Այովայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տրամադրությունը բարձրացնելու համար մարդը պետք է պարզապես մի քանի րոպե զբոսնի: Բանն այն է, որ շարժումը մարդու մոտ ասոցացվում է սնունդ որոնելու և պարգևատրվելու հետ:
Գիտնականներն այս փաստը հաստատելու համար անց են կացրել երեք գիտափորձ: Ընդ որում՝ գիտափորձերին մասնակցել են հարյուրավոր ուսանողներ, որոնք գաղափար անգամ չունեին, թե ինչ նպատակ է հետապնդում ուսումնասիրությունը: Առաջին ու երկրորդ գիտափորձերի մասնակիցներն օրական 12 րոպե զբոսնում էին համալսարանի տարածքում որևէ մեկի հետ կամ միայնակ, իսկ մյուս կամավորները դիտում էին նման զբոսանքների տեսագրություններ կամ լուսանկարներ:
Գիտնականները նկատել են, որ ամեն օր զբոսնող ուսանողների տրամադրությունն ավելի բարձր էր, քան նրանցը, որոնք միան լուսանկարներ կամ տեսագրություններ էին դիտում:
Դրական արդյունք է նկատվել նույնիսկ այն մասնակիցների մոտ, որոնց զբոսանքից առաջ «վախեցրել» են՝ ասելով, որ զբոսանքից հետո հարկավոր է երկու էջանոց էսսե գրել:
Երրորդ գիտափորձի ժամանակ ուսանողներին 10 րոպե ցուցադրվել է տեսանյութ Սաատչի պատկերասրահի մասին, որի ընթացքում կամավորների առաջին խումբը նստած էր, երկրորդը՝ կանգնած, իսկ երրորդը քայլում է մարզական վազքուղու վրա:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ուսանողները, որոնք քայլում էին, ավելի լավ տրամադրություն ունեն՝ ի տարբերություն մյուսների:
Նյութի աղբյուրը՝ dailymail.co.uk