5 Դեկտեմբերի 2020թ. 22:19

ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԼԻՆԵԼ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից տնտեսական աճի լավատեսական սցենարով վերանայումը միանգամայն իրատեսական է: Տարվա կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշը կլինի միջինը 4.5 տոկոսի սահմաններում, բայց հնարավոր է ավելի բարձր՝ մինչև 5 տոկոս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Այս տարվա համար նախատեսված 3.2 % տնտեսական աճի ցուցանիշը բավական զուսպ է՝ հաշվի առնելով տնտեսական իրողությունները, արտահանման շուկաներում զարգացումները և ներքին տնտեսությունում ներդրումների ակտիվացումը:

Կարծում եմ՝ Կենտրոնական բանկը հաշվի է առել այս գործոնները և վերջին շրջանում տնտեսության մեջ բարելավումները բերելու են ավելի բարձր մակարդակի արդյունքային ցուցանիշների»,-նշեցտնտեսագետը:
Նշենք, որ Կենտրոնական բանկը նախօրեին ներկայացրել է դրամավարկային քաղաքականության ծրագրի 2017 թ. 3-րդ եռամսյակի ցուցանիշները:

Ելնելով 2017 թ. առաջին կիսամյակում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունից՝ ԿԲ-ն վերանայել է 2017 թ. տնտեսական աճի կանխատեսումը դեպի վերև: Տնտեսական աճը միջնաժամկետ հատվածում կձգտի իր երկարաժամկետ ներուժային մակարդակին՝ գտնվելով 4-5 %-ի միջակայքում: Իսկ ըստ Ազգային վիճակագրության վերջին հրապարակման՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին կիսամյակում եղել է 6.2 տոկոս:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ 2017 թ. ընթացքում տնտեսական աճը բարձր է եղել տնտեսության հիմնական հենքային ոլորտներում՝ արդյունաբերություն, էներգետիկա, ծառայություններ, բարձր տեխնոլոգիաներ:
«Իհարկե, ակտիվությունը հնարավոր է մինչև տարեվերջ որոշակիորեն նվազի, բայց միանգամայն իրատեսական է, որ տնտեսական աճի հանրագումարային ցուցանիշը կլինի 4.5 %-ի սահմաններում»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ պրոբլեմային կարելի է համարել գյուղատնտեսության ոլորտը, որը նորից որոշակի անկում է գրանցել, բայց այս պահի դրությամբ անկման տեմպերը նվազում են: Նույնը վերաբերում է նաև շինարարության ոլորտին, բայց վերջինս ամենևին էլ տնտեսական աճի գեներատոր չէ:
«Գյուղատնտեսական ոլորտի մասով նախորդ տարվա համեմատ այս տարին շատ ավելի բարենպաստ է, բայց, քանի որ անցյալ տարվա բազան բավականաչափ ցածր էր՝ անկումը շատ մեծ էր, այդ պատճառով ներկա պահին գյուղատնտեսության ոլորտում 7 ամսվա տվյալներով անկում է արձանագրվել»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է այս տարվա առաջին կիսամյակում առևտրաշրջանառության 26 տոկոս աճին, տնտեսագետը նշեց, որ այս միտումները կշարունակվեն մինչև տարեվերջ:
Կենտրոնական բանկն իր հաշվետվությունում ներկայացրել էր նաև գնաճի միտումները: Մասնավորապես, մինչև 2017 թ. վերջ գնաճը կշարունակի ընդլայնվել՝ ձևավորվելով  տատանման թույլատրելի միջակայքում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: ԱՎԾ-ի համաձայն էլ՝ սպառողական գների ինդեքսում առաջին կիսամյակում գրանցվել է 0.5 տոկոս գնաճ:

Ատոմ Մարգարյանը համամիտ է ԿԲ կանխատեսումների հետ, որ գնաճը ծրագրվածի սահմանում կարող է ապահովվել: Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկը նախորդ տարիներին վարում էր բավական ընդլայնողական քաղաքականություն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մի քանի անգամ իջեցնելով և հասցնելով մինչև 6 տոկոսի.

«Վերջին մեկ տարվա ընթացքում 6 տոկոսը կարելի է ասել կրիտիկական է, դրանից ներքև իջեցումը կարող է գնաճի լուրջ գործոն դառնալ»,- նշեց նա:

«Մենք տեսնում ենք, որ բանկային համակարգի ներսում պրոբլեմ կա: Այս իմաստով   նեգատիվ միտումներից բավական ակնառու է դոլարիզացիայի մակարդակի ավելացումը վարկային բաղադրիչի, պորտֆելի մեջ, որը մտահոգիչ է: Այսինքն՝ բանկային համակարգի փոխարժեքային ռիսկերը փոխանցվում են ռեալ սեկտոր: Սա հատկապես փոխարժեքի տատանումների նկատմամբ զգայուն ոլորտների համար կարող է հավելյալ ռիսկեր և խնդիրներ ստեղծել»,- ասաց Ատոմ Մարգարյանը:

Հակոբ Ասլանյան

Աղբյուրը՝ tert.am