2 Դեկտեմբերի 2020թ. 6:50

Արմեն Թռչունյան. Տեսականորեն մենք կարող էինք ջրածին ստանալ կիլոգրամը ընդամենը 15-20 ցենտով

Երեւանի պետական համալսարանի կենսաբանները հասել են թափոններից ջրածնի 10-օրյա անընդհատ սինթեզին: Այս մասին հայտնեց նախագծի հեղինակ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Թռչունյանը:

Analysis Research and Planning for Armenia (ARPA) գիտական մշակումների կենտրոնի մրցույթում նախագիծը ստացել է մրցանակներից մեկը:

Բնության մեջ կան ջրածին արտադրող բակտերիաներ, եւ դրանցով շատերն են փորձեր կատարում (այս մեթոդն աստիճանաբար ջրի էլեկտրոլիզից ավելի խնայողական է դառնում): Այժմ նորությունն այլ է՝ գտնել այն բակտերիաները, որոնք թափոնի այս կամ այն տեսակից ավելի շատ ջրածին «կքամեն»:

«Մեր մյուս խնդիրն է արտադրական ցիկլը մինչեւ մեկ ամիս եւ ավելի հասցնելը: Քանի որ որքան հազվադեպ ես ստիպված լինում վերագործարկել, այնքան այն խնայողական է»,- պարզաբանեց գիտնականը:

Հիմա համաշխարհային շուկայում 1 կգ ջրածինը 2,6 դոլար արժե: ԵՊՀ-ում լաբորատոր պայմաններում հասել են 1,5 դոլար արժեքին: Իսկ բակտերիաների գենային ինժեներիայի դեպքում (նրանց գենոմի հարմարեցումը արտադրության կոնկրետ պայմանների կարիքներին) կիլոգրամի արժեքը տեսականորեն կարելի է նվազեցնել նաեւ մինչեւ 15-20 ցենտ: Իսկ 1 կգ ջրածնի այրման տեսակարար ջերմությունը 3 անգամ ավելի է, քան բենզինինը, նշեց Թռչունյանը:

Հայ գիտնականների փորձերը վերստուգում են անցնում գործընկեր հետազոտական կենտրոններում՝ Հալեի եւ Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանում (Գերմանիա), Վագենինգենի համալսարանում (Նիդեռլանդներ) եւ այլն:

Փորձերի ժամանակ բակտերիաներին կերակրել են սպիրտի թորման (դիրտ) եւ գարեջրագործության թափոններով: Ծրագրերի մեջ է մտնում կաթնամթերքի թափոններով աշխատանքը:

Կարելի է փորձեր կատարել նաեւ կենցաղային թափոններով, բայց դրանց մշակումը աշխատատար եւ ծախսատար է, հավելեց Թռչունյանը:

Աղբյուրը՝ news.am