Ուզում եմ հավատալ, որ կառավարությունն իր առջև դրված ծրագրերը կիրագործի, բայց մեկ տարին լրացել է, իսկ որևէ ոլորտ չեմ հիշում, որ լուրջ ճեղքում է առաջացրել, թեպետ մեր նման փոքր երկրում դա ակնկալելի էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության և Կենտրոնական բանկի ներկայացրած ցուցանիշներին։ Տնտեսագետը հայտարարեց՝ առևտրաշրջանառության հայտարարված աճը խաբուսիկ է, իսկ արտագաղթն ու ուղեղների արտահոսքը շարունակում են արնաքամ անել երկրի տնտեսությունը։
— Պարո՛ն Մանասերյան, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում 2.1 տոկոսով անկում է եղել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչո՞վ է պայմանավորված այս անկումը՝ հաշվի առնելով այն, որ այս ոլորտը ՀՀ տնտեսական աճի կարևոր բաղադրիչներից է:
— Գյուղատնտեսությունը միշտ ավելի համեստ վիճակում է գտնվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների, մեխանիզացվածության տեսանկյունից և այլն, այնպես որ, չեմ կարծում, թե գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության հիմնական ճյուղերից է: Այլ հարց է, որ այս ոլորտը մեծ պոտենցիալ ունի, որն օգտագործել է պետք. կարծես որոշ քայլեր արվում են: Լիահույս եմ, որ իրենց նպատակին կհասնեն, նկատի ունեմ նաև խելացի այգիները, կաթիլային ոռոգումը և այլն: Հորդորում եմ վատ չտրամադրվել անկման պատճառով, քանի որ հրապարակված թվերն առաջին 7 ամիսների տվյալներ են, իսկ այդ ընթացքում, միայն հունիս ու հուլիս ամիսներն են այս ոլորտի համար աշխույժ: Ակնկալիքներ պետք է ունենալ օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներից: Կասկած չունեմ, որ գյուղատնտեսությունը կունենա դրական ցուցանիշ և կշտկի վիճակը: Այս թիվն ինձ՝ որպես տնտեսագետի, լուրջ մտահոգության առիթ չի տալիս, թեպետ գյուղատնտեսական ոլորտում լուրջ խնդիրներ կան ու ագրարային քաղաքականությունից շատ դժգոհ եմ՝ արդյունավետ չէ: Վստահ եմ՝ նաև հայ գյուղացու համառությունն իր արդյունքները կտա:
— Անկում կա նաև շինարարության ոլորտում՝ 8.7 տոկոսով, շինարարության ծավալը դրամով կազմել է 143 միլիարդ 859 միլիոն դրամ:
— Շինարարությունն այն ոլորտն է, որ ճգնաժամի փուլում ամենաուշն է ներգրավվում դրա մեջ, սակայն նաև ուշ է ազդվում տնտեսական աճից: Հիշենք, երբ 2008թ. ճգնաժամը սկսվեց, անկումը շինարարության ոլորտում զգացվեց 2009-2010 թվականներին: Այս պատճառով հորդորում եմ կառավարությանն ավելի շատ ուշադրություն դարձնել արտադրական տարածքների շինարարությունը: Եթե հաշվի առնենք նաև, որ ավտոմագիստրալների կառուցումը որոշակի դանդաղել է, ապա սա ևս իր հետքը թողնում է շինարարության ոլորտի վրա: Հիշենք նաև, որ ընդհանրապես անշարժ գույքի շուկան գերհագեցած է ՀՀ-ում, այստեղ մեզ համար բավականին մտահոգիչ կետեր կան: Սրա համար եմ ասում, որ զարկ պետք է տրվի արտադրական շինարարությանը, հատկապես համապետական բնույթի ծրագրերին, կապիտալ ներդրումներին, ներքին ներդրումների մասով պետությունն իր մասնակցությունը պետք է ունենա:
— Փոխարենը մենք աճ ունենք առևտրաշրջանառության ոլորտում՝ 7 ամիսներին կազմել է 1 տրիլիոն 346 միլիարդ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 12.2 տոկոսով: Ինչի՞ հաշվին է աճ եղել:
— Այս ոլորտում շարժ կա, չի կարելի չնկատել: Սակայն ընդհանուր առմամբ նաև իրականությանը չեն համապատասխանում հայտարարությունները, թե 50-51 տոկոս առևտրաշրջանառություն է եղել աճ դեպի եվրասիական երկրներ: Բան այն է, որ ՀՀ-ում գրանցված որոշ տնտեսվարողներ «re-export»- ով են զբաղվում, այսինքն՝ ՀՀ ապրանք ու ծառայություններ են բերում, հետո վերամակնիշավորելով՝ ուղարկում 3-րդ երկիր: Սա չի կարող տնտեսության վրա դրական ինչ-որ բան թողել, և վիճակագրական առումով խաբուսիկ պատկեր է տալիս: ՀՀ-ում առևտրաշրջանառության ավելացման գործոններից առաջինը մրցունակությունն է, լավ մարկետինգը, որպեսզի շուկան ուսումնասիրենք ու մեր ապրանքը ներկայացնենք: Մեզ մոտ բացակայում է տնտեսական դիվանագիտությունը, սա մեր ամենախոցելի տեղերից է, իսկ այս պայմաններում լուրջ աշխուժություն առևտրաշրջանառության մեջ չենք կարող ակնկալել: Ամենակարևորներից այն է, որ մեր կառավարությունը մտածի, թե ինչպես երիտասարդ, շնորհալի մարդկանց ներուժն օգտագործի ՀՀ-ում, քանի որ արտագաղթն ու ուղեղների արտահոսքը շարունակում է արնաքամ անել մեր տնտեսությունը: Մինչ այս հարցերը չլուծվի, էական տեղաշարժ չի լինի, որքան էլ խոսեն մի քանի 100 մլն ներդրումների մասին: Այս ներդրումներ իրականացնողներն ովքե՞ր պետք է լինեն, սա է մեր կառավարության ամենախոցելի տեղը:
— Արտահանումը այս տարվա 7 ամիսներին՝ նախորդ տարվա առաջին 7 ամիսների համեմատ, աճել է 21.6 տոկոսով, զուգահեռաբար ներմուծումը 28.5 տոկոսով է աճել: Ի՞նչ ենք ներմուծել, հնարավո՞ր է՝ արտադրական հումք ներմուծած լինենք:
-Հիմնականում ներմուծել ենք առաջին սպառման ապրանքներ, քանի որ առայժմ չենք կարողանում հայաստանցի սպառողին տեղական արտադրանք ներկայացնել: Կյանքի չենք կարողանում կոչել ներմուծման փոխարինման քաղաքականությունը, թեպետ սրա մասին արդեն բավականին երկար ժամանակ են խոսում: Սա տեղի չի ունենում, քանի որ ոմանց շատ ավելի շահեկան է ներկրել, իսկ այս պայմաններում հայ գյուղացին լուրջ աշխուժություն չի կարող դրսևորել. բերվում են անորակ, վտանգավոր մթերքներ, հայաստանյան փոքրիկ շուկայում մրցակցությունը սրվում է: Չեմ կարծում, թե արտադրական հումքի ներկրում է եղել, քանի որ կոմպակտ տնտեսություն ունեցող երկրում հասարակ քաղաքացիներն էլ կզգային, որ ինչ-որ տեղական արտադրություն ավելի աշխուժացել է: Ուզում եմ հավատալ, որ կառավարությունն իր առջև դրված ծրագրերը կիրագործի, բայց մեկ տարին լրացել է, իսկ որևէ ոլորտ չեմ հիշում, որ լուրջ ճեղքում է առաջացրել, թեպետ մեր նման փոքր երկրում դա ակնկալելի էր:
— Խոսեցիք ուղեղների արտահոսքի մասին, այստեղ ուշագրավն այն է, որ գրեթե բոլոր ոլորտներում տարեց տարի փոփոխությունն է լինում, իսկ գործազրկության, աղքատության, արտագաղթի մակարդակը շատ չնչին է տատանվում, շատ անգամ տատանումը լինում է բացասական տենդենցով:
— Իրականում, դեմոգրաֆիկ անվտանգության տեսանկյունից եթե նայենք, ապա արտագաղթի զանգվածային բնույթը, գոնե թվերի լեզվով ասած, պետք է մեղմեր աղքատության մակարդակը: Բան այն է, երբ ավելի աղքատ մասը դուրս է գալիս, մնում է որոշակիորեն ավելի վճարունակ զանգվածը: Խնդիրն այն է, որ մեր ներքին պրոցեսները տանում են ավելի աղքատացման, միջին խավը գնում է աղքատացման ճանապարհով: Այս իմաստով մտահոգություն կա, քանի որ երիտասարդները նեգրավված չեն. հարգարժան վարչապետի դրայվը պետք է լինի երիտասարդությունը: Այն դեմքերը, որ այսօր կան կառավարությունում, որքան էլ իրենց հոսանքներ միացնեն, միևնույն է՝ դրայվը չեն ստանալու: Պետք է երիտասարդներին միացնեն, բայց շնորհալի երիտասարդներին, որովհետև կան երիտասարդներ, որոնց շնորհալին հոմանիշ չի դառնում. այսօր էլ կառավարությունում նման ապաշնորհ մարդիկ կան:
— Կենտրոնական բանկը նախօրեին ներկայացրել է դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ 2017թ. 3-րդ եռամսյակի ցուցանիշները: Ելնելով 2017 թ. առաջին կիսամյակում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունից՝ ԿԲ—ն վերանայել է 2017 թ. տնտեսական աճի կանխատեսումը դեպի վեր: Տնտեսական աճը միջնաժամկետ հատվածում կձգտի իր երկարաժամկետ ներուժային մակարդակին՝ գտնվելով 4-5 %-ի միջակայքում: Իսկ ըստ Ազգային վիճակագրության ծառայության վերջին հրապարակման՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին կիսամյակում եղել է 6.2 տոկոս: Ինչի՞ հաշվին է տնտեսական ակտիվությունը, եթե այս կամ այն ոլորտում խոշոր աճ չկա:
-Կարծում եմ՝ ԿԲ-ի գնահատականը բավականին սթափ է, իհարկե, կարելի նաև մի քիչ ավելի բարձ տեմպերով տնտեսական աճ: Այս թվի մեջ հիմնականում հաշվարկված են հանքարդյունաբերության ներդրումները, թեպետ դա ինձ համար տնտեսական անվտանգության տեսանկյունից վիճելի ոլորտ է: Բնականաբար, այս թվերը չեն արտացոլում մեր պոտենցիալը, բազմիցս ասել եմ ու անձամբ ՀՀ կառավարության ղեկավարին ներկայացրել եմ ծրագիր, թե ինչպես կարելի է երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել: Կարծում եմ՝ սա կարող է լինել հետևողական աշխատանքի արդյունք, որովհետև ըստ ճյուղերի, համայնքների չունենք անձնագրեր, թե որտեղ ի՞նչ ներուժ ունենք, ի՞նչ հավելենք, որ վերջնաարդյունքը տնտեսական աճի համար նպաստավոր լինի: Պետք է տարբերակենք նաև իրական տնտեսական աճն ու վերականգնողական աճը, որովհետև մեզ մոտ դեռևս վերականգնողական բնույթի աճ է: Այս վերականգնողականն էլ պետք է լինի երկնիշ թվերով, օրինակ՝ Գերմանիան վերականգնողական աճը 20-30 տոկոսով էր անում, իսկ հիմա գերտերությունները կարող են 1-3 տոկոս տնտեսական աճ ունենալ ու բավարարվել:
— Առաջին 7 ամիսներին աճել է նաև էլէներգիայի արտադրությունը՝ 7.8 տոկոսով: Ներքին սպառմա՞ն, թե արտահանման հաշվին է աճել:
— Ձեր նշած երկու գործոններն էլ եղել են, չմոռանանք, որ մենք էլէներգիա ենք արտահանում Վրաստան ու Իրան: Սակայն մենք այս պահին օգտագործում ենք մեր էներգետիկ ռեսուրսների 33 տոկոսը: Ի դեպ, ցանկանում եմ էներգետիկայի նախարարին հորդորել, որ զերծ մնա ոլորտն ազատականացնելու հռետորական հորդորներից: Մեր էներգետիկ բալանսի 42 տոկոսը տալիս է Ատոմակայանը, եթե ազատականացնենք, ապա պատասխանատուն անորոշ է լինելու: Եթե հարևան երկրները սրա մասին իմանան, հանկարծ հարցնեն, թե ո՞վ է պատասխանատու Ատոմակայանի համար ու պատասխան լսեն, թե ազատական է, ապա մենք դառնում են շատ խոցելի Ադրբեջանի ու Թուրքիայի համար: Այսքան բանը պետք է հասկանալ և՛ տնտեսական, և՛ քաղաքական մակարդակում:
— Ըստ ԿԲ—ի՝ գնաճը լինելու է 4 տոկոսի շրջանակում, սակայն սրան զուգահեռ՝ մարդկանց եկամուտների աճ չի լինում: Սա սոցիալական խնդիրների խորացման չի՞ հանգեցնելու:
— Այս խնդրով պետք է մտահոգվեն կառավարության բոլոր կառույցները, որովհետև միայն ասել, որ գնաճի նպատակադրումը ԿԲ-ի քաղաքականության թիրախն է, և ամենը բարդել նրանց վրա, արդարացված չէ: Կարծում եմ՝ այստեղ պետք է իր դերը ունենա ՏՄՊՊՀ-ն, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և այլն, որպեսզի թիմային աշխատանքով զսպեն գնաճը, և սրան զուգահեռ՝ նաև տնտեսական աճի հաշվին բարձրացնեն մարդկանց եկամուտներն ու գնողունակությունը:
— Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, թե քաղաքացին իր մաշկի վրա է զգում տնտեսական աճը:
— Թեպետ շատ հարգանքով եմ վերաբերում նախարարին, միևնույն է՝ կարծում եմ, որ մի փոքր կտրված է իրականությունից: Նման բան պետք է ասի ոչ թե որևէ նախարար, այլ դրա մասին պետք է խոսեն պարզ մարդիկ, հատկապես այն մարդիկ, ովքեր ներկայացնում են այն մեկ երրորդը, որը գտնվում է աղքատության և ծայրահեղ աղքատության շեմին: Այս ժամանակ նոր կարող էին ասել, որ կա նման բան, քանի որ բոլոր պետական չինովնիկները պետք է հիշեն, որ նման գնահատական կարող է տալ միայն ժողովուրդը, քանի որ գոնե աղքատության ցուցանիշը պետք է նվազի:
—ՀՀ ՀՆԱ—ի պատկերը Ձեզ գոհացնո՞ւմ է, քանի որ, նախնական տվյալներով՝ 2017 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ—ի ծավալը ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 205.1 մլրդ դրամ։ Առաջին եռամսյակում ցուցանիշը 971.9 մլրդ դրամ էր։
-Մեր ՀՆԱ-ի պատկերը խայտառակ է, մեր ՀՆԱ-ն դիվերսիֆիկացված չէ, մեր ՀՆԱ-ի հետ այս դեռ այս իմաստով բավականին աշխատանք կա անելու: Կառավարությունն առայժմ շոշափելի արդյունք տվող քայլեր չի ձեռնարկում: Կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի ՀՆԱ-ի դիվերսիֆիկացումը: Ասեմ, որ այս իմաստով կառավարությունը պետք է չշտապի համայնքների խոշորացման ծրագիր իրականացնել, պետք է կամավոր լինի:
Անի Օհանյան
Աղբյուրը` tert.am