20 Հոկտեմբերի 2020թ. 16:01

Բացահայտվել է Լեոնարդո Դա Վինչիի ամենաթանկ կտավի գաղտնիքը

Լեոնարդո Դա Վինչիի` մասնավոր հավաքածուում գտնվող միակ` «Աշխարհի Փրկիչը» նկարի շուրջ վեճերը նոր թափ են ստացել։ Մասնագետները մտորում են, թե արդյո՞ք կարող էր սխալվել մեծ նկարիչն ու գիտնականը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. «Լեոնարդո Դա Վինչի. Կենսագրություն» գրքի հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը բացահայտել է Վերածննդի դարաշրջանի հանճարի ամենաթանկ` «Աշխարհի Փրկիչը» կտավի գաղտնիքը։ Նա պատմել է այդ նկարում Քրիստոսի ձեռքում պահած արտասովոր թափանցիկ գնդի նշանակության մասին, հայտնում է The Guardian–ը։

Կտավում պատկերված է Քրիստոսը` Վերածննդի դարաշրջանի զգեստով, ձեռքում ապակե գունդ պահած։ Արվեստագետներն ու ֆիզիկոսներն արդարացիորեն նշում են այն հանգամանքը, որ օբյեկտը լիովին թափանցիկ է թվում, մինչդեռ իրականում նրա միջով թափանցող լույսը պետք է աղավաղված երևա: Իսկ Լեոնարդոն նկարել է այնպես, կարծես այն դատարկ ապակյա գունդ է, որը չի բեկում և չի խեղաթյուրում իր միջով անցնող լույսը:

Սա առաջացրել է մասնագետների տարակուսանքը, քանի որ գիտնական Լեոնարդոն շատ է զբաղվել օպտիկական պատրանքների ուսումնասիրմամբ, ինչի մասին վկայում են Վերածննդի հանճարի օրագրերում գտնված բազմաթիվ գրառումները: Կարո՞ղ էր արդյոք Լեոնարդոն այդպես սխալվել:

«Հնարավոր է, որ նա նուրբ ձևով փորձել է Քրիստոսին և նրա գնդին աստվածային հատկություններ հաղորդել», – մտորում է Այզեքսոնը։

Համարվում է, որ «Աշխարհի Փրկիչը» նկարը ստեղծվել է XV և XVI դարերի սահմանագծում: Մինչև 2011 թվականը այն համարել են Լեոնարդոյի հետևորդներից մեկի` Բերնարդինո Լուինիի, Ֆրանչեսկո Մելցիի կամ Մարկո Դ’Օջոնոյի աշխատանքներից մեկը: 2004 թ.-ին Ռոբերտ Սայմոնը ԱՄՆ-ում, փոքր աճուրդի տանը գնել է կտավը 10 հազար դոլարով և սկսել է ուսումնասիրել նրա պատմությունը: 2011-ին փորձագետները հաստատել են` սա Լեոնարդոյի ձեռքի աշխատանքն է:

Ինչևէ, նոյեմբերի 15-ին Նյու–Յորքի Christie’s աճուրդի տանը «Աշխարհի Փրկիչը» կտավը աճուրդի է հանվելու։ Լոտի մեկնարկային գինը 100 մլն ԱՄՆ դոլար է։ Այս հանգամանքը նկարչի կտավը դարձնում է ամենաթանկ կտավներից մեկը։

Աղբյուրը`  https://armeniasputnik.am/culture/20171020/9121755/da-vinchi-ashxarhi-prkichy.html