Հայաստանը մտել է Ռուսաստանից արտագնա տուրայցելությունների ամենամեծ քանակով լավագույն 30 երկրների ցանկ (26-րդ տեղ). ՏուրՍտատ գործակալությունը վերլուծել է ՌԴ-ից արտագնա տուրիզմի վիճակագրությունը 2017 թվականի առաջին կիսամյակի համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏուրՍտատ-ը, Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների քանակը 2017թ. առաջին վեց ամիսներին աճել է 37%-ով և կազմել 171 հազար, իսկ արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կամել է 17 միլիոն։
Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի՝ 2017 թվականի հունվար-հունիսին Հայաստանի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 68.4%-ով։
ՌԴ զբոսաշրջիկների կշիռը հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների թվում ամենամեծն է՝ 23.4%։
Աղբյուրը՝ B4B.am