միջավայրի ապահովման հարցը։
  2. Ինովացիոն հետազոտությունների ծավալի ընդլայնման, դրանց որակի ապահովման ու համապատասխան կարողությունների կատարելագործման հիմնախնդիրը։

Կրթություն–գիտություն–տնտեսություն փոխկապակցվածության ապահովումը (հատկապես գիտելիքի փոխանցման և առևտրայնացման տեսանկյունից)։

  1. Համագործակցային ու գործընկերային ցանցի մշտական զարգացման կարիքը։

Ինչպես տեսնում ենք, թվարկված հիմնախնդիրները հիմնականում կապված են կառավարման հետ։ Հիմնվելով հայաստանյան և միջազգային համադրելի փորձի վրա՝ այս հիմնախնդիրների համար կարելի է առաջ քաշել լուծումների հետևյալ հնարավոր տարբերակները:

Նորարարության մշակույթը և ինովացիոն հետազոտությունները խթանող միջավայրը ձևավորվում են այնպիսի հարթություններում, ինչպիսիք են` համապատասխան նյութատեխնիկական, ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացումը, ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածքների, հրապարակայնության ու իրազեկվածության ապահովման մեխանիզմների ստեղծումը, նորարարության տարածմանը նպաստող զանազան միջոցառումների կազմակերպումը։ Նույնքան կարևոր են դեռևս ուսանողական (անգամ դպրոցական) նստարանից ինովացիայի արժեքավորության գաղափարի ու նորարարական ոգու հաղորդումը երիտասարդ սերնդին, իսկ հետագայում` նորարարության պահանջվածությունն ապացուցող և այն նյութապես ու բարոյապես խրախուսող քայլերի ձեռնարկումը։ Հայաստանում նորարարական մշակույթի և միջավայրի ձևավորման խնդրին լուծում տալու համար առաջարկվում են հետևյալ գործողությունները.

— Վերոհիշյալ իրավաօրենսդրական և ռազմավարական փաստաթղթերում նշված ոլորտներից բացի ընտրել ինովացիոն, հատկապես` միջմասնագիտական հետազոտությունների այն բնագավառները, որոնք առավել խոստումնալից հեռանկարներ ու դրանք զարգացնելու հիմքեր ունեն երկրում, և պետական մակարդակով զարկ տալ այդ բնագավառներում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը։

— Իրականացնել գիտահետազոտական ոլորտի նյութատեխնիկական հնարավորությունների և ենթակառուցվածքների առկա վիճակի հաշվառում, վերլուծություն, ստեղծել համապատասխան տվյալների շտեմարան ու ապահովել դրա հասանելիությունը երկրի հետազոտողներին և գիտական հանրությանը։

— ՀՀ գիտահետազոտական և գիտակրթական հաստատություններում մշակել և իրականացնել նյութատեխնիկական հնարավորությունների արդիականացման ու համալրման ծրագրեր, ապահովել առկա ենթակառուցվածքների հասանելիությունը, նպատակային և արդյունավետ շահագործումը: Մշակել ու կիրառել հատուկ սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման ծրագիր, որի ներքին ռեսուրսների և արտաքին աղբյուրներից հայթայթվող միջոցների հաշվին ֆինանսավորմանը տալ առաջնահերթություն։

— Ստեղծել ինովացիոն խորհուրդներ ՀՀ գիտահետազոտական և գիտակրթական հաստատություններում, ինչպես նաև պետական բարձր մակարդակով՝ Հայաստանի գիտակրթական ու գործարար ոլորտների առաջադեմ, ստեղծարար, փորձառու մասնագետների ներգրավմամբ, նշված հաստատություններում, ինչպես նաև ամբողջ երկրում նորարարական գործունեության առաջնահերթությունները սահմանելու և համակարգելու, կրթություն–գիտություն-արդյունաբերություն/գործարար ոլորտ կապն ապահովելու նպատակով։

— Զարկ տալ ինովացիոն ուղղվածությամբ գիտաժողովների, միջդիսցիպլինար գիտահետազոտական աշխատաժողովների և այլ միջոցառումների կազմակերպմանը՝ դրանցում ներգրավելով ինչպես հայաստանցի, այնպես էլ օտարերկրյա հետազոտողների, մասնագետների և հատկապես ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների։ Նման միջոցառումները կարևորվում են թե՛ փորձի փոխանակման, թե՛ կատարվող նորարարական հետազոտությունների աշխատանքների պատշաճ քննարկման, ներկայացման և դրանց հրապարակայնացման ու հասանելիության համար։

— Ստեղծել «ուղեղային կենտրոններ» (think tank), որոնց հիմնական նպատակը կհանդիսանա գիտատեխնիկական, տեխնոլոգիական և ինովացիոն խնդիրներում ՀՀ կառավարությանը մասնագիտական և փորձագիտական տեղեկատվության, վերլուծությունների և խորհրդատվության տրամադրումը, բնագավառը խթանող օրենսդրության, ինովացիոն քաղաքականության ձևավորման և պետական մակարդակի որոշումների կայացման աջակցումը։

— Ձևավորել նորարարության բնագավառում հաջողությունների հասած հետազոտողների, ձեռներեցների, ուսանողների և աշակերտների ճանաչման, դրվատման և հնարավորության դեպքում` պարգևատրման ծրագրեր ու մեխանիզմներ, հստակ ազդակներ հաղորդելով առ այն, որ ինովացիան խրախուսվում և բարձր է գնահատվում Հայաստանում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը լավ օրինակ է այս հարցում։

— ՀՀ կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկել ինովացիայի էությունը և կարևորությունը բացահայտող, դրա գործընթացը և արդյունքների առևտրայնացման մեխանիզմներն ուսումնասիրող առարկաներ։ Ապահովել ինովացիոն բնույթի աշխատանքների, ծրագրերի, նախագծերի, դրանց շրջանակներում ձեռք բերված արդյունքների և նվաճումների մասին տեղեկությունների ու նյութերի օգտագործումն ուսումնական գործընթացում։

Ինովացիոն հետազոտությունների ծավալի ընդլայնման, դրանց որակի ապահովման և համապատասխան կարողությունների կատարելագործման տեսանկյունից կարևորվում են հետևյալ ձեռնարկումները.

— ՀՀ գիտահետազոտական և գիտակրթական հաստատություններում մշակել, համապատասխան ընթացակարգով հաստատել և կիրարկել ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլաններ` որոշակի պարբերականությամբ թարմացնելով և համապատասխանեցնելով այն Հայաստանի գիտական և նորարարական ոլորտների զարգացման միտումներին, տեղական, տարածաշրջանային և համաշխարհային շուկաների իրողություններին ու պահանջարկին։

— Մշակել և ներդնել մեխանիզմներ երիտասարդ գիտնականներին գիտակրթական և գիտահետազոտական գործունեության մեջ ներգրավման ուղղությամբ, ստեղծել պայմաններ գիտական աշխատանքի գրավչության բարձրացման, երիտասարդների խրախուսման ու շահագրգռման համար։

— Մշակել հետազոտությունների որակի, դրանց արդյունքների գնահատման միջազգային չափանիշների վրա հիմնված համակարգ։ Նշված համակարգը ներդնել ՀՀ-ում գործող գիտահետազոտական և կրթագիտական հաստատություններում որակի գնահատման համակարգերի շրջանակներում և դրանով իրականացվող գնահատման արդյունքները հաշվի առնել աշխատակիցների առաջքաշման, վարձատրության և խրախուսման գործընթացներում։

— Խրախուսել գիտական հոդվածների հրատարակումը բարձր վարկանիշ և ազդեցության գործոն (Impact Factor) ունեցող միջազգային հեղինակավոր պարբերականներում։ Այդ նկատառումով միջոցներ ձեռնարկել հետազոտողների շրջանում օտար լեզուների (հատկապես անգլերենի) իմացության կատարելագործման ուղղությամբ։

— Բարձրացնել երկրում հրատարակվող գիտական հանդեսների, ժողովածուների որակը, ինչպես նաև դրանցում ընդգրվող նյութերի գրախոսման մակարդակը՝ առավելագույնս նպաստելով գիտության ինովացիոն վերակողմնորոշմանն ու միջազգային հեղինակության բարձրացմանը, ներկայացնելով նաև այլ գիտական կենտրոնների մասնագետների աշխատանքներն ու առաջատար տեխնոլոգիական հետազոտական համալսարանների փորձը։

— Կատարելագործել և ընդլայնել գիտատեղեկատվական հնարավորություններն ու միջոցները` ապահովելով գիտական ու նորարարական հետազոտությունների համար արդյունավետ և արդիական տեղեկատվական հենք: Ընդլայնել գիտական աշխատությունների միջազգային էլեկտրոնային շտեմարանների և առցանց գրադարանների հասանելիությունը Հայաստանում գործունեություն ծավալող հետազոտողների համար։

Կրթություն–գիտություն–տնտեսություն փոխկապակցվածության ապահովումը և ինովացիոն գաղափարների ու տեխնոլոգիաների առևտրայնացման նպաստումը մեծապես պայմանավորվում են գիտակրթական համակարգի և տնտեսության ինովացիոն հատվածի միջև կապերի ու համագործակցության ամրապնդմամբ։ Աշխարհի տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ գործնական տեսանկյունից դա կայանում է միմյանց չբացառող մի քանի ուղիներով, որոնք հետևյալն են.

ա. Գործող տեխնոլոգիական ձեռնարկությունները նախաձեռնում են գիտական ոլորտից նորարարական գիտելիքի փոխանցումը և կիրառումը սեփական կարիքների ու նպատակների համար։ Այս նպատակով մասնավոր հատվածը ձեռք է բերում ստեղծված գյուտերի և նորարարությունների օգտագործման իրավունքը կամ կնքում գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրեր (պատվերներ)։ Խոսքը հիմնականում վերաբերում է կիրառական նշանակություն ունեցող հետազոտություններին, թեև որոշ բացառիկ դեպքերում հնարավոր է նաև հիմնարար գիտության բնագավառի հետազոտությունների ընդգրկում։ Հարկ է նշել, որ մասնավոր հատվածի ձեռնարկությունները երբեմն պարզապես աշխատանքի են հրավիրում իրենց համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառում աշխատանքներ իրականացնող և արդյունքների հասած հետազոտողին, ինչը պետք է ընկալել ոչ թե որպես գիտական մարդկային ռեսուրսի կորուստ, այլ ինովացիոն ցանցի ընդլայնում և նոր կապերի ստեղծում։

բ. Գիտահետազոտական կամ կրթագիտական հաստատությունում կիրառական նշանակություն ունեցող նորույթ ստեղծած գիտաշխատողը կամ հետազոտական խումբը հիմնադրում է մայր հաստատությունից առանձնացված (թեև հաճախ վերջինիս հավանությամբ և աջակցությամբ սկզբնավորված) փոքր մասնավոր ձեռնարկություն («անջատվող» ընկերություն, spin-out կամ spin-off)։ Վերջինս տարբեր աղբյուրներից ներդրումների ներգրավմամբ իրականացնում է ինովացիոն արդյունքի առևտրայնացման գործընթաց։ Այս միտումը հատկապես ակնառու է ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում բարձրագույն մակարդակի և հսկայական հաջողությունների հասած այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Իսրայելը։

գ. Գիտակրթական կամ հետազոտական հաստատությունն իր մոտ գրավիչ պայմաններ է ստեղծում՝ մասնավոր ընկերություններին շահագրգռելով իրենց տնտեսական և ինովացիոն գործունեությունը կամ դրա մի մասը հաստատության տարածքում իրականացնելու համար։ Դրա բազմաթիվ օրինակներից են տարբեր երկրներում համալսարաններին և գիտահետազոտական կենտրոններին կից գործող տեխնոլոգիական ինկուբատորները, տեխնոպարկերը, «ինովացիոն գոտիները» և նմանատիպ այլ կառույցները։

դ. Կիրառվում են մշտական կապի պահպանման և ամրապնդման, տվյալների, տեղեկությունների, գիտելիքի և փորձի փոխանակման բազմաթիվ մեխանիզմներ և միջոցներ՝ խթանելով թե՛ անմիջական ու ոչ ֆորմալ, թե՛ պաշտոնական ու գործարար շփումները։ Դրանցից են կրթության, գիտության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ տարաբնույթ հանդիպումները, ժողովները և փոխադարձ այցերը, պայմանագրային հիմունքներով համալսարանների փորձագիտական և նյութատեխնիկական հնարավորությունների օգտագործումը ձեռնարկությունների կողմից և այլն։

Այս համատեքստում մեծապես կարևորվում են գիտելիքների փոխանակման և առևտրայնացման գործընթացի մասնակիցների իրավատնտեսական հարաբերությունների հստակեցումը և փոխշահավետության սկզբունքի պահպանումը, այդ գործընթացի նրբությունների մասին իրազեկվածության ապահովումը։

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները և ժամանակի հրամայականները՝ առաջարկվում են հետևյալ քայլերը.

— Գիտակրթական հաստություններին կից ստեղծել ինովացիոն և հետազոտական գործունեության արդյունքների առևտրայնացումը և ներդրումը, տեխնոլոգիաների փոխանցումը, արտոնագրումը կազմակերպող և համակարգող, մարքետինգային ուսումնասիրություններ կատարող, որոշ դեպքերում գուցե նաև տեխնոլոգիական ինկուբատորի գործառույթներ իրականացնող վերլուծական-խորհրդատվական ենթակառուցվածքներ։

— Ստեղծել գիտական և գործարար ոլորտների կազմակերպությունների նորարարական ու հետազոտական խմբերին փորձագիտական-չափագիտական-փորձարարական և փորձանմուշների պատրաստման համար տեխնիկական, տեխնոլոգիական և այլ ծառայություններ մատուցող կառույցներ, հատկապես գործող գիտահետազոտական հաստատությունների շրջանակներում։

— Կատարելագործել մտավոր սեփականության առևտրայնացմանը վերաբերող օրենսդրությունը, պետական քաղաքականությունը և դրանց համապատասխան` ստեղծել գիտահետազոտական և կրթագիտական հաստատությունների համար արտոնագրման, մտավոր սեփականության վաճառքի, ձեռնարկության հիմնման և այլ տարբերակներով առևտրայնացման մարտավարություններ։

— Վերոնշյալի շրջանակում շահագրգիռ կազմակերպություններում մշակել ստեղծված մտավոր սեփականության գրանցման (արտոնագրման) և օգտագործման պայմանները, ինչպես նաև այդ սեփականության նկատմամբ ստեղծողի և օգտագործողի իրավունքները սահմանող ընթացակարգեր։

— Կազմակերպել մտավոր սեփականության պաշտպանության և առևտրայնացման, ինովացիայի և գյուտերի վավերացման, ինքնատիպության և նորամուծության որոշման վերաբերյալ դասընթացներ և տեղեկատվական հանդիպումներ՝ ներգրավելով համապատասխան մասնագետների։

— Ինովացիան խթանելու նպատակով ձևավորել գործարար ոլորտի հետ գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանակման, հետազոտողների կողմից իրենց ստեղծած արդյունքների շուկայական հնարավորությունների քննարկման պայմաններ, ուղիներ և հարթակներ։

— Համալսարաններում ստեղծել պայմաններ մեկնարկային ընկերությունների (startup) ձևավորման և գործունեության համար՝ դասախոսների, ուսանողների, մասնագետների ներգրավումով։ Փոխշահավետ հիմունքներով աշխատանքային տարածք ու գիտատեխնոլոգիական պայմաններ տրամադրել տարաբնույթ հետազոտական-տեխնոլոգիական-նորարարական ընկերություններին ու ձեռնարկություններին՝ լավագույն ուսանողներին, շրջանավարտներին, մասնագետներին աշխատանքներում ներգրավվելու հնարավորություն ընձեռելով։ Նպաստել համալսարաններից «անջատվող» ինովացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների (spin-out/spin-off) ստեղծմանը։

Համագործակցային ու գործընկերային ցանցի մշտական զարգացման համատեքստում անհրաժեշտ է բազմազանեցնել համագործակցության գիտական, կրթական, առևտրային և այլ ձևերը` դրանցում ակտիվորեն ներգրավելով տեղական ու միջազգային կազմակերպությունների։ Հայաստանի պարագայում այս առումով լրացուցիչ ներուժ է ներկայացնում նաև աշխարհասփյուռ հայությունը։ Սակայն հարկ է նշել, որ արտերկրում գործող հազարավոր հայազգի մասնագետների միայն փոքր մասի հետ են հաստատվել համագործակցային կապեր, իսկ տվյալների ստեղծված բազայում հաջողվել է ընդգրկել նրանցից ընդամենը մոտ 500-ի մասին տեղեկություններ։ Հաշվի առնելով ինովացիայի և գիտահետազոտական գործունեության խթանման, նոր տեխնոլոգիաների մշակման և գիտելիքահենք տնտեսության ձևավորման հարցում համագործակցության կարևորությունը՝ առաջարկվում է իրականացնել միջազգային և ներհայաստանյան մակարդակներով գիտակրթական հաստատությունների, պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնմանը, առկա գործընկերային կապերի խորացմանն ու ամրապնդմանը և նորերի հաստատմանն ու զարգացմանն ուղղված քայլեր, այդ թվում.

— Աջակցել միջմասնագիտական գիտական համագործակցությանը, համատեղ նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը։ Խրախուսել գիտական համագործակցության ձևերի բազմազանեցումը ՀՀ գիտահետազոտական և կրթագիտական հաստատությունների գործընկերային ցանցի ընդլայնման ճանապարհով, շարունակել խթանել միջազգային գիտական համագործակցությունն արտասահմանյան առաջատար համալսարանների, գիտական կենտրոնների և մասնավոր ձեռնարկությունների հետ, համատեղ նախագծերի նախաձեռնումն ու իրականացումը` երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի, կոնսորցիումների և միջազգային ցանցերի շրջանակներում։

— Ընդլայնել միջազգային փոխանակման և ակադեմիական շարժունության ծրագրերը, նախաձեռնողաբար ձեռնարկել նորերը, հատկապես ինովացիոն կողմնորոշմամբ հայտնի արտասահմանյան համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների հետ։

— ՀՀ գիտահետազոտական և գիտակրթական հաստատություններում խրախուսել արտասահմանցի հետազոտողների հետ համատեղ ինովացիոն գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և դրանց արդյունքներով համահեղինակած գիտական հոդվածների և աշխատությունների հրատարակումը։

— Մշակել և իրականացնել արտերկրում աշխատող հայազգի գիտնականների ներգրավմամբ ծրագրեր, միջոցներ ձեռնարկել գիտական, հետազոտական և ինովացիոն գործունեությամբ զբաղվող սփյուռքահայերի և արտերկրի հայկական համայնքների ստեղծած կազմակերպությունների հետ համագործակցային կապերի ընդլայնման ուղղությամբ։ Գիտահետազոտական, վերլուծական և ինովացիոն աշխատանքի բնագավառում Հայրենիք-Սփյուռք համակարգված փոխգործակցության ապահովման տեսակետից կարևորագույն նշանակություն կարող է ունենալ Հայաստանի և Սփյուռքի գիտական և փորձագիտական հանրությունները միավորող համազգային ցանցային կառույցի ստեղծումը։

— Նշանակալիորեն ավելացնել գիտատեխնիկական, տեխնոլոգիական և նորարարական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների կառավարիչների և մասնագետների կողմից համալսարաններում և ավագ դպրոցներում անցկացվող առանձին ազատ դասախոսությունների և ելույթ-զեկուցումների թվաքանակը, ինչպես նաև հրավիրել նրանց պլանային դասախոսությունների և գործնական պարապմունքների ժամերին` կոնկրետ թեմաներով ուսուցողական-կիրառական նյութերի ներկայացման համար։

— Ձևավորել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ գիտահետազոտական, կրթագիտական հաստատությունների, ինովացիոն գործունեությամբ զբաղվող մասնավոր ձեռնարկությունների կապի արդյունավետ մեխանիզմներ։

Ինովացիոն կողմնորոշմամբ մրցունակ տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է լուծել մի շարք կառավարման խնդիրներ։ Կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում դրանց շարքում կարևորվել են նորարարության մշակույթի ձևավորումը, ինովացիոն հետազոտությունների ծավալի ընդլայնումն ու որակի բարձրացումը, կրթություն–գիտություն–տնտեսություն փոխկապակցվածության ապահովումը և համագործակցային ու գործընկերային ցանցի զարգացումը։

Աղբյուրը`  http://www.noravank.am/upload/pdf/SPYURQI_GITAVERLUCAKAN_HANRUTYUNY.pdf