5 Դեկտեմբերի 2020թ. 21:36

Ջուդիթ Ֆարնուորթ. Շատ լուրջ պատրաստակամություն կա՝ ավելացնելու ներդրումները Հայաստանում

 

Հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան և IAB բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից կազմակերպված Կառավարման և առաջնորդության առաջին տարեկան համաժողովը։ Այն անցկացվում էր հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը լրագրողների հետ զույցում ասաց, որ միջոցառումը նպատակ ունի խթանելու կառավարման և առաջնորդության հմտությունները հայ մասնագետների շրջանում՝ կիսելով բրիտանական փորձը։

«Հատկապես կարևոր է ունենալ հստակ ռազմավարություն, ռազմավարությունը տարածել ավելի լայն շրջանակում, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն իմանա, թե ինչ դեր ունի ինքը ամբողջական արդյունքի ապահովման մեջ։ Շատ դինամիկ մթնոլորտ կա Հայաստանում ներկայումս, շատ կազմակերպություններ փոփոխություններ են անցնում, և շատ կարևոր է թիմն առաջնորդել այդ փոփոխությունների գործընթացի շրջանակում»,- նկատեց դեսպանը։

Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների մասին, դեսպանն ասաց, որ դրանք ամուր են և ավելի են ամրանում․

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեր նախարարն այցելեց Հայաստան և վերահաստատեց մեր հանձնառությունը՝ Հայաստանին օժանդակությունն ավելացնելու առումով։ Անցած շաբաթ վարչապետի առևտրի ներկայացուցիչն առաջին անգամ այցելեց Հայաստան և փորձեց ավելի սերտ ներդրումաառևտրային կապեր ձևավորել Հայաստանի հետ։ Այսօրվա միջոցառման նման միջոցառումները ցույց են տալիս, որ մենք շատ առումներով կարող ենք օգնել Հայաստանին, և մենք պատրաստ ենք օժանդակել բարեփոխումներին»։

168.am-ը դեսպանից հետաքրքրվեց, թե Հայաստանի ներդրումային դաշտն ինչպե՞ս է գնահատում, որքանո՞վ է այն բարենպաստ օտարերկրյա ներդրողներին գրավելու համար։

Ի պատասխան՝ դեսպանը հետևյալն ասաց. «Կարծում եմ` դա ընթացիկ աշխատանք է, և այս ոլորտում էլ մենք ուզում ենք օժանդակություն և խորհուրդներ առաջարկել Հայաստանի իշխանություններին, քանի որ մենք գիտենք, որ շատ լուրջ պատրաստակամություն կա՝ ավելացնելու ներդրումները, և դրա համար անհրաժեշտ է ներդրումային կանխատեսելի և թափանցիկ միջավայր։ Ուստի այո, հաստատ ճիշտ ուղղությամբ են ընթանում, բայց աշխատանքն ընթացքի մեջ է»։

IAB բիզնեսի միջազգային ակադեմիայի հինադիր-տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանն էլ նշեց, որ առաջին անգամ է նման ֆորում կազմակերպվում Հայաստանում, և այն միտում ունի՝ դառնալ ամենամյա.

«,Սա առաջին փորձն է հավաքել տարբեր լիդերների, մենեջերների, ղեկավարների և փորձել քննարկել այն խնդիրները, որոնք շատ արդի են Հայաստանի համար։ Այսօր մենք ճիշտ կառավարելու և անձնակազմը մոտիվացված պահելու մեծ խնդիր ունենք, դրա համար շատերը չեն կարողանում ներգրավվել աշխատանքում։ Այդ պատճառով մենեջերի գիտելիքներն ու փորձը շատ կարևոր են։

Ըստ հետազոտությունների՝ աշխատավարձն աշխատակիցներին մոտիվացնելու առաջին պայմանը չէ, այն, կարող ենք ասել՝ վերջինն է, որովհետև մարդիկ շատ շուտ սովորում են իրենց նոր աշխատավարձին և նրանց մոտ մոտիվացիան ընկնում է։ Իրականում պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ աշխատակիցները մոտիվացված աշխատեն, իրենց զգան ինչ-որ մեծ կարևոր բանի մաս։

Ռազմիկ Մարտիրոսյան

Աղբյուրը` 168.am