Հայաստանը կարող է տնտեսական բեկում գրանցել

Հայաստանում օրերս անցկացված Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի ընթացքում հնչեցին գաղափարներ, բարձրաձայնվեցին նպատակներ ու ծրագրեր, որոնք, անկասկած, չափազանց կարևոր են լինելու ԵԱՏՄ-ի՝ որպես աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կառույցի ներկայի ու ապագայի համար: Այս հանգամանքը հատկապես կարևոր է մեզ՝ հայերիս համար, որ ամեն կերպ փորձում ենք ուղիներ գտնել մեր ունցած պոտենցիալը ԵԱՏՄ շրջանակներում  հավուր պատշաճի ռեալիզացնելու համար:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի հիմնական ռեսուրսը բոլոր ժամանակներում էլ մարդկային կապիտալն է եղել: Պայմանավորված, սակայն, տարիներ շարունակ չդադարող արտագաղթով՝ այսօր մեր երկիրը կանգնած է իր մեծագույն հարստությունը կորցնելու եզրին: Ընդ որում՝ ինչպես համապատասխան վիճակագրությունն  է փաստում, բավական լայն թափ է ստացել «ուղեղների արտահոսք» կոչվող երևույթը, երբ տեղի մասնագետը, պարզապես, ելնելով լավ ապրելու բնական ցանկությունից, թողնում  է Հայաստանն ու հեռանում: Եթե մեզ չհաջողվի ռեալ այլընտրանք ներկայացնել տեղի մասնագետներին, ոչինչ չանենք վերահաս աղետը կանխելու համար, ապա վաղ թե ուշ դառնալու ենք լավագույն դեպքում գյուղատնտեսական երկիր (չնայած հաշվի առնելով գյուղատնտեսության այսօրվա վիճակը՝ նույնիսկ այդ հեռանկարն է մեզ համար մշուշոտ մնում):

Եվ ահա այստեղ է, որ ԵԱՏՄ-ն կարող է գալ Հայաստանին օգնության: Շատերը նկատած կլինեն, որ Երևանում օրերս անցկացված տնտեսական համաժողովի հիմնական թեմատիկ մեխերից մեկը բարձր տեխնոլոգիաներին վերաբերող հարցն էր: Եվրասիական տեխնոլոգիական հարթակները, որոնք կոչված են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների գիտատար ճյուղերի զարգացմանը, ու որոնք բավական հաջող կերպով գործում են՝ ապացուցելով սեփական կենսունակությունը, Հայաստանի համար կարող են յուրատեսակ փրկօղակի դեր խաղալ, եթե մեզ հաջողվի գործընկերներին լիարժեքորեն մատուցել մեր ունեցած հսկայական պոտենցիալն ու ոչ թե ուղեղներ մատակարարել դրսին, ինչպես հիմա է տեղի ունենում, այլ այդ մարդկային պոտենցիալը պահելով մեզ մոտ՝ օգտակար լինել նաև գործընկեր երկրներին, ընդհանուր միության առաջխաղացմանը: Ֆորմատը, որը ժամանակի ընթացքում միայն ընդլայնվելու, զարգանալու է, անկասկած, անզուգական հնարավորություն է տալիս Հայաստանին՝ փայլելու ոչ միայն ԵԱՏՄ-ի ներսում, այլև նույն ԵԱՏՄ միջոցով դուրս գալու համաշխարհային շուկաներ՝ տնտեսական արագ զարգացման իրական հեռանկարով: Հաշվի առնելով այն, որ տեխնոլոգիական հարթակների գործունեության հիմնական նպատակը հանդիսանում է ու ապագայում ևս լինելու է արտահանումը՝ կարող ենք ֆիքսել, որ  դրանք անզուգական գործիքակազմեր են համաշխարհային ասպարեզում ինքնառեալիզացվելու, ինչպես նաև ԵԱՏՄ ներսում սեփական դիրքերն ամրապնդելու համար: ԽՍՀՄ տարիներին Հայաստանը հանդիսացել է ընդհանուր պետության տնտեսական կենտրոններից մեկը, որին բնորոշ ամենագլխավոր հատկանիշներից մեկն էլ գիտատարությունն էր: Ճիշտ է՝ այսօրվա Հայստանի տնտեսությունը դժվար համեմատելի է տասնամյակներ առաջվա տնտեսության հետ, սակայն անկասկած է, որ մեր երկրի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ ներսում գոյություն ունեցող պրոյեկտներին, որոնցից մեկն էլ գործող տեխնոլոգիական հարթակներն են, ոչ միայն հօգուտ Հայաստանի է լինելու, այլև՝ ԵԱՏՄ-ի. մենք ռեսուրսներ ունենք՝ փայլելու միության ներսում ու աններելի  կլինի, եթե բաց թողնենք մեզ ընձեռված հնարավորությունը:

Այնպես որ՝ մեզ մնում է ընդամենը կարողնալ սեփական հնարավորությունները մատուցել իմանալ,  ճկուն գտնվել ու ներքին մրցակցության պայմաններում, որ հետագայում կարող է մեզ համար առավելություն դառնալ, առաջ անցնել:

Էռնեստ Ջանփոլադյան