ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է…

Էդուարդ Մարգարովը 75 տարեկան  է։ Տարեց ֆուտբոլասերները, ովքեր նրան խաղադաշտում տեսնելու բախտ են ունեցել, անշուշտ, հիշում են նրա վարպետ խաղը, նրա խփած գոլերը, ինչի համար նրան իրավամբ անվանում էին կաշվե գնդակի գրոսմայստեր։ Հիշում են  ամենայն հարգանքով ու երախտագիտությամբ…

… Յոթ տարեկան վտիտ մանչուկ էր Էդիկը, երբ հայրը նրան առաջին անգամ տարավ մարզադաշտ։ Նա երբեք չէր տեսել իսկական ֆուտբոլիստների խաղը, թեև հայրը՝ Արտյոմ Մարգարովը, Բաքվի «Լոկոմոտիվ» թիմի լավագույն խաղացողներից էր։ Այնտեղ, պահեստայինների  նստարանին նստած, երեխան հիանում էր «մեծ քեռիների» խաղով, զարմանում նրանց գործողություններով։ Ընդմիջմանը հոր ընկերներից մեկը նրան տվեց իսկական գնդակ, ինքը կանգնեց դարպասում և առաջարկեց իրեն գոլ խփել։ Էդիկը փորձեց, հետո երկրորդ, երրորդ անգամ և… ընդմիշտ սիրեց կաշվե գնդակը։ Տասը տարեկանում նա արդեն թաղի լավագույն խաղացողներից էր, թեև իր տարիքից շատ փոքր էր երևում։ Հայրը, նկատելով որդու արտակարգ ընդունակությունները, ստանձնեց  նրա մարզչի դերը, տարավ իրենց ակումբի մանկական խումբ, որտեղ աշխատում էր ինքը։ Մարզիչ հայրը որդուն հենց սկզբից սովորեցրեց մինչև վերջ նվիրվել խաղին, հարգել խաղընկերոջը և մրցակցին։

Առաջին խոշոր հաջողությունը եկավ 1958 թվականին, երբ տասնվեցամյա Էդիկ Մարգարովը Ադրբեջանի հավաքականի կազմում մասնակցեց դպրոցականների համամիութենական սպարտակիադային։ Թիմը գրավեց չորրորդ տեղը, իսկ ինքը՝  հավաքականի կենտրոնական հարձակվողը, խփելով ինը գնդակ, նվաճեց լավագույն ռմբարկուի մրցանակը։

Նոր էին վերադարձել տուն, երբ նրան հրավիրեցին հանդես գալու Արմավիր քաղաքի (Հյուսիսային Կովկաս) նույնանուն թիմում։ Երկու տարի խաղում էր ԽՍՀՄ առաջնության «Բ» խմբում։

Այստեղ նա թրծվեց դժվարին մենամարտերում, առնականացավ և կայացավ որպես ֆուտբոլիստ։ Իսկ 1960 թվականին, երբ «Արմավիրը» ընկերական հանդիպում էր անցկացնում երկրի առաջնության «Ա» խմբում հանդես եկող Բաքվի «Նեֆթյանիկ» թիմի հետ, նա գերազանց խաղ ցույց տվեց, ավելին՝ խփեց «իր» գոլը։ Այդ հիշարժան խաղից հետո մրցակից թիմի  մարզիչ Բորիս Արկադևը տասնյոթամյա պատանուն հրավիրեց իր թիմ։ Այդպես կայացավ խորհրդային ֆուտբոլի ականավոր մասնագետներից մեկի և պատանի ֆուտբոլիստի հանդիպումը, որը կանխորոշեց Էդուարդ Մարգարովի ապագան։

Այդ ժամանակ «Նեֆթյանիկի» կազմում հանդես էին գալիս այնպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ Ալեքպեր Մամեդովը, Յուրի Կուզնեցովը, Ադամաս Գոլոդեցը, մարզիկներ, ովքեր աչքի էին ընկնում նուրբ տեխնիկայով։ Հենց նրանք էլ դարձան Էդուարդի առաջին իսկական ուսուցիչները խաղադաշտում։ Ընդամենը կես տարի պահեց Բորիս Արկադևը Մարգարովին պահեստայինների նստարանին։ Իսկ 1961 թվականի ապրիլի 26-ին, երբ նավթագործները Մոսկվայում խաղում էին երկրի ուժեղագույն թիմերից մեկի՝ «Տորպեդոյի» հետ, Էդուարդ Մարգարովը փոխարինեց հիվանդացած Մամեդովին։ Առաջին ելույթը գերազանց էր։

Թեև թիմը տանուլ տվեց 2։3 հաշվով, այնուամենայնիվ, էդիկը խփեց իր առաջին գոլը երկրի առաջնության «Ա» խմբում։ Նա մինչ այդ շատ գոլեր էր խփել, հետագայում ևս շատ էր խփելու, բայց առաջին գոլը միշտ հիշում է։ Չէ՞ որ հենց այդ գոլից էլ բացվեց  նրա «անձնական հաշիվը», որտեղ գրանցվելու էին իր խփած 116 գոլերը, այսինքն՝ նա դառնալու էր «Գրիգորի Ֆեդոտովի» ակումբի անդամ։

61-ին Էդուարդը դեպքից-դեպք էր երևում հիմնական կազմում։ Սակայն հաջորդ տարվանից նա ոչ միայն մշտական տեղ զբաղեցրեց թիմի հիմնական կազմում,  դարձավ թիմի կենտրոնական հարձակվողը, այլև … նվաճեց երկրի առաջնության  լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը։ Այո, բարձրագույն խմբում իր ելույթի առաջին իսկ տարում Մարգարովը մրցակցի դարպասը խփեց 16 գնդակ և սպարտակցի Յուրի Սևիդովի հետ արժանացավ «Տրուդ» թերթի սահմանած հատուկ մրցանակին։ Երիտասարդ  հարձակվողի այդ նվաճումը չվրիպեց Խորհրդային Միության հավաքականի մարզիչների ուշադրությունից և նրան հրավիրեցին մասնակցելու միջազգային հանդիպումների։

Ճիշտ է, դեռ ոչ գլխավոր հավաքականի կազմում։ Ասենք, որ Մարգարովը հանդես է եկել ԽՍՀՄ բոլոր հավաքականներում՝ սկսած պատանեկանից մինչև ազգայինը։ Նրա գլխավոր երազանքն իրականացավ 1966 թվականի հունիսի 5-ին,երբ առաջին անգամ հանդես եկավ ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում՝ խաղալով Ֆրանսիայի հավաքականի դեմ։ Դրանից հետո նա մասնակցեց նաև Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնությունից հետո Մարգարովը ևս երկու տարի կրեց Խորհրդային Միության ազգային հավաքականի համազգեստը, իսկ այնուհետև ընդմիշտ հրաժեշտ տվեց նրան։ Դա 1968 թվականին էր։

Որոշ ժամանակ անց Մարգարովի խաղում ինչ-որ անկում է նկատվում։ Նա այլևս այնքան գոլեր չէր խփում, ինչպես առաջներում։ Շատերը նրան համարում էին «ծերացած»։ Ցավոք, նման կարծիք էր ստեղծվել նաև «Նեֆթչի» թիմում, որի կազմում նա խփել էր 88 գնդակ, որի ավագն էր վեց տարի անընդմեջ, և որի հետ 1966 թվականին նվաճել էր ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալները։ Նման պարագայում ոչ բոլոր մարզիկներն են ճիշտ կողմնորոշվում, հաղթահարում ճգնաժամը, մանավանդ, եթե ձախորդությունները հետևում են մեկը-մյուսին։ Ամբողջ 1969 թվականի ընթացքում Մարգարովը վնասվածքների պատճառով գրեթե հանդես չեկավ։

1971 թվականի մրցաշրջանի նախաշեմին Էդուարդ Մարգարովը տեղափոխվեց Երևանի «Արարատ»։ Նա եկավ մի թիմ, որտեղ տարիներ առաջ խաղացել էր հայրը, որտեղ ուներ շատ բարեկամներ։ Արարատցիները, քաջ գիտակցելով Մարգարովի հոգեվիճակը, գրկաբաց ընդունեցին նրան, ամեն ինչ արեցին, որպեսզի Էդուարդը վերականգնի հավատն իր ուժերի նկատմամբ։ Եվ նրա հավատը վերականգնվեց։ Ոչ միայն խաղաց վստահ, այլև զարմանք պատճառեց շատ մասնագետների։ Մի ֆուտբոլիստ, որին 28 տարեկան հասակում ծեր էին համարում, կարծես «կենարար ջուր» էր խմել։ Երևի, հայրենի հողն ու հարազատ դեմքերն էին այդ «կախարդական ջրի» էներգիան հաղորդում։ Մարգարովը դարձավ «Արարատ-71»-ի հոգին։ Այդ մրցաշրջանում նա թիմի լավագույն ռմբարկուն եղավ և մեծապես նպաստեց նրա «արծաթյա հաղթարշավին»։

1971 թվականի հոկտեմբերի 30։  «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ։ Դաշտ են դուրս եկել Երևանի «Արարատը» և Լենինգրադի «Զենիթը»։ Մարզական տեսակետից այդ հանդիպումը ոչինչ չէր որոշում, պարզապես օրացուցային հերթական խաղ էր։ Բայց այդ խաղը, ավելի ստույգ՝ այդ օրը, ընդմիշտ մտավ հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ, և դրա «մեղավորը» Էդուարդ Մարգարովն էր, ով, խփելով իր հարյուրերորդ գոլը, արարատցիներից առաջինը դարձավ «Ֆեդոտովի ակումբի» անդամ։ Քիչ անց նա խփեց նաև իր 101-րդ գոլը։

Մինչ այդ պահը, երբ Մարգարովը խփեց իր 100-րդ և 101-րդ գոլերը,  ընդամենը քսան ֆուտբոլիստի էր հաջողվել Խորհրդային Միության առաջնություններում խփել հարյուր կամ  ավելի գնդակ։ Հետագայում «Ֆեդոտովի ակումբի» անդամ «գրանցելիս» սկսեցին հաշվի առնել նաև  ԽՍՀՄ գավաթի խաղարկություններում, միջազգային պաշտոնական հանդիպումներում խփված գոլերը, ինչը բավականին հեշտացրեց այդ ակումբի ապագա անդամների գործը։ Ասենք, որ այդ ակումբը երկար տարիներ գլխավորում էր Մոսկվայի «Սպարտակի» և ԽՍՀՄ ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Նիկիտա Սիմոնյանը, ով երկու տարի անց գլխավորելու էր «Արարատը» և նրան հասցնելու էր փառքի գագաթնակետին։

Այո, «Արարատ-73»-ի աստեղային ժամը դեռ առջևում էր…

Հետևյալ մրցաշրջանում Մարգարովը աննկատ մնաց, ավելին՝ նրան երբեմն կարելի էր տեսնել նույնիսկ պահեստայինների նստարանին կամ փոխարինողների կազմում։

1973-ին «Արարատը» գլխավորեց Նիկիտա Սիմոնյանը, ում, ինչպես վերը նշեցինք, վիճակված էր մեր լավագույն թիմը ոսկե բարձունքներին հասցնել։ Թիմն ընդունելու առաջին իսկ օրը Նիկիտա Սիմոնյանն ասաց, որ մեծ հույսեր է կապում ոչ միայն միջին և երիտասարդ սերնդի խաղացողների, այլև այսպես կոչված «ծերուկների» հետ։ Իսկ այդ «ծերուկները»՝ Մարգարովն ուԿովալենկոն էին։ Սիմոնյանը, լավ մարզիչ լինելուց բացի, նաև լավ մանկավարժ էր ու հոգեբան։ Նա շատ լավ էր հասկանում այդ վետերաններին ու նաև հավատում էր, որ նրանք թիմին դեռ պետք են գալու։ Եվ, իրոք,այդ երեսնամյա «ծերուկները» ամեն ինչ արեցին հայկական ֆուտբոլի տարեգրության ոսկե էջը գրելու համար։ Մարգարովն առաջվա պես թիմի ոգին էր, «ուղեղը», «շարժիչը»։ Նա էր դաշտում ծայր առնող բոլոր կոմբինացիաների հիմնական առանցքը։ Նա էր մեկը մյուսի ետևից գրոհի նետում արագաշարժ եզրային հարձակվողներ Նիկոլայ Ղազարյանին ու Լևոն Իշտոյանին, նա էր դժվարին պահերին իր վրա վերցնում հարձակումն ավարտելու պատասխանատվությունը։ Եվ քանի-քանի անգամ հենց Էդուարդ Մարգարովի խփած գոլն է հաղթական դարձել արարատցիների համար։ Իսկ կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն մի անանցանելի «պատ» էր հարազատ թիմի դարպասի առաջ։ Մի խոսքով, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Երևանի «Արարատի» անունը ոսկե տառերով գրվի ֆուտբոլային Օլիմպոսում։

Այսօր Էդուարդ Մարգարովը 75 տարեկան է։ Ինչպես տեսանք, նա անցել է մարզական երկար ճանապարհ՝ տասներկու տարի անընդմեջ հանդես գալով Խորհրդային Միության բարձրագույն խմբի առաջնություններում։ Բնական է, որ ունի նաև հիանալի մարզական ավար։ Նրա բնակարանը կարծես մարզական մի թանգարան լինի։ Այդ հարուստ հավաքածուում առանձին տեղ է հատկացված ԽՍՀՄ դպրոցականների 1958 թվականի սպարտակիադայում լավագույն ռմբարկուի ու նաև Խորհրդային Միության 1961 թվականի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակները։

Նա «Արարատի» միակ ֆուտբոլիստն է, որ Խորհրդային Միության առաջնություններում նվաճել է բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, տիրել է ԽՍՀՄ բյուրեղապակյա գավաթին և, վերջապես՝ արժանացել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։

Լևոն Ազրոյան
«Արմենպրես»

Աղբյուրը` 168.am