27 Հոկտեմբերի 2020թ. 18:25

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները զգուշացնում են նոր ֆինանսական ճգնաժամի հնարավորության մասին, գրում է գերմանական Die Welt թերթը:

Նրանց կարծիքով՝ չնայած վերջին տարիների ռեֆորմներին, շարունակում են գոյություն ունենալ չվերահսկվող ոլորտներ: Հետեւաբար, սխալ կլինի պահպանել վստահությունը՝ ֆոնդային բորսաներում համեմատաբար լավ իրավիճակի եւ տնտեսության կայուն կառուցվածքի ֆոնին:   Die Welt-ն այս եզրահանգմանն է եկել՝ հարցում անցկացնելով 18 Նոբելյան մրցանակակիրների շրջանում, որոնք այս շաբաթ գերմանական Լինդաու քաղաքում քննարկում են առավել սուր տնտեսական խնդիրները:

Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Իելլենը հունիսի վերջին հայտարարել էր, որ «մեր կյանքի ընթացքում այլեւս ականատես չենք լինի ֆինանսական ճգնաժամի»: Մինչդեռ տնտեսագետներն ակնհայտորեն հեռացել են նրա այս տեսակետից:«Ես չէի հիմնվի նման հայտարարության վրա: Ամեն անգամ, երբ մենք կարծում ենք, որ բանկային հաշիվներից միջոցների համատարած դուրսբերում այլեւս տեղի չի ունենա, նման իրավիճակի կրկնության ռիսկն աճում է»,- նշել է 2016թ. Նոբելյան մրցանակակիր Բենգթ    Հոլմսթրեմը (Bengt Holmström):«Մեծ հավանականությամբ կարելի է հայտարարել, որ արդեն ոչ հեռու ապագայում տեղի կունենա նոր ֆինանսական ճգնաժամ»,- ընդգծել է 2004թ. Նոբելյան մրցանակակիր Էդուարդ Փրեսքոթը (Edwar dPrescott):

Ինչպես գրում է Die Welt-ը, նախորդ ֆինանսական ճգնաժամից մեկ տասնամյակ անց Նոբելյան մրցանակակիրները նոր ճգնաժամի հարցը վերստին մտցնում են քաղաքական օրակարգ: «Այս հեղինակավոր տնտեսագետները թերահավատ են, թե երբեւէ հնարավոր կլինի արդյունավետ կերպով պաշտպանել ֆինանսական աշխարհը ապագա ճգնաժամերից»,- նշում է թերթը:

«Գլոբալ թվային ցանցերի դարաշրջանում դա խափկանք է: Ֆինանսական ռիսկերը տեղաշարժվում են, ինչպես էլեկտրականությունը հսկա ցանցով: Մեզ մոտ ընդհանրապես բացակայում է անհրաժեշտ գործիքակազմը՝ հետեւելու, կարգավորելու եւ կառավարելու նմանատիպ անորոշությունները: Հետեւաբար, նոր ֆինանսական ճգնաժամն անխուսափելի է»,- կարծում է 2000թ. Նոբելյան մրցանակակիր Դենիել Մակֆադենը (Daniel McFadden):