28 Հոկտեմբերի 2020թ. 10:27

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԽՈՀԵՐԻՑ…

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մի քանի շաբաթ առաջ կատարված գրառումը հայոց լեզվի մասին շարունակում է բուռն քննարկումների առարկա մնալ: Մեդիամաքսի «Պահոց» խորագրի այսօրվա հրապարակումը ցույց է տալիս, որ հայոց լեզվի ժամանակակից եւ կենսունակ լինելու մասին վեճը տեւում է ավելի քանի մեկ դար:
Պատմաբան, թարգմանիչ Միհրդատ Թիրյաքյանի արխիվում պահվում է Ալեքսանդր Շիրվանզադեի նամակներից մեկն՝ ուղղված Արշակ Չոպանյանին:

«Նայիրի» շաբաթաթերթի 30 յունիս 1963 թիւին մէջ երեւցած սոյն նամակի պատճէնը յարմար դատեցի Չոպանեանի անուան կապակցութեմաբ կրկին հրատարակութեան տալ՝ մասնավորապէս նկատի ունենալով Շիրվանզադէի կարգ մը շահեկան դիտողութիւնները հայ լեզուի եւ գրականութեան մասին: Հայ բանաստեղծները մինչեւ երկինք բարձրացնողները մանաւանդ թող ուշադիր կարդան հետեւեալը. «Ես ճանաչում եմ միայն երեք անուն,-Դուրեան, Պէշիկթաշլեան եւ Պարոնեան: Առաջին երկուսի դրամաները ոչինչ գրական արժէք չունեն՝ իբր անհամ ճոռոմաբանությիւն, իսկ ոտանաւորները, թէեւ շատ տաղանդաւոր, այնքան փոքրաթիւ են, այնքան մանր, որ հաշուի չպիտի առնուեն, երբ խոսքը մի ամբողջ գրական ոճի մասին է: Գալով Պարոնեանին, մի՞թէ արդարեւ կարելի է այդ թէեւ շնորհքով, բայց խիստ սահմանափակ աշխարհայեացքի  ու զարգացման տէր գրողի ծաղրանկարները ոճի կողմից օրինակելի համարել՚: Դուրեաններու պաշտամունք ունեցողները իցի՛ւ թէ չափաւորէին իրենց անսահման  եւ անհարկի խանդավառութիւնը՝ պահելով այդպէս շիտակ համեմատութիւնները:
Նիւ Յորք, 1 մարտ, 1973 Միհրդատ Թիրաքեան»:
Ահա եւ Շիրվանզադեի նամակը՝ Չոպանյանին (տպագրում ենք աննշան կրճատումներով).
«Յարգելի Պրն. Չօպանեան,
Ստացայ «Անահիտ»-ի 5-րդ համարն անաղարտ: Դեռ միայն Ձեր յօդուծն եմ կարդացել «Մուրճ»-ի մասին եւ ահա ուզում եմ Ձեզ հետ խօսել այդ յօդուածի մի քանի սխալ թելերի մասին: (…) Արդարեւ, կարելի՞ է աւելի մանկական առաջարկութիւն երեւակայել, քան այն, թէ երբ երեւելեան գրողները պիտի իրենց ոճն ու լեզուն նմանցնեն իբր արեւմտեան գրողների ոճին ու լեզուին:
Ձեր եւ մեր բարբառները կը զարգանան իրենց որոշ ճանապարհներով, կը յաղթի այն բարբառը, որի գրականութիւնը աւելի կենսունակ ու հարուստ կը լինի: Այս մի այնպիսի բնական օրէնք է, որ պիտի յայտնի լինի գոնէ մի լեզուաբանի: Թէ ո՞ր գրականութիւնը կը լինի ավելի կենսունակ ու հարուստ- ապագան կ՝որոշի: Սակայն ինձ համար պարզ է, որ տաճկահայերը առ այժմ չունեն մի հեղինակ, որի ոճն ու լեզուն մեզ համար կարողանային օրինակելի լինել: Ես ճանաչում եմ միայն երեք անուն.-Դուրեան, Պէշիկթաշլեան եւ Պարոնեան: Առաջին երկուսի դրամաները ոչինչ գրական արժէք չունեն, իբր անհամ ճոռոմաբանութիւն, իսկ ոտանաւորները, թէեւ շատ տաղանդաւոր, այնքան փոքրաթիւ են, այնքան մանր, որ հաշուի չպիտի առնուեն, երբ խօսքը մի ամբողջ գրական ոճի մասին է: Գալով Պարոնեանին, մի՞թէ արդարեւ կարելի է այդ թէեւ շնորհքով, բայց խիստ սահմանափակ աշխարհայեացքի ու զարգացման տէր գրողի ծաղրանկարները ոճի կողմից օրինակելի համարել: (…):

Առհասարակ, ես բոլորովին հակառակ եմ այն մտքին, որ արեւմտեան բարբառը մերինից աւելի գեղեցիկ է. լեզուի գեղեցկութիւնը նախ եւ առաջ պարզութիւն է — այս արդէն ամէնից ընդունուած մի ճշմարտութիւն է, այնինչ տաճկահայ գրողների ոճի մէջ պատահում են դարձուածքներ, որոնք կարդալիս ընթերցողի գլուխն է պտտում ու սիրտը խառնում: Բաց եմ անում հենց «Անահիտ»-ի առաջին համարը, կարդում եմ առաջին պատահած էջը, եւ ահա ինչ գոհար եմ գտնում. «Կարմիր ու վարդասպիտակ ճերմակ ժերանիոմներու փառփառ ու դիմացէս գոյներուն պոռթկումովը պոռոտ ածուներու մէջտեղ , մարգագետին մը, յստակ ու պարզ, իր կակուղ, յորդ ու թաւ կանաչութիւնը կը զեղուր, հիւսիսի այն խոշոր ու թաւշային կանաչը, այնքան ուժով եւ հիւթեղ, այնքան պատկերի, ներկի կանանչ մը, որ ալ արհեստական կը թուի»: Եւ այսպես գրում է ձեր գոված ու փառաբանած Լեւոն Բաշալեանը, եւ այսպիսի մի զերթ ու զիբիլ ոճ մեզ համար դուք օրինակելի էք համարում: Հասկանալի է, որ այսպիսի ոճի սիրահարներին պիտի տղայական թուայ ռուսահայ գրողների պարզ, անպաճոյճ, սակայն աւելի սիրուն ու աւելի գեղարուեստական տարբերութիւնները:

Ինչպես ռուսահայ բարբառն է մեղադրւում, թէ ռուս լեզուի ազդեցութեանն է ենթարկւում, նոյնպէս տաճկահայ բարբառը պիտի դատապարտուի, որ այնքան ազդուած է ֆրանսիականից ու մանաւանդ տաճկերէնից: Ես համաձայն եմ, որ ձեր բարբառը աւելի հարուստ է գրաբար բառերով ու դարձուածքներով, բայց հենց այս պիտի համարել ձեր լեզուի ցաւը: Ձեր բարբառը չունի կրակ, հիւթ եւ ոչ մանավանդ դրամատիզմ, ահա ինչու ազդեցիկ դէպքեր ու տեսարաններ նկարագրելու համար անպէտք է: Դուք անխտիր գործ էք ածում ամէն տեսակ գրաբար բառեր, միմեանց ետեւից շարելով հնամաշ ու նոյնիսկ գրաբարի մէջ հազիւ գործածուող տգեղ ու անճաշակ բառեր: Ահա ձեզ օրինակ հենց նոյնիսկ «Անահիտ»-ի առաջին համարից. «Հեղձամղձուկ, կը խարշատէ, կը ցնցշկեն, խեսութիւն (ժողովուրդը կը կարմրի կարդալով վերջին բառը), դոնդոշներ, շառաչաձայն, զահանցանել, ուռճալիր, գռուզ» եւ այլն, եւ այլն: Ա՞յս է ձեր ոճի գեղեկութիւնը: Եթէ այո, ապա ես բարւոք կը համարեմ, որ բոլորովին գոյութիւն չունենայ նորագոյն հայ լեզուն, քան թէ հարստանայ այդպիսի այլանդակ, վայրենի բառերով: Եթէ լեզուն մի կենսունակ տարր է, եթէ նա պիտի ծառայի հասարակական ու ընկերային կեանքում իբրեւ մտքերի փոփոխութեան միջոց եւ ոչ թէ իբր քմահաճոյք մի քանի գրամոլների, ուրեմն նա պիտի զարգանայ այդ մտքերի զարգացման հետ զուգընթացաբար: Ի սէր Աստծու, մի կաշկանդէք նրան մի մեռեալ բարբառի փտած թելերով, տուեք նրան թարմ օդ ու նոր ոգի, հակառակ դէպքում մի օր կը գտնենք նրան մահացած, ինչպէս այն սնահաւատ հիւանդին, որ ոչ մի դեղ չէր ընդունում՝ գիտութիւնը մոլեռանդ, սատանայական գործ համարելով:

Դուք բողոքում էք նաեւ ռուսահայ բարբառի մէջ օտար բառեր ներմուծելու դէմ: Բայց որքան եւս բողոքէք, մեր աշխարհաբարը ընդունելու է օտար բառեր եւ պիտի ընդունի, եւ այն օրն, երբ դադարի ընդունել, կը սկսի տկարանալ ու հետզհետէ մեռնել: Ասացէք, խնդրեմ, ինչու՞ անգլիական, ֆրանսիական, գերմանական, ռուսական եւ բոլոր լեզուները ընդունում են համաշխարհային դարձած բառերը, իսկ մենք պիտի բացառութիւն կազմէնք եւ անպատճառ պիտի գործածենք այնպիսի շինովի, կեղծ եւ անճոռնի բառեր, ինչպես հեծանիւ, ձայնախօս եւ այլն: Հեծանիւ…Ի՞նչ ասել է հեծանիւ, ասացեք խնդրէմ, կամ ձայնախօս: Ձայնախօս, ե՜ղկ (յախք-Լ.Ա): Հաւատացէք, ռուսահայ գրողները նոյնչափ, եթէ ոչ կրկնակի աւելի, գիտեն գրաբարը, որքան եւ տաճկահայերը, բայց զգոյշ են վերաբերում դէպի գրաբար բառերը, անխտիր չեն բարդում բարբառի վրայ: Եւ ես գովում եմ նրանց այս զգուշութիւնը, գովում եմ նաեւ օտար, անթարգմանելի բառեր ներմուծողներին:

Բայց, ներեցէք, նամակս երկարացաւ: Այս բոլորը ես մտադիր եմ աւելի մանրամասն գրել ու տպել: Բայց արրդեոք կ՝ընդունի՞ «Անահիտ»-ը, եթէ ոչ, ի հարկէ, կ՝ուղարկեմ կա՛մ «Մուրճ»-ին, կա՛մ «Տարազ»-ին: Ընդունեցէք յարգանքներս Շիրվանզադէ»:

Շիրվանզադեն հայտնի է իր անկաշկանդ գնահատականներով, եւ Դուրյանի, Պեշիկթաշլյանի ու Պարոնյանի ստեղծագործություններին տված նրա գնահատականը գրեթե հաճոյախոսություն է, եթե համեմատենք Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր»-ի, մասնավորապես «Ով Լալագե» բանաստեղծության քննության հետ:

Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն (1912 թ., Կ.Պոլիս) արեւմտահայ գրողները, մասնավորապես՝ Գրիգոր Զոհրապը, խանդավառությամբ ընդունեցին: Ի տարբերություն Պոլսի հոգեւորականության, որը «Հեթանոս երգեր»-ը համարեց «աղետ», «ոճիր», «պիղծ», իսկ Վարուժանին անհամատեղելի համարեցին մանկավարժության հետ (1912-ին, երբ լույս տեսավ «Հեթանոս երգեր»-ը, Վարուժանը Պոլսի Բերայի վարժարանի տեսուչն էր):

«Հեթանոս երգեր»-ը լարվածությամբ ընդունեցին նաեւ արեւելահայ շատ գրողներ: Մասնավորապես՝ Շիրվանզադեն, Նիկոլ Աղբալյանը, Հարություն Սուրխաթյանը: Շիրվանզադեն  գրեց «Ահա մի ուրիշը» հոդվածը («Հորիզոն», N 121,  Թիֆլիս) . «… Ես գրել էի մի հայ բանաստեղծի մի ոտանավորի մասին, որի հեղինակը հրճվանքով պատմում է, թե ինչպես նա իր տասներեք տարեկան ազգականուհու հոգին բռնաբարել է եւ մարմինը գերեզման ուղարկել:

Երեկ իմ բարեկամներից մեկի ցուցմունքով կարդացի մի ուրիշ հայ «բանաստեղծի» մի ավելի զազրելի ոտանավոր: Այդ «բանաստեղծի» անունն է Դանիել Վարուժան, ոտանավորի վերնագիրը «Ով Լալագե…»: Տպված է այդ կեղտոտ ոտանավորը նույն «Գեղարվեստ» հանդեսի նույն համարում:

Դատեցեք ինքներդ: Մեր բանաստեղծը պատմում է, թե ինչպես ինքը մի օր իր հղի կնոջ հետ մտնում է մի այգի այգեկութի ժամանակ: Այգում աշխատում են եթովպացի կանայք կիսամերկ, «ծիծերն ի վար գոգին մեջ»: Տեսնում է նրանց թե չէ, իսկույն գրգռվում է: Գոնե ինքն այսպես է երգում.

«Ես ունեցա ընդվզումներ արյունի.
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Բեղմնավորել ինձ մերձացող ամեն հունտ…

Այսինքն, հասարակ մահկանացուներիս լեզվով ասած, «հայ բանաստեղծը» ցանկություն է ունենում սեռական հարաբերություն ունենալ բոլոր եթովպուհիների հետ, որոնց, «պորտին տակը» այնպիսի բանաստեղծական էքստազի է բերում նրան, որ մոռանում է անգամ իր հղի կնոջ ներկայությունը: Եվ ահա այն միջոցին, երբ հղի կինը զբաղված է նուռը քաղելով եւ ուտելով, մեր երեւելի բանաստեղծը մի եթովպուհու…

Համբուրեցի… բռնած հընդիկ մազերեն,
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կրծքին
Ու հեշտաբուռըն շրթերով, Լալագե,
Համբուրեցի…

Եվ այլն:

Դա արդեն պոռնկագրություն չէ, այլ կատարյալ պոռնկություն: Եվ ահա Դանիել Վարուժանի պես էրոտոմանները մեզ իրանց պոռնկության նմուշները ծախում են բանաստեղծության տեղ, եւ «Գեղարվեստ»-ի նման մի հանդես այդ նմուշները օրը ցերեկով թավազա է անում մեզ: Ոհ, մարդու փսխանքն է գալիս այդ տեսակ գռեհիկ, կոպիտ, ամոթից ու ամենատարրական ճաշակից զուրկ «բանաստեղծների» գործերը կարդալիս:

Խեղճ հայ ընթերցող:

Ես գնահատում եմ «Գեղարվեստ» հանդեսը, հավանում եմ նրա նկարները, սիրում եմ խմբագրի եռանդը եւ անկեղծ ցանկությունը ծառայելու իր հայրենակիցների մեջ գեղեցիկի ճաշակը զարգացնելու գործին, բայց չեմ կարող իմ նողկանքը չհայտնել, որ շատ գեղեցիկ էջերի հետ նրա համակրելի հանդեսի մեջ կան եւ լինում են եւ այնպիսի աղտոտ էջեր, որպիսին է «Ով Լալագե…»:

Կցանկանայի, որ պ. Գ. Լեւոնյանը չենթարկվեր մի խումբ տգետ, անճաշակ արեւելյան կեղտը՝ իդեալական սիրո եւ գորտերի կռկռոցը սոխակի դայլայլի տեղ ընդունող ասիացիների խրախուսանքին…»:

Թե ինչպես է Վարուժանն արձագանքել Շիրվանզադեի գնահատականին, կարդում ենք Հակոբ Սիրունու հուշերում.

««Գեղարվեստի» մեջ հրատարակված իր «Ո՜ Լալագեն», որ հետո «Հեթանոս երգերուն» մաս կազմեց, հրավիրեց վայնասուն մը: Շիրվանզադէ Թիֆլիսի «Հորիզոնին» մեջ տպված հոդվածով մը (08.06.1912) «պոռնկագիր» անվանեց այդ գեղեցիկ քերթվածը ստորագրողը: Վարուժան շատ ազդված էր այդ տողերեն: Շիրվանզադէ իր հոդվածին մեջ «մի ոմն Դանիել Վարուժան» բառերով որակել էր «Ո՜ Լալագեի» հեղինակը: Վարուժանին բացատրեցին, թե Շիրվանզադէն ընդհանրապես չի կարդար ուրիշ հայ գրողներ: «Մե՜ղք,- կըսեր Վարուժան,- մենք իրենց ամենեն աննշան գրո՛ղն իսկ գիտենք… « (Հակոբ Սիրունի, «Մ. Մեծարենցը եւ Դ. Վարուժանը ժամանակակիցների հուշերում», Երեւան, 1986, էջ 212):

Լիլիթ Ավագյան