4 Դեկտեմբերի 2020թ. 2:08

ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տաս տարի առաջ 10 տարբեր գործողություն անելու համար մարդուն նույն քանակի էլ գործիքներ էին անհրաժեշտ: Այսօր սմարթֆոնը փոխարինում է դրանց մի մասին: Սմարթֆոնով այսօր ինչպես զանգում ենք, այնպես էլ գրում, հեռուստացույց նայում, լուրեր կարդում և վճարումներ կատարում: Սակայն ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, սմարթֆոնները նաև գաղտնի և չբացահայտված գործառույթներ են ունենում, որոնց մասին միշտ չի խոսվում: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

1.Գրություն արգելափակված էկրանի վրա
Եթե կորցրել եք սմարթֆոնը, և էկրանն արգելափակված է հատուկ գաղտնագրով, ապա այն վերադարձնելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ: Սակայն Android-ի նոր տարբերակներում հնարավոր է էկրանի վրա գրություն ավելացնել, ինչպես օրինակ՝ խնդրելով վերադարձնել սմարթֆոնը կամ զանգահարել որևէ համարով: Դրա համար անհրաժեշտ է բացել «Կարգավորումներ» բաժինը, անցնել «Էկրանի արգելափակում և գաղտնագրեր» կետին և բացել «Գրություն արգելափակման էկրանին» հատվածը:

2.Սմարթֆոնի հիշողության կարգավորումը
Վաղ թե ուշ հիշողության ծավալը լրանալու է: Դրանից խուսափելու համար կարելի է կիրառել կուտակիչ կամ ծրագրային ծառայություններ, ինչպես օրինակ Dropbox -ը: Կարելի է նաև լուսանկարները ներբեռնել Telegram Messenger-ում:

3.Վերահսկողության համակարգ՝ սմարթֆոնից
Հին սմարթֆոնը կիրառելու տարբերակներից մեկը տան համար վերահսկողության համակարգ ստեղծելն է: Շարժման սենսորի գործառույթով հավելվածի շնորհիվ հնարավոր է սմարթֆոնը վերածել տեսահսկման տեսախցիկի, որը լուսանկարում է, որբ ինչ-որ մեկը հայտնվում է կադրում, ապա ուղարկում է լուսանկարը տիրոջը:

4.Տեսաձայնագրիչ
Սա սմարթֆոնի տեսախցիկն օգտագործելու ևս մեկ տարբերակ է: Սմարթֆոնն անհրաժեշտ է այնպես ամրացնել, որ տեսախցիկը առավելագույն տեսադաշտ ունենա: Դրա համար կարելի է հատուկ հավելվածներ կիրառել: