ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ VI ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որն աչքի ընկավ իր բազմամարդությամբ, և որ ավելի էական է, այս համաժողովում հնչեցին բավական ուշագրավ մտքեր ու հայտարարություններ: Համաժողովի փակմանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցեց, որ 102 հոգի ելույթ ունեցավ, և կազմակերպիչներին առաջարկություններով դիմել է 168 հոգի: Եվ երբ նա հայտարարեց, որ այս օրերին Երևանում աննախադեպ շոգ է, որը նաև պայմանավորված է համաժողովի ջերմությամբ, դրա մեջ նաև ճշմարտության հատիկ կար: Կարելի է ասել, որ որոշ դեպքերում հնչող հարցադրումներից, հնչող քննադատությունից ու դժգոհություններից մթնոլորտն անգամ թեժ էր: Ի դեպ, այս համաժողովը հենց այդ բարձրաձայն ու անսեթևեթ հնչող քննադատության ու հարցադրումների առատությունով էր աննախադեպ:

Բայց ամեն ինչ սկզբից: Համաժողովի առաջին ելույթի իրավունքը, բնականաբար, վերապահված էր նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահի ելույթում մի շարք հետաքրքիր շեշտադրումներ և կոչեր կային, որոնք, ըստ մեծի մասի, ձևավորեցին այս համաժողովի մթնոլորտը: Մասնավորապես Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ փոփոխվող աշխարհում փոխվում է ողջ հայ ժողովուրդը, մատնանշեց կատարված ու կատարվող փոփոխությունները, ընդգծեց ժողովրդավարության կայացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Բայց գլխավոր ուղերձը հետևյալն էր. սփյուռքը պետք է օգնի Հայաստանին դրսում՝ միջազգային ու տարբեր երկրների հետ հարաբերությունների ասպարեզներում, դիվանագիտական հարթության մեջ: Բացի այդ, նախագահը մատնանշեց Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակը, ինչն անսպասելի խոստովանություն էր, և այդ առումով նշեց սփյուռքի գործոնն ու ակնարկեց հայրենադարձության մասին: Վերջապես, նախագահն ուղիղ ասաց՝ ակնկալում է, որ սփյուռքը դեպի Հայաստան պետք է ուղղի նաև սփյուռքի ներդրումային ներուժը:

«Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան ուղղենք նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և, ի վերջո, հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր: Դրա համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ներդրումային միջավայրը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչ Վազգեն Կասեմջյանը, օրինակ, նշում էր, որ որպեսզի հայրենադարձություն ու ներգաղթ լինի, նախ պետք է արտագաղթը կասեցնել, ներդրումներ բերելու առումով էլ շեշտում էր, որ Հայաստանի քաղաքացիները, բողոքելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, թողնում գնում են, սփյուռքահայն այդ դեպքում ինչո՞ւ պիտի իր միջոցները բերի ու ներդրումներ անի Հայաստանում:

Իրանահայ Անդրանիկ Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ չեն համադրվում նախագահի՝ հայրենադարձության ու ներգաղթի կոչն ու Հայաստանից արտագաղթը: Նա նաև շեշտեց՝ քանի Հայաստանում կան մենաշնորհներ, օլիգարխիան թելադրող դիրքեր ունի, արդարության ու տնտեսական ազատությունների հարցերը մտահոգիչ են, սփյուռքահայությունը չի մտածի հայրենիքում ներդրումներ անելու ուղղությամբ:

Ամերիկահայ գործարար Ալեք Բաղդասարյանը նշում էր անվստահությունը Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի նկատմամբ, և այսպես շարունակ:

Համաժողվի շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա էլ համոզմունք հայտնեց, որ Հայաստանը հսկա պոտենցիալ ունի, մի «էստի համեցեք» էլ վարչապետն արեց` հրավիրեով սփյուռքահայ ներդրողներին շահավետ բիզնես ներդրումներ անել մայր հայրնեիքում ու սկսեց թվարկել ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայի, ԵՄ-ի հետ GSP+ համակարգի, Իրանի 80 միլիոնանոց շուկայի ու ազատ տնտեսական գոտու, Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ հին առավելությունները: Մինչդեռ բելգիացի Շահնուր Մինասյանը պնդում էր, որ Հայաստանի ներդումային ու բիզնես միջավայրը գրավիչ չէ: Իսկ կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանն էլ առաջարկում էր, որ սփյուռքահայը ոչ թե այստեղ ներդրում անի, այլ գոնե այստեղի արտադրությունները պատվերներով ապահովի:

Այս համաժողովը կարևորվեց նաև նրանով, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատեց 2018 թվականից հետո էլ պաշտոնում մնալու փափագը: Լիբանանահայ գործիչ Համբիկ Մարտիրոսյանը հետաքրքրվեց. «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել: Արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի՞ մնալ պաշտոններու վերա»: Կարեն Կարապետյանը պատասխանեց` այո:

Շատ ոգեղեն էր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթը, հատկապես` նրա շեշտադրումները: Արամ Ա-ն շեշտում էր՝ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և տուրիստական այցելությունների դաշտից ու այն դարձնել համազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը: Կաթողիկոսը մատնանշեց այն բոլոր ախտերն ու խնդիրները, որոնք այսօր կան Հայաստանում և Սփյուռքի համայնքներում: Բայց Արամ Ա-ի ելույթի ամենատպավորիչ հատվածը թերևս նրա կոչն էր. «Հայաստանը զբոսավայր չէ՛, բիզնեսի շուկայ չէ՛, անցագիր չէ՛, վայ մեզ, երբ միայն այսպես մոտենանք Հայաստանին: Հայաստանը աշխարհի վրա ինքն իրեն հայ դավանող հայի տունն է՝ անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Մեր հավաքական տան նկատմամբ անելիք ու ասելիք ունենք և պետք է ունենանք: Պիտի հզորացնենք ու ծաղկեցնենք Հայաստանը մեր ողջ կարողությամբ: Սա յուրաքանչյուր հայի սրբազան ուխտը պետք է դառնա»:

Բավականին հետաքրքիր էին նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նաբանդյանի ելույթում հնչած տեսակետներն ու պարզաբանումները: Հանգամանալից ու բազմակողմանի ներկայացնելով Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ներկայացնելով արցախյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները` Նալբանդյանը, մեր կարծիքով, երկու կարևոր դիտարկում արեց: Առաջին` Հայաստանը փորձում է այնպես անել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, բայց Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է: Երկրորդը Մինսկի խմբի եռանախագահների կողմից արված առաջարկների պարզաբանումն էր, մասնավորապես՝ տարածքների վերադարձի մասին: Նալբանդյանը հայտնեց, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում չի խախտվի Արցախի ժողովրդի անվտանգության իրավունքը:

Արտաքին քաղաքականության ու հատկապես արցախյան հիմնախնդրի շրջանակներում անցկացված դիսկուրսի առումով բավականին ուշագրավ էին նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի դիտարկումները: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անընդհատ շահարկվող հարցին, թե ՀՀ զորամիավորումներն օգտագործվում են Արցախում, ինչն Ադրբեջանի բնորոշմամբ` իրենց ներքին գործերին միջամտություն է, Քոչարյանը հայտարարեց. «Պետությունների ներքին գործերին չմիջամտելը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»: Բացի այդ, փոխարտգործնախարարը հիշեց ու հիշեցրեց, որ ԼՂՀ-ի տարածքներ կան, որոնք առ այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Եվ դա հենց Ադրբեջանի կիրառած ագրեսիայի դրսևորման հետևանքն են: Շավարշ Քոչարյանը նկատի ուներ Շահումյանը, Գետաշենը, Մարտունու և Մարտակերտի որոշ շրջանները: «Դա հենց ագրեսիայի դրսևորում է»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Նա նաև խիստ կարևոր ու սկզբունքային նրբության վրա ուշադրություն հրավիրեց: Ադրբեջանը շատ պարզ ասում է՝ տարածքային ամբողջականություն, իսկ մենք ի՞նչ ենք ասում: «Կարող ենք ասել ինքնորոշում, բայց դա բավարար չէ»,- շեշտեց Շավարշ Քոչարյանն ու պարզաբանեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին պետք է ավելացնել Ադրբեջանի պատասխանատվությունը Արցախի ինքնորոշված հանրապետության դեմ կիրառված ագրեսիայի և դրա հետևանքների համար:

Ընդհանուր առմամբ այս համաժողովում ակնհայտ էին սփյուռքի գործիչների դժգոհությունները, հատկապես` Հայաստանի տնտեսական իրավիճակի, քաղաքական կյանքի, ներդրումային միջավայրի ու մանավանդ արտագաղթի կապակցությամբ: Այս անգամ նրանք չէին էլ փորձում թաքցնել իրենց դժգոհությունները:

Այսպես ահա սեպտեմբերի 20-ին ավարտվեց այս համաժողովը, որի ամենակարևոր ձեռքբերումը թերևս համահայկական խորհուրդ ստեղծելու պատրաստակամությունն ու հանձնառությունն էր: