20 Հոկտեմբերի 2020թ. 15:51

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անվտանգություն հասկացությունը, թվացյալ պարզության հետ մեկտեղ, խիստ ընդգրկուն է և գործնականորեն ներառում է հասարակության ու առանձին անհատների կենսագործունեության բոլոր ոլորտները։ Ամենևին պատահական չէ, որ գրականության մեջ կարելի է հանդիպել այդ եզրի ամենատարբեր մեկնությունների և սահմանումների։ Օրինակ, հաճախ կարելի է հանդիպել հետևյալ ձևակերպմանը. «Ազգային անվտանգությունն ազգի ընդունակությունն է՝ պահպանելով իր հիմնարար արժեքները հնարավորինս նվազագույն կորուստներով՝ բավարարել այն պահանջները, որոնք անհրաժեշտ են ինքնապաշտպանության, ինքնավերարտադրման և ինքնակատարելագործման համար»։ Լինելով բավական ընդգրկուն՝ այս սահմանումը, միևնույն ժամանակ, փոքր-ինչ ստատիկ բնույթ է կրում և լիարժեք չի արտահայտում հարափոփոխ միջավայրի ազդեցությունները։ Այդ իսկ պատճառով անդրադառնանք նաև անվտանգության փիլիսոփայության ստեղծման գործում մեծ ավանդ ունեցող Առնոլդ Թոյնբիի ձևակերպումներին [1]։

Եթե փորձենք փոքր-ինչ ընդհանրացնել Թոյնբիի դասական մոտեցումները, ապա քաղաքակրթությունների, պետությունների, հասարակությունների և անգամ անհատների անվտանգությունն ապահովվում է նրանց՝ մարտահրավերների և դրանց տրվող պատասխանների բարդ համակարգում գործելու ունակությամբ։ Հայտնի է Թոյնբիի ասույթը, թե քաղաքակրթությունների կործանման պատճառը եղել է նրանց անկարողությունը՝ ադեկվատ արձագանքելու իրենց նետված մարտահրավերներին։ Նկատենք, սակայն, որ մարտահրավերները որոշ իրադրություններում կարող են ընկալվել նաև որպես դրական հանգամանք, քանի որ դրանք փորձարկում են անվտանգության համակարգի հուսալիությունը և, մարտահրավերներին արժանիորեն դիմագրավելու նպատակով, մոբիլիզացնում են հանրության հոգևոր, մտավոր, ռազմաքաղաքական ու նյութական ռեսուրսները։

Թոյնբիի վերոնշյալ դատողությունները կիրառելի են նաև տեղեկատվական անվտանգության (ՏԱ) ոլորտում։ Վերջինիս շրջանակները երբեմն նեղացվում են, մինչդեռ այն ծավալուն հասկացություն է և առաջին մոտավորությամբ ներառում է այն ամենը, ինչ վերաբերում է.

  • ազգի, պետության, հասարակության և անհատի հոգևոր-հոգեբանական, մտավոր, գիտելիքային և կրթական ոլորտների արդյունավետ զարգացման, կառավարման ու ապահովության խնդիրներին;
  • պետության, հասարակության և անհատի տեղեկատվական-տեխնոլոգիական համակարգերի արդյունավետ զարգացման ու ապահովության խնդիրներին։

Այս և նման մոտեցումների հիման վրա մասնագիտական գրականությունում առաջարկվել են ՏԱ բազմաթիվ սահմանումներ։ Օրինակ՝ «Տեղեկատվության և այն ապահովող ենթակառուցվածքների պաշտպանվածությունը պատահական կամ միտումնավոր ազդեցություններից»։ ՏԱ-ն սահմանվում է նաև որպես «Ներազդող սպառնալիքների և դրանց արդյունավետ հակազդելու գործընթացների միջև հավասարակշռության պահպանման գործընթաց»։ Ելնելով Թոյնբիի անվտանգության փիլիսոփայության դրույթներից և շեշտելով անվտանգության խնդիրներում գիտակրթական-տեխնոլոգիական ռեսուրսների ու հանրության ընդհանրական հմտությունների որոշիչ կարևորությունը՝ ՏԱ-ն նպատակահարմար է սահմանել հետևյալ կերպ. «Տեղեկատվական անվտանգությունը պետության և հասարակության գիտելիքային–տեխնոլոգիական անհրաժեշտ ռեսուրսների ստեղծման միջոցով հանրության անվտանգությունը և զարգացումն ապահովելու ունակությունն է տեղեկատվական մարտահրավերներ-պատասխաններ գործընթացում» [2]։

Գիտելիքային գործոնի շեշտադրումը համահունչ է այն մոտեցումների հետ, համաձայն որոնց՝ արդի 5-րդ սերնդի պատերազմներում հաղթանակի գրավականը գիտակցության մակարդակը և իմացական կարողություններն են [3]։ Հատկանշական է նաև, որ ռազմավարական հետախուզության առաջնային խնդիրն է համարվում հակառակորդի գիտական ռեսուրսների և ներուժի վերաբերյալ տեղեկատվության հայթայթումը [4]։

Հայկական հանրության տեղեկատվական անվտանգության առանձնահատկությունները. ՏԱ ոլորտին վերաբերող խնդիրներում պետք է հաշվի առնել, որ դրանք միշտ չէ, որ ունիվերսալ բնույթ են կրում, քանի որ հաճախ վճռորոշ նշանակություն ունի այն քաղաքակրթական միջավայրը, որում կիրառվում են ՏԱ այս կամ այն դրույթները։ Օրինակ, Հայկական հանրությանը վերաբերող ՏԱ խնդիրներում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ իրողությունները.

  • Հայաստանը ներկայացնում են երկու պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը;
  • Հայկական Սփյուռքը, սփռված լինելով տարբեր երկրներում, գտնվում է իր բնակության վայրի (օրինակ՝ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի) քաղաքական, մշակութային և տեղեկատվական ազդեցության տակ;
  • Հայկական հանրությունը ներառում է տարադավան (Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներից բացի առկա են նաև կաթոլիկություն, ուղղափառություն և բողոքականություն դավանող հայկական համայնքներ) և տարակրոն (Արևմտյան Հայաստանում և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում բնակվում են իսլամացված հայեր) հատվածներ։ Հայկական հանրության այս հատվածներին բնորոշ են հոգեկերտվածքային բնույթի առանձնահատկություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել տեղեկատվական քաղաքականություն վարելիս;
  • Պատմական Հայաստանի որոշ հատվածներում բնակվում են հայեր, որոնք ավանդաբար համարում են, որ ապրում են իրենց հայրենիքում (օրինակ՝ Ջավախքում, Արևմտյան Հայաստանի ու Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում), և այս գործոնը նույնպես պետք է ուշադրության արժանանա։

Ինչպես տեսնում ենք, ՏԱ տեսանկյունից Հայկական հանրությունն ունի բավական լուրջ հիմնախնդիրներ։ Բնակության տարաբնույթ միջավայրերն առանձին հայկական համայնքներին և կազմակերպություններին երբեմն թելադրում են այս կամ այն ազգային խնդրի վերաբերյալ կիրառել տեղեկատվական քաղաքականություն, որը միշտ չէ, որ համընկնում է հայկական հանրության այլ հատվածների մոտեցումների հետ։ Միևնույն ժամանակ, նման մարտավարական տարաձայնությունները նույնպես կարելի է ընդունել և օգտագործել որպես տեղեկատվական ռեսուրս։ Ընդհանրական գաղափարա–տեղեկատվական դաշտի առկայության, ինչպես նաև արդի համացանցային համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման պարագայում այդ բազմակարծությունը կարելի է և անհրաժեշտ է ծառայեցնել հայկական պետությունների ու հանրության շահերին։ Ավելին, տեղեկատվական ռեսուրսների նման «սփռվածությունը» և «ցանցային» բնույթը որոշակի առավելություններ են ընձեռում հայկական հանրությանը, որին չեն տիրապետում մեր որոշ մրցակիցները։

Բոլոր պարագաներում ակնհայտ է, որ տեղեկատվական անվտանգության մշակվող կամ առաջարկվող «հայկական» հայեցակարգերը պետք է հաշվի առնեն վերոնշյալ կարևոր հանգամանքները, այլապես չեն կարող լիարժեք համարվել։ Մինչդեռ Սփյուռքի տեղեկատվական ռեսուրսների հաշվառումը և համապատասխան օգտագործումը կնպաստեն, որպեսզի ողջ Հայկական հանրությունն արժանավայել պատասխանի անվտանգության բազում մարտահրավերներին, որոնցից շատերը տեղեկատվական բնույթի են։

Ինֆոգեն քաղաքականության դերակատարները և մարտահրավերները. Ինչպես հայտնի է, Տրոյան գրավելու համար բավական էր, որ Ոդիսևսն ունենար ընդամենը մեկ ազդեցության գործակալ և ագիտատոր՝ Սինոնին, որը կարողացավ համոզել իր համաքաղաքացիներին «փայտե նժույգը» մտցնել քաղաք։ Տեղեկատվական հինգերորդ հեղափոխության դարաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Համացանցի և մոբիլ կապի համակարգում այսօր ընդգրկված է գրեթե ողջ մարդկությունը (որի մի զգալի մասը ներգրավված է սոցիալական ցանցերում), իսկ կայքերի թիվը մոտենում է 2 մլրդ-ի։ Զուգահեռ՝ զարգանում են նաև ավանդական լրատվամիջոցները՝ մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը, որոնք հաճախ խաչաձևվում և միասնություն են կազմում հաղորդակցման ինտերնետային միջոցների հետ։ Ստեղծված իրավիճակն առաջին հերթին նպաստում է մարդկության տեղեկատվայնացման (ինֆորմատիզացիայի) աննախադեպ բարձրացմանը և գիտելիքների ազատ շրջանառությանը, ինչն, իհարկե, խիստ դրական երևույթ է։

Միևնույն ժամանակ, ռազմաքաղաքական գործընթացների տեսանկյունից տեղեկատվության նման լայնածավալ շրջանառությունը նոր հնարավորություններ է ստեղծում քաղաքական դերակատարների համար։ Ավանդաբար ընդունված է համարել, որ գլոբալ տեղեկատվական տարածքն արտացոլում է առաջատար պետությունների տեղեկատվական հնարավորությունները։ Սակայն այդ տարածքում, հաշվի առնելով արդի աշխարհակարգի բազմակենտրոն լինելը, տեղ են գտել ինչպես մեծ ներուժ չունեցող պետությունները, այնպես էլ ոչ պետական կառույցները (ՈՊԿ)։ Վերջիններս չունեն պետություններին բնորոշ կառավարման ինստիտուտներ, սակայն տիրապետում են անհրաժեշտ մտավոր, նյութական, կազմակերպչական ռեսուրսների և մասնավորապես՝ տեղեկատվական ոլորտում արդյունավետ գործելու կարողությունների։ Այդպիսի հնարավորություններ կարող են ունենալ հետևյալ տիպի կառույցները և կազմակերպությունները.

  1. Խոշոր անդրազգային տնտեսական-ֆինանսական կառույցները1;
  2. Զանգվածային լրատվամիջոցների տիրապետող կառույցները՝ այսպես կոչված «մեդիա-հոլդինգները»;
  3. Հասարակական, քաղաքական և կրոնական բնույթի կազմակերպությունները;
  4. Ահաբեկչական և հանցավոր կազմակերպությունները;
  5. Այս կամ այն հատկանիշով միավորված ոչ պաշտոնական խմբերը (համաձայն որոշ հետազոտողների՝ այդպիսի խմբեր կարող են համարվել, օրինակ, միջազգային բյուրոկրատիայի որոշ հատվածները, որոնք երբեմն մեծ եռանդով պաշտպանում են սեփական կորպորատիվ շահերը)։

ՈՊԿ-ների դերակատարումը գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ նրանց մի մասը համագործակցում է պետական համակարգերի հետ հետևյալ երկու հիմնական մեխանիզմներով.

  1. ՈՊԿ-ներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում և ուղղորդվում են պետության կողմից և այդպիսով համատեղ իրագործում են տարաբնույթ ծրագրեր պետական շահերի համատեքստում։ Միջնորդված տեղեկատվական-քաղաքական տեխնոլոգիաները երբեմն ավելի արդյունավետ են, քանի որ ՈՊԿ-ները կաշկանդված չեն իրենց գործառույթներում պետական պարտավորություններով, իսկ նրանց «անկախ դիրքորոշումները» լրացուցիչ հիմնավորում են հանդիսանում այս կամ այն հարցի շուրջ ընթացող քննարկումներում և գործընթացներում։ Առավել հաճախ նման եղանակով են գործում ՀԿ-ները։ Այս խնդրում պետք է նաև հաշվի առնել, որ որոշ կայացած ՀԿ-ներ, ժամանակի ընթացքում ձեռք բերելով անհրաժեշտ ռեսուրսներ, փորձում են վարել, մասնավորապես՝ տեղեկատվական ոլորտում, ավելի ինքնուրույն, պետական համակարգի հետ չհամաձայնեցված քաղաքականություն։
  2. ՈՊԿ-ներն ունեն ինքնուրույն գործելու բավարար ռեսուրսներ, սակայն նրանց շահերը որոշակի ուղղություններում համընկնում են պետական շահերի հետ, և սա հատկապես վերաբերում է խոշոր անդրազգային տնտեսական-ֆինանսական կառույցներին և մեդիա-հոլդինգներին։ Նման ՈՊԿ-ների գործունեությունը հաճախ փոխհամաձայնեցվում է պետական ինստիտուտների հետ։

Միևնույն ժամանակ, խոշոր անդրազգային ֆինանսական ընկերությունների որոշակի մասը գործում է միանգամայն ինքնուրույն, և այստեղ պետք է կարևորել հետևյալ իրողությունը։

Ինքնուրույն դերակատարում ստանձնած հզոր կառույցներն ունեն իրենց սեփական՝ կորպորատիվ պատկերացումներն աշխարհակարգի, քաղաքականության, կառավարման մեթոդների և այլնի վերաբերյալ։ Դրանք բովանդակային այս հարթությունում ոչ միայն մրցակցում են ազգային պետությունների հետ, այլև, համաձայն որոշ հետազոտողների, կարող են ստանձնել անգամ խոշոր պետությունների ուղղորդումը՝ իրականացնելով այսպես կոչված արտաքին կառավարում։ Նման ՈՊԿ-ներին բնորոշ է նաև այն, որ գտնվելով պետական համակարգից դուրս՝ նրանք չեն կրում որևէ պատասխանատվություն որևիցե երկրի բնակչության հանդեպ։ Արդի ժամանակաշրջանում, որը բնութագրվում է որպես «պոստդեմոկրատական», նման խոշոր ՈՊԿ-ները գլոբալ դերակատարում են ձեռք բերել ինչպես տեղեկատվական դաշտում, այնպես էլ քաղաքական և տնտեսական հարթություններում [5]։

Բոլոր պարագաներում, և՛ պետական, և՛ ոչ պետական դերակատարները, ելնելով իրենց ազգային–պետական կամ կորպորատիվ շահերի վերաբերյալ պատկերացումներից, ձգտում են հասնել իրենց գաղափարախոսական, քաղաքական, ռազմական և տնտեսական նպատակներին՝ օգտագործելով տեղեկատվության հսկայական շրջանառության ընձեռած հնարավորությունները։ Այդ համատեքստում, բնականաբար, ՈՊԿ-ները կատարում են որոշակի գործողություններ, որոնք ուղղված են իրենց պայմանական հակառակորդների և մրցակիցների դեմ։ Տեղեկատվական բնույթի նման գործողությունները և սպառնալիքները, որոնք իրագործվում և ուղղորդվում են պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև առանձին անհատների կողմից, ընդունված է անվանել ինֆոգեն կամ տեղեկատվածին։ Ինֆոգեն մարտահրավերները հիմնականում լինում են երկու տիպի.

  1. Հոգևոր-գաղափարախոսական բնույթի ինֆոգեն սպառնալիքներ, որոնք ուղղված են ազգի, հասարակության ու անհատի դեմ, և որոնք ներազդողի շահերի համատեքստում ենթադրում են.
  • խաթարել հանրության գիտակցությունը (երբեմն՝ անգամ ենթագիտակցության մակարդակով), հոգևոր և ազգային արժեհամակարգը,
  • փոխել հասարակության և առանձին անհատների (այդպիսով՝ պետության) քաղաքական ու քաղաքակրթական կողմնորոշումները (այսպես կոչված «քաղաքակրթական կոդը»),
  • նվազեցնել հասարակության և պետության ընդհանրական մտավոր-գիտելիքային ռեսուրսները և այդպիսով սահմանափակել տվյալ հանրության զարգացման հնարավորությունները։
  1. Տեխնոգեն բնույթի ինֆոգեն սպառնալիքներ, որոնք ուղղված են անհատի, հասարակության, ազգի և պետության գործունեությունը կազմակերպող և համակարգող տեղեկատվական տեխնոլոգիական համակարգերի դեմ։

Ինֆոգեն սպառնալիքների աղբյուրները կարող են լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։

Արտաքին ինֆոգեն սպառնալիքների աղբյուր Հայկական հանրության պարագայում կարող են հանդիսանալ.

  • Մրցակից կամ հակառակորդ երկրներն ու կազմակերպությունները;
  • Իրենց շահերը հետապնդող, սակայն Հայկական հանրության շահերն անտեսող երկրները և կազմակերպությունները, որոնց թվում կարող են լինել նաև քաղաքական և տնտեսական գործընկերները;
  • Գլոբալ տեղեկատվական դաշտում շրջանառվող, բայց ոչ հատուկ Հայկական հանրության դեմ ուղղված քաոտիկ տեղեկատվական հոսքերը, որոնք բացասական ներգործություն են ունենում հանրային և անհատական գիտակցության վրա։

Ինֆոգեն ներքին սպառնալիքների աղբյուր կարող են հանդիսանալ.

  • Հայաստանում տեղակայված, սակայն օտարերկրյա աղբյուրներից սնվող քաղաքական, հասարակական, տնտեսական կազմակերպությունները և ԶԼՄ-ն, որոնց գործունեությունը չի համապատասխանում Հայկական հանրության շահերին;
  • Ներքին մասնավոր և պետական ռեսուրսների վրա հիմնված քաղաքական, հասարակական, տնտեսական կազմակերպությունները, ընկերությունները, պետական մարմինները և ԶԼՄ-ն, որոնց պատկերացումները Հայկական հանրության ազգային շահերի վերաբերյալ հստակեցված չեն։ Որպես հետևանք՝ նման կառույցները կարող են ակամա կամ քաղաքական-գաղափարախոսական սխալ կողմնորոշումների հետևանքով ինֆոգեն վտանգի աղբյուր հանդիսանալ Հայկական հանրության համար։ Նման գործողությունների որոշ արտահայտումները երբեմն որակվում են որպես «տեղեկատվական պատերազմ սեփական ժողովրդի դեմ»։

Ինչպես տեսնում ենք, ինֆոգեն սպառնալիքների բացահայտումը և դասակարգումը զգալի չափով պայմանավորված են ազգային շահի (ԱՇ) վերաբերյալ բովանդակային պատկերացումներով։ ԱՇ-ի վերաբերյալ չհստակեցված պատկերացումների պարագայում ինֆոգեն սպառնալիքների բացահայտումը, հետևաբար՝ նաև տեղեկատվական անվտանգության ապահովումը, վերածվում են բավական վիճահարույց խնդրի։

Իրենց հերթին, ինֆոգեն մարտահրավերների բացահայտումը, համապատասխան համակարգումը և վերլուծությունը թույլ են տալիս հասկանալ պայմանական հակառակորդի կամ մրցակցի ռազմավարությունը և դրա իրագործման մեթոդաբանությունը։ Ի լրումն, ինֆոգեն սպառնալիքները համապատասխան մեկնություններով և «տեղեկատվական ուղեկցությամբ» հանրությանը ներկայացնելը մոբիլիզացնում է հասարակությունն ու պետությունը, ինչը նպաստում է, որպեսզի նետված մարտահրավերներին տրվի ադեկվատ պատասխան։

1 Ըստ 2011թ. շվեյցարացի հետազոտողների կատարած ուսումնասիրության, նման ՈՊԿ-ների միջուկն են կազմում հիմնականում ֆինանսական 147 կորպորացիաներ, որոնք իրենց գործընկերների և մասնաճյուղերի հետ միասին վերահսկում են համաշխարհային ՀՆԱ 60%-ը (http://www.newscientist.com/article/mg21228354.500-revealed—the-capitalist-network-that-runs-theworld. html#.UfALvsCGiJd).

Գրականություն

  1. Тойнби А.Дж., Цивилизация перед судом истории, Сборник, М., Айрис Пресс, 2003, 592с.
  2. «Տեղեկատվական անվտանգություն», Երևան, 2017 (տպագրվում է)։
  3. Иванов В., США должны готовиться к войне пятого поколения, Независимое военное обозрение, #31(962), 25-31, 08.2017.
  4. Плэтт В., Стратегическая разведка. Основные принципы. Учебное пособие, М., ФОРУМ, 1997, 376 с.
  5. Крауч К., Постдемократия, М., Изд. дом Гос. ун-та — Высшей школы экономики, 2010, 192 с.

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2017