Կատալոնիան պատրաստվում է առաջիկա օրերին միակողմանի անկախություն հռչակել, իսկ Իրաքյան Քրդստանը լուծում է փնտրում հանրաքվեից հետո Իրաքի և հարևան մյուս երկրների՝ տարածաշրջանը մեկուսացման տանող քայլերին։
Մասնագետների կարծիքով՝ հավանականություն կա, որ երկու հանրաքվեների արդյունքում նոր երկրներ կձևավորվեն, սակայն առավել հավանական է, որ կենտրոնական իշխանությունների հետ բանակցությունների շնորհիվ այդ տարածքներն առավել լայն քաղաքական ու տնտեսական ինքնավարություն կստանան։
Դիտարկելով հնարավոր անկախության տարբերակը՝ միջազգային ԶԼՄ-ները Կատալոնիան և Իրաքյան Քրդստանը համեմատում են նաև Արցախի հետ՝ նշելով, որ չճանաչված ինքնահռչակ պետություն լինելու դեպքում էլ դժվարություններով, բայց հնարավոր է գոյատևել որպես ինքնուրույն միավոր։
Կատալոնիայի հանրաքվեն
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2,2 միլիոն մարդ։ Քվեարկությանը մասնակցածների 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը։ Սակայն այն հանգամանքը, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50%-ից պակաս հատվածը (քվեարկության իրավունք ունի 5,3 միլիոն մարդ), Կատալոնիայի իշխանությունների դիրքերը բանակցություններում թուլացնում է։
Անկախ հանրաքվեի մասնակիցների թվաքանակից, Իսպանիայի Սահմանադրական դատարանը հանրաքվեն հակասահմանադրական էր հայտարարել դեռ մինչև դրա անցկացումը։ Իսկ Իսպանիայի և ԵՄ-ի իշխանությունները հրաժարվել են ճանաչել հանրաքվեի արդյունքները։
Վերլուծաբանների կարծիքով՝ ԵՄ տարածքում սահմանների փոփոխությունը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ՝ սկիզբ դնելով անջատողականության ալիքի մի շարք եվրոպական երկրներում։ Քրդստանի պարագայում նման մտավախություն ունեն Թուրքիան, Իրանը, Սիրիան։
Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ իր ադմինիստրացիան պաշտոնական Մադրիդի հետ որևէ շփում չունի։ Նա նաև անհամաձայնություն է հայտնել ԵԽ հայտարարությանը, ըստ որի՝ Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձություններն Իսպանիայի ներքին խնդիրն են։
Պուչդեմոնը նաև վստահեցրել է, որ եթե Մադրիդը փորձի ստանձնել Կատալոնիայի կառավարումը՝ զրկելով նրան ինքնավարությունից կամ ձերբակալի ղեկավարներին, «դա կդառնա սխալ, որը կփոխի ամեն ինչ»։
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Վեցերորդը տեսաուղերձ է հղել, որում բոլորին միասնության կոչ է արել՝ նշելով, որ Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են տնտեսական անկայունության պատճառ դառնալ։ Մինչդեռ Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել։ Արհմիությունները հայտարարել են, որ համընդհանուր գործադուլը պատասխանն է հանրաքվեի օրը ոստիկանների գործած բռնությունների ու մարդու իրավունքների խախտումների։
Իսկ հանրաքվեի օրը ոստիկանության գործողությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել։ Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որտեղ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն ու դրա արձագանքը մնաց դիվանագիտական ու քաղաքական բանակցությունների մակարդակում, Իսպանիայում փորձեցին խնդրին նաև ուժային լուծում տալ։
Կատալոնիան Իսպանիայի 17 ինքնավար մարզերից է, որը տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում: Այն մեծությամբ Իսպանիայի 6-րդ ինքնավար մարզն է և ունի 7,5 միլիոն բնակչություն: Մայրաքաղաքը Բարսելոնան է, որը մեծությամբ Իսպանիայի երկրորդ քաղաքն է և Եվրոպայում երրորդը զբոսաշրջիկների այցելության ցուցանիշով: Կատալոնիան ինքնավար մարզի կարգավիճակ է ստացել 1979 թվականին: Դրա կազմի մեջ մտնում է 4 նահանգ՝ Բարսելոնա, Ժիրոնա, Լերիդա և Տարագոնա:
Կատալոնիայի հիմնադրման տարեթիվ է համարվում 988 թվականը, երբ կորդովական խալիֆ ալ-Մանսուրին հետ մղելուց հետո կոմս Բորել Երկրորդը հրաժարվեց ճանաչել Ֆրանսիայի թագավորի իշխանությունն իր տարածքների նկատմամբ։ Բարսելոնան այդպիսով դարձավ անկախ ֆեոդալական միավոր։ 1164 թ. Բարսելոնայի կոմսությունը միջդինաստիական ամուսնության շնորհիվ միացավ Արագոնի թագավորությանը, սակայն թե՛ Արագոնը, թե՛ Կատալոնիան շարունակում էին պահպանել իրենց ինքնավարությունը։ 1516-ին էլի միջդինաստիական ամուսնության շնորհիվ միավորվում են Կաստիլիան և Արագոնը՝ ձևավորելով Իսպանիան։ Սակայն դարձյալ ներքին միավորները պահպանում են իրենց ինքնուրույնությունը։
Իրավիճակը փոխվեց 1700-ականներին, երբ համաեվրոպական պատերազմի հետևանքով իսպանական գահն անցավ Ֆիլիպ V-ին։ Կատալոնացիները գահի համար պայքարում սատարում էին այլ թեկնածուի, ինչի հետևանքով դարձան, այսպես ասած, երկրորդ կարգի հպատակներ, իսկ Կատալոնիայում և ողջ Արագոնի թագավորության տարածքում վերջ տրվեց ինքնավարությանը։
XX դարում՝ գեներալ Ֆրանկոյի դիկտատուրայի ժամանակ, Կատալոնիայում ուժեղանում են քաղաքական ճնշումները, փակվում է կատալոնալեզու մամուլը, քաղաքական հետապնդումների են ենթարկվում կատալոնացի քաղաքական գործիչները: Ֆրանկոյի տապալումից հետո Կատալոնիայում կրկին սկսվում են ազգային շարժումներ, որոնց շնորհիվ 1979 թ. Կատալոնիան ստանում է ինքնավար կարգավիճակ, իսկ կատալոներենը՝ պաշտոնական կարգավիճակ, Կատալոնիան ունենում է սեփական կառավարությունը և խորհրդարանը:
Երկու հանրաքվեների ընդհանրությունը և տարբերությունները
Թե՛ Իրաքի, թե՛ Իսպանիայի սահմանադրությունները բացառում են օրինական անկախության հանրաքվեի հնարավորությունը։ Երկու դեպքում էլ թե՛ կենտրոնական իշխանությունները, թե՛ միջազգային խոշոր խաղացողները դեմ են արտահայտվել հանրաքվեին, իսկ անցկացումից հետո չեն ընդունել դրանց արդյունքները։
Իսպանիայի իշխանությունները ուժային մեթոդների դիմեցին՝ կանխելու հանրաքվեի անցկացումը։ Վերլուծաբանների կարծիքով՝ եթե Իրաքի իշխանությունները բավականաչափ ուժեղ լինեին, նրանք էլ կդիմեին ուժային մեթոդին։
Ուշագրավ է, որ երկու տարածքային միավորներն էլ ավելի լավ տնտեսական վիճակում են, քան բուն երկիրը, և անկախանալու դեպքում թե՛ Իսպանիան, թե՛ Իրաքը, տարածքային կորուստներից բացի, կունենան նաև մեծ տնտեսական կորուստներ։ Իսպանիայի պարագայում Կատալոնիայի անկախացումը կարող է կանաչ լույս դառնալ նաև բասկերի անկախացման գործընթացի համար։
Երկու հանրաքվեների միջև մեծագույն տարբերությունն այն է, որ եթե քրդական հանրաքվեն աշխարհում գոնե մեկ խոշոր խաղացող կողմնակից ունեցավ՝ Իսրայելը, ապա Կատալոնիան ազդեցիկ աջակիցներ չունի։ Սա վերլուծաբաններին հնարավորություն է տալիս ենթադրելու, որ եթե Իրաքյան Քրդստանը, շնորհիվ Իսրայելի աջակցության ու հարուստ բնական ռեսուրսների, երբևէ հույս կարող է ունենալ, որ կճանաչվի՝ դառնալով անկախ պետական միավոր, ապա Կատալոնիայի դեպքում դա քիչ հավանական է. աշխարհի երկակի չափանիշները կխանգարեն։
Երկակի չափանիշների դեմ դժգոհություն արդեն իսկ արտահայտել է Սերբիայի նախագահը՝ հիշեցնելով Կոսովոյի մասին և հարց բարձրացնելով, թե ինչպե՞ս է, որ Կոսովոն առանց հանրաքվեի կարող էր անկախանալ Եվրոպայի սրտում, իսկ Կատալոնիան անգամ հանրաքվեով չի կարող։
Աղբյուրը՝ ankakh.am