3 Հոկտեմբերի 2023թ. 4:22

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ 10 ՏԱՐԵԿԱՆԻՑ

Տեղի է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ համագումարը, որի ընթացքում ամփոփվել է  Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման ռազմավարությունը, ԻՏՁՄ գործունեության նախորդ տարվա արդյունքները։ Ընտրվել է նաև վարչության կազմը: Համագումարին մասնակցել են ինչպես՝ ԻՏՁՄ անդամներ, այնպես էլ՝ ՏՀՏ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Բացման խոսքում ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ տարեցտարի աշխարհում մեծանում է տաղանդների սովը: Օրինակ՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում անցալ տարի միայն ՏՏ ոլորտի մասնագետների չբավարարված պահանջարկը կազմում էր 2 մլն: Ավելին՝ որոշակի ուղղություններում, օրինակ, մեծ թվերի ոլորտում (Big Data) ԱՄՆ-ում համապատասխան ծրագրավորման հմտություններ ունեցող մաթեմատիկոսների պահանջարկը մոտ էր 400.000-ի: Ըստ Ալեքսանդր Եսայանի՝ այս ամենից կարելի է մեկ եզրակացություն անել՝ որքան շատ տեխնոլոգիապես գրագետ մարդ պատրաստենք, այնքան ներգրավված կլինենք համաշխարհային տեխնոլոգիական աշխատանքի շուկայում:

«Այս ամենը հնարավոր է ոլորտը կոնսոլիդացնելու, ներքին արդյունավետ համագործակցություն կազմակերպելու, մեկտեղելու տեխնոլոգիական մասնավոր հատվածի, կրթական համակարգի, կառավարության և պետական կառույցների նպատակները, վերականգնելու համար Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր»,- նշել է Ալեքսանդր Եսայանը:

X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանի կարծիքով՝ ԶԼՄ-ները ևս մեծ դեր կարող են ունենալ այս գործում, մասնավորապես՝ ծնողներին իրազեկելով տեխնոլոգիական կրթության անհրաժեշտության, հաջողության պատմությունների մասին և նպաստելով  ՏՏ կրթության նկատմամբ հանրության գիտակցության բարձրացմանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019թ.  ՏՏ համաշխարհային կոնգրեսը անցկացվելու է Հայաստանում: Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի՝ մինչ համաժողովը պետք է ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել ինժեներական լաբորատորիաներ և այդպիսով աշխարհին ներկայանալ՝ որպես միակ երկիր, որը նախնական ինժեներական կրթությունը սկսում է 10 տարեկանից:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ընտրել է նաև իր աշխատանքի ռազմավարությունը: Մշակված ռազմավարությունը բաց է հանրության համար: Այս ռազմավարության հիմնական օգտագործողները կլինեն Միության անդամները, գործող աշխատակազմը, ՏՀՏ և բարձր տեխնոլոգիական ընկերությունները, ՏՀՏ հետ կապված պետական, կրթական և հասարակական կառույցները:

Սիրարփի Աղաբաբյան

Աղբյուրը` 168.am