Ներկայումս կրթական համակարգում բուռն իրավիճակ է: Մեկը մյուսի հետևից նոր ծրագրեր են գործում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա դիտարկմամբ՝ նախորդ տարիներին իրականացված ծրագրերը այսօր դրվում են հարցականի տակ: Օրինակ, դպրոցների կառավարման հարցը: Մոտ 20 տարի առաջ Հայաստանն անցավ խորհուրդներով կառավարման համակարգին և հիմա խոսվում է այն մասին, որ այն չի գործում.« Չգիտես՝ ինչու տնօրեններն են համարվում մեղավոր, բայց ես դրա հետ համաձայն չեմ: Ընդհանրապես համակարգը չի թողնում, որ խորհուրդն իր գործն անի: Կամ դպրոցի ֆինանսավորման համակարգը, որ մեր սկսած բարեփոխումներից մեկն էր: Պարզվում է, որ դա իրեն չի արդարացնում»:
Ըստ փորձագետի՝ այսօր խոսվում է այն մասին, որ դպրոցների ծրագրերը շատ ծանրաբեռնված են, բայց 2001 թվականին, երբ Հայաստանը որոշեց անցնել 11-ամյա կրթության, հետո՝ 12-ամյա, պատճառն այն էր, որ 10-ամյա ծրագիրը շատ ծանր է և բեռնաթափելու համար որոշվեց տարիների քանակը մեծացնելով: Սակայն նոր առարկաներ մտան, ժամերն ավելացան և հիմա նորից խոսվում է այն մասին, որ դպրոցի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է.«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ բարեփոխումները, որոնց համար ՀՀ-ն նաև վարկեր է վերցրել, որոնց շնորհիվ սպասումներ են ձևավորվել, իրենց չեն արդարացնում»:
Փորձագետի խոսքով՝ մտնում ենք մի հետաքրքիր փուլ, երբ նոր գաղափարներ կան, նոր քննարկումներ են տեղի ունենում: Սերոբ Խաչատրյանը կոչ է անում չկրկնեկ նույն սխալները, իսկ սխալն այն է, որ «վերցնում ենք գաղափարներ՝ առանց հանրային լուրջ քննարկումների, առանց նախապատրաստման, առանց բյուջեի, իրականացնում ենք ծրագիրը, վարկ ենք վերցնում, հետո փող վերջանում է ու ասենք՝ դե, հիմա մի կերպ յոլա տարեք»:
Սերոբ Խաչատրյանը գտնում է, որ ավագ դպրոցի ծրագիրը ձախողվեց այն պատճառով, որ դրա համար արագորեն վարկեր վերցրին, բայց հետո պարզվեց, որ այդ համակարգը պահելը շատ թանկ հաճույք է: 150 դպրոցի փոխարեն բացվեց 109-ը, որոնցից մի քանիսը փակվեցին օպտիմալացման շրջանակներում.« Չենք կարողանում այդ դպրոցները պատշաճ ֆինանսավորել, չենք կարողանում դրանց առաքելություններն իրականացնել: Արդեն երեք տարի է, ինչ ավագ դպրոցները սուսուփուս, առանց տրտնջալու ժամեր են կրճատում, աշխատավարձ են իջեցրել, բայց ոչ մեկը չի բարձրաձայնում: Եթե ուզում ենք նույն սխալները թույլ չտալ , բարեփոխումները պետք է իրականացվեն հանրային լուրջ քննարկումների արդյունքում: Այդ ծրագրերը պետք է լավ նախապատրաստել , եթե դա չի աշխատում, ծրագրենք , այլընտրանքները: Եվ ամենակարևորը՝ հասկանանք՝ դրա տակ ֆինանսավորում լինելու է, թե ոչ: Մենք ներկրում ենք թանկարժեք «Մերսեդես» մակնիշի մեքենա, բայց հետո կրթական համակարգին ասում ենք՝ «Զապորոժեցի» գնով այդ «Մերսեդեսը» պահեք: Չեն կարող այդ մարդիկ այդ ռեսուրսով այդ թանկ բարեփոխումները պահել»,- եզրափակեց փորձագետը:
Աղբյուրը՝ ankakh.am