Տարվա հիմնական թրենդը ԵԱՏՄ-ում` թվայնացում

Տեխնոլոգիական ոլորտում հայ-ռուսական համատեղ նախագծերի զարգացման մասին Եվրասիական տնտեսական 2-րդ համաժողովի ընթացքում մանրամասն խոսեց ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը: Այդ համագործակցությունը նա դիտարկեց իբրև արտադրանքի խոր մշակման ոլորտում որպես ներմուծման փոխարինման քաղաքականության հիմք: Տնտեսության համատեղ թվայնացումը դարձավ համաժողովի գրեթե առանցքային թեման: ԵՏՀ ղեկավարի կարծիքով` ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններն ուշադրության կենտրոնում են պահում թվային տրանսֆորմացիայի թեման: «Մենք հետևյալ մտահղացումն ունենք` անհրաժեշտ է բացահայտել հիմնական թրենդներն ու համեմատական առավելությունները, որոնցով օժտված ենք»: Կարելի է համարձակ պնդել, որ Հայաստանի համար 2017 թվականը թվայնացման տարի է, ինչի վառ վկայությունն է տվյալ թեմատիկայի գերիշխումը անցկացված համաժողովի հարթակներում։

«Հայաստանի կառավարությունն սկսել է թվային օրակարգի մշակում, որով մենք հանդես կգանք նաև ԵԱՏՄ–ի շրջանակում։ Տարվում են Եվրամիության հետ տնտեսության թվայնացման աշխատանքներ։ Այդ գործընթացները փոխլրացնող են, այլ ոչ թե փոխբացառող»,– ասել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։

Թվայնացման հետ կապված նախագծերի իրագործումը, սեփական գիտական բազայի ուժեղացումը հենց այն հիմնական գործոն է, որը պետք է ապահովել ներքին կոոպերացիան ԵԱՏՄ տարածքում, արտադրական շղթաների կառուցում և դրանց ներկառուցում միջազգային շղթաներում, բայց արդեն ոչ թե էժան աշխատուժի կամ հարկային արտոնությունների հաշվին:

Հայաստանը պետք է ոչ միայն մասնակիցներից մեկը դառնա, այսինքն՝ թվայնացման գլոբալ գործընթացների օբյեկտ, այլև դրա սուբյեկտ` մի երկիր, որը, մտնելով միջազգային տեխնոլոգիական օղակի մեջ, սեփական սոֆթն է արտադրում` այդ կերպ լուծելով ազգային (եվրասիական) անվտանգության խնդիրը, իսկ դա նշանակում է` ապահովում է ԵԱՏՄ երկրների տնտեսական ինքնիշխանությունը:

Լիաննա Ավետյան