ԿՍՏԵՂԾՎԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻ

Մեկ-երկու ամսից Իրանի հետ Հայաստանի սահմանին կարող է սկսվել ազատ առեւտրի գոտու կառուցումը: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ազատ առեւտրի գոտու նախագիծը շուտով կհաստատվի կառավարության կողմից: Այս մասին հաղորդում է News.am-ը:

Նախարարության ակնկալիքով՝ 10 տարվա ընթացքում ազատ գոտում կներգրավվեն 100-120 ընկերություններ եւ 350-400 մլն դոլարի ներդրում: Ակնկալվում է, որ այդ ընկերությունները կավելացնեն Հայաստանի արտահանումը տարեկան 100-120 մլն դոլարով՝ հիմնականում Եվրասիական միության երկրներ, Իրան, Մերձավոր Արեւելք եւ Միջին Ասիա:

Նրանց գործունեության արդյունքում ակնկալվում է ունենալ 2500 նոր աշխատատեղ: Ազատ գոտին լինելու է հենց Իրանի հետ սահմանին՝ 35 հեկտար տարածքի վրա՝ 10 հեկտար ընդլայնվելու հնարավորությամբ: Սահմանից այն կողմ՝ իրանական տարածքում է գտնվում «Արաս» ազատ տնտեսական գոտին, որի հետ ամենասերտ համագործակցություն կստեղծվի: