28 Հոկտեմբերի 2021թ. 21:06

ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ. ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼՈՒ ԵՆՔ ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏՔԻՆ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ասել է, որ պարտքի կառավարման գործում կառավարությունը նախապատվությունը տալու է ներքին պարտքին: Այս մասին Վարդան Արամյանն ասել է լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Ներքին պարտքը կախված չէ արտարժույթի վայրիվերումներից, գումարները շրջանառվում են տնտեսության ներսում, բացի այդ, աշխարհում ոչ մի երկրում պարտքային ճգնաժամ չի եղել ներքին պարտքի հաշվին»,- ասել է նա:

Banks.am-ի հարցին, թե արդյոք ներքին պարտքի ավելացումն ավելորդ մրցակցություն չի առաջացնի բանկերի եւ այլ կառույցների կորպորատիվ պարտատոմսերի համար եւ չի խոչընդոտի կապիտալի շուկայի զարգացումը, նախարարը պատասխանել է, որ, ընդհակառակը, դա կնպաստի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կայացմանը:

«Կապիտալի շուկայում առաջին ծիծեռնակը միշտ լինում է պետությունը: Միջազգային շուկայում պետության թողարկած արժեթղթի գինը ուղենիշ է դառնում այդ երկրի մյուս արժեթղթերի համար: Եթե պետությունը չի լինում տվյալ շուկայում՝ ակնհայտ է, որ ներդրողներն այդ ռիսկը գցում են գնի վրա: Նույնը նաեւ ներքին պարտքի դեպքում է: Պետական պարտատոմսերի շուկան պետք է լինի լիկվիդ, կայացած, որպեսզի իր հետեւից քաշի նաեւ մասնավորին»,- նշել է նա

Վարդան Արամյանի կանխատեսմամբ՝ ընդհանուր պարտքի մեծությունը (ներառյալ` ԿԲ պարտքը) մինչեւ տարեվերջ կհասնի ՀՆԱ-ի 58,8%-ին՝  2016թ. վերջի 56,6%-ի փոխարեն:
«Այս տարեվերջին կունենանք արտաքին պարտքի ավելացում շուրջ $400 մլն-ով եւ ներքին պարտքի ավելացում $30 մլն-ով: Այդուհանդերձ, ինչպես վճարունակության, այնպես էլ լիկվիդայնության մակարդակով մենք գտնվում ենք պարտքի ցածր բեռ ունեցող երկրների շարքում»,- նշել է նախարարը:

Ընդհանուր առմամբ, Վարդան Արամյանը նախարարության վարած հարկաբյուջետային քաղաքականությունը որակել է «խելամիտ»՝ այն հիմնավորելով միջազգային վարկանշային գործակալությունների եւ օտարերկրյա ներդրողների պատշաճ վարքագծով:

«2014-2015թթ. երկու տարի անընդմեջ մենք գտնվել ենք ճգնաժամային իրավիճակում, ինչը մեզ վրա թանկ է արժեցել. պարտքի ցուցանիշն աճել է շուրջ 13 տոկոսային կետով: Եթե մենք շարունակեինք այդ վարքագիծը եւ չունենայինք ելքի ռազմավարություն, բնականաբար, միջազգային կառույցների եւ օտարերկրյա ներդրողների արձագանքը կլիներ բացասական: Մինչդեռ մենք ունենք լավ միտումներ»,- նշել է նախարարը:

Վարդան Արամյանի խոսքով՝ Moody’s-ը եւ Fitch-ը գնահատել են, որ Հայաստանում ներկայում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը խելամիտ է եւ ճիշտ՝ ըստ ուղղությունների. այս գործակալությունները պարտքի աճի պայմաններում Հայաստանի վարկանիշը թողել են անփոփոխ՝ չվատացնելով կանխատեսման հեռանկարը:

Օտարերկրյա ներդրողները եւս, ըստ նախարարի, դրական վարքագիծ են դրսեւորել:
«Եթե օտարերկրյա ներդրողները ռիսկեր տեսնեին եւ կարծեին, թե հարկաբյուջետային քաղաքականությունը սխալ ուղղությամբ է գնում, միջազգային պարտատոմսերի եկամտաբերությունը կբարձրանար, մինչդեռ մեր երկու թողարկման եվրոբոնդերի դեպքում էլ դրանք նվազել են շուրջ 2 տոկոսային կետով»,- նշել է նա:
Նախարարը լավատեսական դիրքորոշում է հայտնել Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ. ըստ նրա՝ ՀՆԱ-ի աճը տարեվերջին կկազմի 4,3% ՝ բյուջեով ամրագրված 3,2%-ի փոխարեն: