ՍՏԵՓԱՆ ՄԻԿՈՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ

Ստեփան Միկոյան… Այս անունը հայտնի է բոլոր նրանց, ովքեր երբևէ հետաքրքրվել են ավիացիայով։ Այո, խոսքը մեր ժամանակների ականավոր փորձարկող օդաչուի, հայ ժողովրդի նշանավոր զավակներից մեկի մասին է։

Նրան շատերը կարող են ճանաչել իբրև կուսակցական և պետական ականավոր գործիչ Անաստաս Միկոյանի որդու կամ նշանավոր ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի զարմիկի։ Սակայն, կարծում ենք, ազգակցական այդ կապերը բավական չեն ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչուի կամ Խորհրդային Միության հերոսի կոչումներին արժանանալու համար։ Դրա համար այլ արժանիքներ էլ  են հարկավոր, որոնք Ստեփան Միկոյանը դրսևորել է թե՛ Հայրենական պատերազմի տարիներին, թե՛ փորձարկող օդաչու աշխատելու ընթացքում։

Նախկին Խորհրդային Միությունում լճացման տարիներին հերոսի կոչում շնորհվում էր եզակիներին: Չնայած դրան, ետպատերազմյան տարիներին ութ հայորդու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում։ Նրանցից երկուսը ականավոր զորահրամանատարներ են ՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը ( նրան հանձնվել է հերոսի երկրորդ աստղը) և Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը: Հերոսներ են նաև փորձարկող օդաչուներ Էդուարդ Յոլյանը, Ստեփան Միկոյանը, Ռաֆայել Կապրիելյանը և Գուրգեն Կարապետյանը, լեգենդար  հետախույզ Գևորգ Վարդ անյանը,  բևեռախույզ Արթուր Չիլինգարովը։ Ավելորդ չի լինի հիշեցնել, որ օդաչու Սուրեն Տաշչյանը, որը 1942 թվականին  զոհվել է Սևաստոպոլի համար մղված մարտերում, 1995 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով արժանացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման (ետմահու)։

Ես մտադիր էի ակնարկ գրել  Ստեփան Միկոյանի մասին, ում 95 տարին լրանալու էր այս տարվա հուլիսի 12-ին։ Ցավոք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ուրբաթը շաբաթից շուտ եկավ», և ստիպված եմ ակնարկս ժամանակից շուտ գրել, այն էլ տխուր առիթով։ 2017 թ. մարտի 24-ին իր մահկանացուն կնքեց լեգենդար օդաչուն:

Ստեփան Միկոյանը ծնվել է 1922 թվականին` Թբիլիսիում։ Նա  ականավոր կուսակցական և պետական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին էր։ Միջնակարգն ավարտելուց հետո 1940 թվականին զորակոչվում է Խորհրդային բանակ։

Հայրենական պատերազմը սկսվելուն պես Ստեփան Միկոյանն ընդունվում է Կաչինսկի զինվորական օդաչուների դպրոց, որն ավարտելուն պես ստանում է ռազմական օդաչուի որակավորում։

Բայց քանի որ պատերազմի տարիներին չափազանց անհրաժեշտ էին կործանիչ օդաչուներ, Ստեփան Միկոյանն անմիջապես վերապատրաստվում է և որպես կործանիչ օդաչու՝ սկսած 1941 թվականի դեկտեմբերից մինչև պատերազմի վերջին օրը ակտիվորեն մասնակցում է թշնամու դեմ պայքարին։ Նա կռվել է Մոսկվայի մատույցներում, Ստալինգրադի և Հարավ-Արևմտյան ռազմաճակատներում և քանիցս օդում մարտի է բռնվել գերմանական օ դաչուների հետ, անձամբ խփել է թշնամու 7 ինքնաթիռ։ Կապիտան Ստեփան Միկոյանն իր ջոկի կործանիչների հետ քանիցս ուղեկցել է մարշալներ Ժուկովի,Վորոնովի, Մարեցկովի և այլ զորահրամանատարների ինքնաթիռները, ովքեր ռազմական գործողություններին հետևելու, նոր ծրագրեր իրականացնելու նպատակով հաճախ էին լինում այս կամ այն ռազմաճակատում։

Մեծ Հայրենականը Ստեփան Միկոյանն ավարտում է որպես  կրկնակի շքանշանակիր։ Նրա կուրծքը զարդարում էին Մարտական Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշանները։

Պատերազմից հետո Ստեփան Միկոյանն ավարտում է Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան և աշխատանքի անցնում ԽՍՀՄ օդուժի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես փորձարկող օդաչու։ Այստեղ նա հաջողությամբ պաշտպանում է գիտական թեզ և արժանանում տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։ Իսկ որպես զինվորական՝ արժանանում է գեներալ-լեյտենանտի կոչման։ 23 տարի շարունակ նա կյանքի ուղեգիր է տվել խորհրդային ականավոր ավիակոնստրուկտորներ Արտեմ Միկոյանի, Պավել Սուխոյի և Ալեքսանդր Յակովլևի կոնստրուկտորական բյուրոներում ստեղծված 102 տիպի ինքնաթիռների, այդ թվում՝ խորհրդային ռազմական ավիացիայի պարծանքը հանդիսացող ՄԻԳ-23, ՄԻԳ-25 և ՄԻԳ-27 ինքնաթիռներին։

Այդ ընթացքում նա արժանացել է «ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու» պատվավոր կոչմանը։ Իսկ 1975 թվականի ապրիլի 3-ին ՄԻԳ-25 գերժամանակակից կործանիչի պետական փորձարկման աշխատանքները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ Ստեփան Միկոյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում։ Նա պարգևատրվել է Լենինի, Մարտական Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, Կարմիր աստղի չորս շքանշաններով, ինչպես նաև  Ռուսաստանի Դաշնության մի շարք շքանշաններով ու մեդալներով։

Լևոն Ազրոյան
(«Արմենպրես»-ի թղթակցի նյութը բերված է որոշ կրճատումներով)

Աղբյուրն` այստեղ