25 Հոկտեմբերի 2020թ. 9:03

ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻ ՊԱՏՃԱՌԻ ՄԱՍԻՆ

Անհանգստությունը, վախը եւ դեպրեսիան աղիների միկրոֆլորայի ֆունկցիայի խանգարման հետեւանք են: Այս եզրակացությանն են հանգել Իռլանդիայի Քորկ քաղաքի համալսարանական քոլեջի (UCC) գիտնականները։

Իռլանդացի մանրէաբանները հետազոտել են, թե ինչպես են ռիբոնուկլեինային թթվի միկրոմասնիկները (միկրոՌՆԹ) աղիքային մանրէների ներգործությամբ ազդում ուղեղի վրա: «Աղիների ֆլորայի եւ ուղեղի միջեւ տեղի է ունենում ակտիվ հաղորդակցություն»,- պնդում են UCC-ի գիտնականներ Ջերարդ Քլարքը եւ Ջոն Քրիանը «Միկրոբիոմ» մասնագիտացված հանդեսի էջերում:

Աղիների խիստ հյուծված միկրոֆլորայով մկները փորձերի ընթացքում ցուցադրել են խիստ անհանգստություն, ասոցիալ-դեպրեսիվ վարք եւ ճանաչողական ֆունկցիաների նվազում: Իսկ աղիքային տրակտի առողջության ձգձգվող խանգարումն զգալիորեն մեծացնում է նյարդա-դեգեներատիվ հիվանդությունների վտանգը:

Այսպիսով, ինչպես կարծում են հետազոտողները, հատուկ սննդային պրոբիոտիկ-հավելանյութերի օգնությամբ միանգամայն իրական է բուժել հոգեկան շատ հիվանդություններ: «Դա զգալիորեն ավելի պարզ ուղի է, քան ՌՆԹ-ի վրա ներգործումը գլխուղեղի որոշակի հատվածներում»,- նշում են հեղինակները:

Աղիքային մանրԷների վրա ներգործումը լայն հորիզոններ է բացում բժշկագիտության բնագավառում: «Մենք հոգեբիոտիկ հեղափոխության շեմին ենք»,- հայտարարում են իռլանդացի միկրոկենսաբանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am