30 Հոկտեմբերի 2020թ. 20:46

ԱՐԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ. “ԴՐՍԻ ՓՈՂԸ” ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԲՈՒՖԵՐ

Հայաստանը, ունենալով փոքր տնտեսություն, սակավ ռեսուրսներ եւ երկու փակ սահման, կայուն տնտեսական զարգացում ապահովելու հարցում մեծապես կախված է օտարերկրյա ներդրումների ներգրավումից:

Օտարերկրյա ներդրումների դերը ցանկացած տնտեսության զարգացման գործում անհնար է թերագնահատել: Այն առավել ակնառու է զարգացող երկրների համար, որտեղ տնտեսության ֆինանսավորումը ներքին խնայողությունների հաշվին իրատեսական չէ: Դրանք հյուրընկալող երկրին տալիս են մի շարք առավելություններ:

Օտարերկրյա ներդրումները հատկապես զարգացող երկրների համար ծառայում են արտաքին կապիտալի աղբյուր եւ արագացնում տնտեսության աճի տեմպերը:

Բացի այդ, դրանք նպաստում են երկրում զբաղվածության աճին, գործարար մշակույթի «թարմացմանն» ու առողջ մրցակցային դաշտի ձեւավորմանը: Իսկ զարգացած երկրներից եկած արտասահմանյան ներդրումներն իրենց հետ հյուրընկալող երկիր են բերում նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ:

Օտարերկրյա ներդրումների կարեւորությունը Հայաստանի համար հայտարարվում է կառավարության մակարդակով: Արտասահմանյան կապիտալով են «աշխատում» ռազմավարական նշանակության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, էներգետիկան, կոմունալ ծառայությունները, որոնց զարգացումը ներքին ռեսուրսների հաշվին անհամեմատ դանդաղ կընթանար:

Դրսից կապիտալ ներգրավելու կարեւորությունը գիտակցելով հանդերձ՝ փոքր եւ միջին կազմակերպությունները հիմնականում դժվարանում են գործընթացն ինքնուրույն կազմակերպել: Այս հարցում նրանց կարող են օգնել խորհրդատվական եւ ներդրումային ընկերությունները: Նման ծառայություններ է մատուցում նաեւ «Կապիտալ Լոկուս»-ը, որը մասնավոր ընկերություններին հնարավորություն է տալիս միջազգային ֆինանսական կազմակերպություններից, մասնավոր ֆոնդերից եւ ակտիվների կառավարման ընկերություններից սեփական կապիտալում ներդրումներ ներգրավել՝ զուգահեռաբար նպաստելով նաեւ Հայաստանում մասնավոր կապիտալի շուկայի ակտիվացմանն ու օտարերկրյա ներդրումների ներհոսքի աճին:

Տասը տարվա ներդրումները՝ թվերով.

2001-2008 թթ. ներդրումների ներգրավման տեսանկյունից բավական բարեհաջող ժամանակահատված էր Հայաստանի համար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն այդ տարիներին ավելացել է գրեթե 14 անգամ՝ 2008-ին հատելով $1 մլրդ-ի սահմանը:

Այնուամենայնիվ, ներդրումների այս «բումը» երկար չտեւեց. 2009-2010 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աճը հետզհետե փոխարինվեց անկմամբ, իսկ 2013-ից անկումը սկսեց ընթանալ անգամներով: Օտարերկրյա ներդրումների ծավալն անցած տարվա տվյալներով արդեն կազմել է $130,4 մլն, ինչը 2008-ի ցուցանիշին զիջում է գրեթե ութ անգամ:

Ինչ վերաբերում է ներդրումների աշխարհագրական կառուցվածքին, ապա դրանց գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: 2007-2011 թթ. առաջատար ներդրողը եղել է Ռուսաստանը, որը Ֆրանսիային է զիջել իր դիրքը միայն 2012-ին եւ 2013-ին: Մյուս խոշորագույն ներդրողներն են Արգենտինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ն:

Իրավիճակն արտացոլող կարեւորագույն ցուցանիշներից է ներդրումների հարաբերակցությունը երկրի ՀՆԱ-ին: Հայաստանում, 2008-ի տվյալներով, այս ցուցանիշը կազմում էր 8,58%, իսկ 2016-ի դրությամբ այն արդեն հասել է 1,23%-ի, այն դեպքում, երբ ՀՆԱ-ի աճը եղել է բավական համեստ:

Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանում այս ցուցանիշը 2016-ին կազմել է 11,2% (Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով): «Չկա չարիք՝ առանց բարիքի». այս ցուցանիշի ցածր մակարդակը խոսում է մեր երկրում ներդրումների մակարդակի բարելավման մեծ ներուժի մասին:

Վերջին 10 տարում ներդրումների հիմնական մասն ուղղվել է էլեկտրաէներգիայի, գազի, հեռահաղորդակցության, ցամաքային եւ օդային տրանսպորտի, հանքարդյունաբերության (աղբյուրը՝ armstat.am) ոլորտներին: Սակայն սա դեռ չի նշանակում, որ դրանք շարունակելու են գրավիչ լինել ներդրողների համար նաեւ առաջիկա տարիներին, հետեւաբար՝ անհրաժեշտ է մշտապես ուսումնասիրել համաշխարհային եւ տարածաշրջանային միտումներն ու ներդրողների նախասիրությունները:

Ինչպես դառնալ գրավիչ.

Օտարերկրյա ներդրողները ներդրում կատարելիս շատ դեպքերում նպատակահարմար չեն գտնում ժամանակ եւ ռեսուրսներ ծախսել տվյալ երկրի ոլորտները մանրամասն վերլուծելու համար: Նրանք ավելի շուտ կօգտվեն միջազգային հեղինակավոր գործակալությունների իրականացրած վերլուծություններից, կազմած ինդեքսներից եւ շնորհած վարկանիշներից:

Դրանց թվում է Համաշխարհային բանկի Doing Business զեկույցը, որի վարկանիշում Հայաստանը ներկայում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը (նախորդ տարվա ցուցանիշը բարելավել է 5 կետով):

Իսկ Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամի Տնտեսական ազատության ցուցիչում Հայաստանը զբաղեցնում է 33-րդ տեղը 180 երկրների շարքում՝ համարվելով առավելապես ազատ տնտեսությամբ երկիր:

Հայաստանի համար ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով կարեւոր է «առաջ գնալ» միջազգային այս վարկանիշներում:

Կարեւոր հանգամանքներից է նաեւ երկրի տարածաշրջանային գրավչությունը:

Օրինակ՝ մեր տարածաշրջանում օտարերկրյա պոտենցիալ ներդրողը որեւէ ոլորտում ներդրում կատարելուց առաջ պարտադիր կդիտարկի համապատասխան գործարար հնարավորությունները Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում եւ Իրանում. «շահող» դուրս գալու համար անհրաժեշտ է մշակել եւ գովազդել երկրի համեմատական առավելությունները:

Ներդրողների համար շատ կարեւոր է տվյալ երկրում սեփականության իրավունքի պատշաճ պաշտպանությունը: Այս ինստիտուտի խոցելիությամբ եւ քաղաքական անկայունության բարձր մակարդակով երկրները, որպես կանոն, ավելի հակված են մասնավոր սեփականության ազգայնացման, ինչը տվյալ երկրում ներդրումները դարձնում է վտանգված: Կառավարությունը պետք է երաշխավորի օտարերկրյա ներդրողների սեփականության իրավունքի պատշաճ պաշտպանությունն ու քայլեր ձեռնարկի քաղաքական կայուն երկրի համբավ ձեռք բերելու եւ պահպանելու ուղղությամբ:

Այլ երկրների հետ առեւտրային համաձայնագրերի կնքումը երկրի ներդրումային միջավայրը դարձնում է առավել ակտիվ: Այն հնարավորություն է տալիս տեղի ընկերություններին եւ օտարերկրյա ձեռնարկություններին մտնել նոր շուկաներ: ՀՀ կառավարության կողմից այլ երկրների հետ առեւտրային համաձայնագրերի կնքումը լավ խթան կդառնա այն ներդրողների համար, որոնք հետաքրքրված են մեր ընդհանուր տարածաշրջանով եւ ԵԱՏՄ շուկայով:

Ներդրումների տեսանկյունից չպետք է թերագնահատել նաեւ Սփյուռքի դերը. ուսումնասիրելով ներդրումային հոսքերն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Արգենտինան, Շվեյցարիան, Ռուսաստանը, պարզ է դառնում, որ ներդրող կազմակերպությունների զգալի մասը պատկանում է հայերին: Սա Հայաստանի յուրահատուկ առավելությունն է, որի ներուժն ամբողջությամբ իրացված չէ:

Աղբյուրը` banks.am