ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորմանը նպաստող մեխանիզմների մշակման և ներդրման արդյունքում կհստակեցվի այդ բնագավառում վարվող պետական քաղաքականությունը ինչպես երկրի, այնպես էլ վարչատարածքային առումով, պարզորոշ կդառնան կառավարման մարմինների տարբեր օղակների անելիքները:

Պետության ագրոպարենային համակարգի կայունացման և զարգացման նպատակային ծրագրերում պետական մակարդակով կդրվեն կոոպերացիայի զարգացման հարցերը` որպես նոր արտադրական հարաբերությունների և հետևապես, արտադրողական ուժերի արդյունավետ զարգացման հիմք:

Կոոպերացիայի զարգացումը կնպաստի գյուղմթերքների արտադրողների սոցիալական վիճակի և տնտեսական ներուժի ամրացմանը, ապրանքայնության մակարդակի բարձրացմանը:

Գյուղացիական տնտեսությունների գործունեությունը տարբեր ձևի կոոպերատիվներում, միություններում հնարավորություն կտա մեղմելու ներկայումս նրանց առաջ ծառացած մի շարք խնդիրներ, մասնավորապես կլուծվեն.

— գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների և

մատակարարումների հարցերը,

— գյուղատնտեսական մթերքների վերամշակման խնդիրները,

— արտադրանքի իրացման և արտահանման հետ կապված դժվարությունները,

— արտադրության մասնագիտացման խորացման հարցերը,

— նոր տեխնոլոգիայի ներդրման, արտադրության վերազինման խնդիրները,

— մարկեթինգի հետ առնչվող հարցերը:

Կազմակերպվող կոոպերատիվները ձեռք կբերեն իրավաբանական անձի կարգավիճակ և համապատասխան իրավասություններ, ինչն իր հերթին կնպաստի բանկային կառույցներից վարկային միջոցների ներգրավման մատչելիությանը` գրավադրման խնդիրների լուծման և համատեղ աշխատանքի ու արտադրատնտեսական գործունեության պայմաններում արդյունավետության ապահովման միջոցով:

Կոոպերացման գործընթացը շոշափելիորեն կբարձրացնի գյուղական բնակչության զբաղվածության, ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակները, կավելանան գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացվող արտադրատեսակների ծավալները, որի արդյունքում կբարձրանա բնակչության կենսամակարդակը, կմեղմացվի պարենային անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը:

Ընդունվելիք  հայեցակարգի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

1) կոոպերատիվների ձևավորման և գործունեության հարաբերությունները կարգավորող օրենսդրության բարելավման արդյունքում` կխթանվի գյուղատնտեսական կոոպերացիայի ձևավորման գործընթացը, կընդլայնվեն գործող կոոպերատիվների կարողությունները,

2) պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի, հատկապես` հողային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման համար,

3) գյուղացիական տնտեսությունների արտադրական, մատակարարման, իրացման և այլ խնդիրների համատեղ լուծման շնորհիվ, ինչպես նաև`  գների, որակի և աշխատանքի ժամանակին կազմակերպման արդյունքում կբարձրանա գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը,

4) հնարավորություններ կընձեռվեն գյուղատնտեսությունում պատշաճ ագրոտեխնիկայի, առաջադիմական տեխնոլոգիաների, ցանքաշրջանառության կիրառման համար,

5) կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաև գյուղական համայնքների զարգացմանը,

6) կոոպերացիայի զարգացումը կնպաստի գյուղատնտեսական մթերքներ արտադրողների սոցիալական վիճակի և տնտեսական ներուժի ամրապնդմանը, գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը,

7) գյուղացիական տնտեսությունների գործունեությունը կոոպերացման տարբեր ձևերով և միավորումներով հնարավորություն կընձեռի մեղմելու ներկայումս իրենց առջև ծառացած մի շարք խնդիրների լուծումը, մասնավորապես` առավել դյուրությամբ կլուծվեն` ա) գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների և մատակարարումների մարքեթինգի հարցերը,

բ) արտադրանքի իրացումը, արտահանումը,

գ) արտադրության նախընտրելի մասնագիտացումը,

դ) նոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրության վերազինման խնդիրները,

8) կոոպերացիայի գործընթացը շոշափելիորեն կբարձրացնի գյուղական բնակչության զբաղվածության մակարդակը, կավելանան գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացվող արտադրանքի ծավալները, որի արդյունքում կավելանան բնակչության եկամուտները և կբարձրանա երկրի պարենային անվտանգության մակարդակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ ՝ 2015 թ. դեկտեմբերի 21-ին, ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքը: Եվ ՀՀ կառավարությունն այս տարվա գերակա խնդիրների շարքում առանձնացրել է գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման շարունակականության ապահովումը:

Ներկայումս հանրապետությունում գործում են շուրջ 270 գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց հիմնական ուղղվածությունն է կաթի մթերումը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, հացահատիկային մշակաբույսերի աճեցումը, մեղվաբուծությունը, գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցումը և արոտավայրերի կառավարումը:

— Նոր օրենքը, ենթադրաբար, կնպաստի գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման օրենսդրական հիմքերի բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման խթանմանը, գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետության, տնտեսվարողների մրցունակության, հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի պետական քաղաքականության հիմնական ուղղությունների հստակեցմանը:

Կոոպերատիվը փոքր տնտեսությունների միավորումն է, որոնց ձևավորումը կարող է մեծապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթացի ապահովմանը` գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և գյուղական բնակավայրերի զարգացմանը: Դրանց ստեղծումն ու զարգացումը գյուղատնտեսության ոլորտում կարող է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գյուղմթերքի իրացման դժվարությունների հաղթահարումը, գյուղտեխնիկայի շահագործումը, վառելանյութերը, սերմերը, պարարտանյութերը և այլ ռեսուրսներ ֆերմերին առավել մատչելի դարձնելը:

Մի տնտեսվարող սուբյկետ ունի սահմանափակ քանակությամբ արտադրություն և փորձում է այն հասցնել շուկա, որի համար, սակայն, պետք է ապրանքը սորտավորել, փաթեթավորել, տեղափոխել և տաղավարներին վճարելու գումար հատկացնել: Իսկ մարքեթինգային կոոպերատիվների ձևավորման պարագայում անդամները կարողանում են վաճառել և շուկա հանել իրենց արտադրությունը:

— Օրենքի կիրառման արդյունքում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը և զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը կնպաստի գյուղատնտեսական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, տնտեսվարողների գործունեության պայմանների բարելավմանը, ընդլայնված վերարտադրության ապահովմանը, գյուղատնտեսական արտադրության և սպասարկումների առավել արդյունավետ կազմակերպմանը:

Օրենսդրությունը կոոպերատիվը դիտում է որպես բիզնես միավոր, ինչն առանցքային և սկզբունքային հարց է. դա կարող է շահույթ ապահովել կոոպերատիվի անդամների համար: Արտադրանքը կոոպերատիվի անդամների միջոցով վաճառելու դեպքում ֆերմերներին կարող են առաջարկվել լավագույն մեծածախ գներ՝ ավելացնելով անդամների եկամուտները: Շուկայում կարող է ավելանալ մրցակցությունը և թափանցիկությունը, անդամները կարող են ձեռնարկել գործունեութան նոր ուղղություններ՝ արտադրության ամբողջ շղթայում՝ ապահովելով արտադրանքի հավելյալ արժեք: