Երևանում օրերս կցուցադրվի գերմանացի ռեժիսոր Յանա Ռիխտերի «Պատերազմի հետքերը» ֆիլմը` նվիրված Արցախին։ «Շարմ հոլդինգից» հայտնել են, որ ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ` Արցախի այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը` Ամարասում, Դադիվանքում, Գողտանիքում, Հավսաթաղում, Զուարում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում և Ստեփանակերտում։
«Պատերազմի հետքերը» ֆիլմը Studio DS, Richter Production, Nur Film Group ընկերությունների համատեղ արտադրանքն է: Այն ճանաչվել է Լավագույն ֆիլմ ոչ ազգագրագետ/մարդաբան հեղինակի կողմից` Etnofilm 8th Ethnographic Film Festival–ի և Լավագույն միջին տևողության ֆիլմ` Atlantidoc 9th Festival Internacional de Cine Documental–ի ժամանակ։ Մասնակցել է նաև այլ փառատոնների։ Մի շարք միջազգային փառատոներին մասնակցելուց և մրցանակներ շահելուց հետո հեղինակները որոշեցին ցուցադրություն կազմակերպել Հայաստանում և Արցախում:
Ֆիլմը պատմում է Զուար և Հավսաթաղ գյուղերում ապրող մարդկանց առօրյա կյանքի և կենցաղի պատմությունը: Ծովակը գյուղի դպրոցի տնօրենն է, միաժամանակ դասավանդում է մաթեմատիկա և ֆիզիկա: Նա իր ընտանիքի հետ ապրում է Զուար գյուղում: Սայաթը պրոֆեսիոնալ պարող է, սակայն ներկա պահին նա Հավսաթաղի գյուղապետն է, որտեղ և ապրում է իր ընտանիքի հետ միասին: Նկարահանմանը մասնակցել են արցախցիներ, ովքեր ծնվել ու մեծացել են Արցախում, ովքեր եկել ու ապրում են այնտեղ և կապել են իրենց ճակատագիրը այս հողի հետ: Գյուղերը գտնվում են մի երկրում, որը «գոյություն չունի»:
Ավերակների միջով մեքենա վարելիս հաճախ նկատվում էին նշաններ, որոնց վրա գրված էր «Անցումն արգելված է. պայթյունի վտանգ կա»: Այնուամենայնիվ, Արցախն այն երկիրը չէ, որտեղ կյանքը կանգ է առել. երկիրն ապրում է: Ստեփանակերտի՝ մասամբ ավերված տների կողքին բացվել է բալետի դպրոց: Ամենուրեք տեսանելի են մեծ ու փոքր ձեռնարկություններ, ինչպիսիք են՝ հացի արտադրամասերը, դարբնոցները, կահույքի գործարանը, գորգագործական գործարանը և կոշկեղենի արտադրամասը: Մարդիկ ուսումնասիրում են տարբեր ոլորտներ, աշխատում և կառուցում են իրենց երկիրը: Նրանք կարողանում են իրենց համար նոր կյանք ստեղծել այն երկրում, որը «գոյություն չունի»: Արցախի ժողովրդի ուժը, դիմադրությունը, էներգիան տպավորում են ամեն օր, կրկին ու կրկին: Ֆիլմի հիմնական նպատակն է ցույց տալ, որ Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել և ապրել իր հողի վրա հույսով, որ քսան տարուց ավել տևող զինադադարը մի օր կվերածվի իրական խաղաղության պայմանագրի: Պատերազմը կդադարի, և աշխարհը կտեսնի, որ երկիրը գոյություն ունի»,– նշում են «Շարմից»։
Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Յանա Ռիխտերն է, պրոդյուսերը՝ Դավիթ Սաֆարյանը։ Ֆիլմում հնչում է դասական և ժողովրդական երաժշտություն, ինչպես նաև կատարումներ՝ «Արցախի Ձայներ» երգչախմբի կողմից:
Աղբյուրը` tert.am Life