29 Հոկտեմբերի 2020թ. 3:41

«Բիզնեսի հաջողությունը թիմի մեջ է». Դավիդ Յանի հաջողության բանաձևը

Ինչպե՞ս դիմակայել հաջողության ճանապարհին հանդիպող մարտահրավերներին, որո՞նք են այդ մարտահրավերները, և, ի վերջո, ինչպե՞ս հասնել հաջողության։ «Այբ» կրթական հիմնադրամի և Yerevan Productions-ի կողմից կազմակերպված «Հաջողության բանաձև» նախագծի ժամանակ Findo, iiko, Plazius և այլ ՏՏ ոլորտի ընկերությունների հիմնադիր և նախագահ, տարբեր նորարարական ծրագրերի և ստարտափների խորհրդատու Դավիդ Յանը փորձեց սեփական փորձով տալ այդ հարցերի պատասխանները։

«3 մոգական բյուրեղապակի»

Դավիդ Յանն ունի հաջողության հասնելու իր բանաձևը, որը նա անվանում է «3 մոգական բյուրեղապակի». «Առաջին՝ պետք է իմանալ խնդիրը, որը լուծում ես, օրինակ՝ եթե խոսում ենք հիվանդության մասին, պետք է իմանալ, որ այդ հիվանդությունն իրականում գոյություն ունի, հորինվածք չէ: Երկրորդ՝ ստեղծել այդ հիվանդության դեմ դեղամիջոց, երրորդ՝ հասցնել այդ դեղը հիվանդին: Եթե ստարտափ թիմն ունի հատուկ կարողություններ, գիտելիքներ, ապա ստարտափի հաջողությունը մեծ կլինի: Եթե գործարարը չգիտի հիվանդության ակունքը, չունի դեղամիջոց, չի կարող հասնել հաջողության»

«Բիզնեսի հաջողությունը թիմի մեջ է»

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ կյանքը հակառակն էլ է ապացուցում. եթե մարդը չունի այդ 3 բյուրեղապակին, զբաղվի՞ բիզնեսով, թե՞ ոչ: Նա պատմեց, թե ինչպես սկսեց աշխատել Lingvo ծրագրի վրա, և ընդգծեց, որ այդ ժամանակ ինքը չուներ մոգական 3 բյուրեղապակին, չգիտեր ծրագրավորում: Բայց փոխարենը՝ ուներ ավելի կարևոր մի բան. «Մենք 9 ամսում ստեղծեցինք ծրագիրը, պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, պետք է գումար ներդնել, տարածել այդ բառարանը, և այլն: Վաճառքի 3-րդ օրը մենք կատարեցինք մեր բիզնես պլանի 25 տոկոսը: Մենք չունեինք այդ մոգական բյուրեղապակիները, բայց ունեինք գերկարևոր մի բան՝ թիմ: Բիզնեսի հաջողությունը թիմի մեջ է, ճիշտ թիմը չի վիճում, հասկանում է սպառնալիքի հնարավորությունը, նշաձող է սահմանում»։

Ռիսկի դիմելը կարևոր է

Դավիդ Յանը պատմեց, որ 1990-ականների վերջերին չէին կարող պատկերացնել, որ կհայտնվեն այս որակի մոբայլ համակարգիչներ, բայց որոշել են գնալ հոսանքին հակառակ՝ հասկանալով, որ դա պետք է անել, և սկսել են արհեստական ինտելեկտի վրա աշխատել. «Այն, ինչ կատարվում է մեր կյանքի ցանկացած ոլորտում, կապված է արհեստական ինտելեկտի հետ: Այսօր հասկանալի դարձավ, որ հիբրիդային համակարգերն ավելի արդյունավետ են: Այսօրվա մեր որոշումները հիբրիդային են: Մեզ մոտ կար դեղորայքի հասկացությունը, բայց չգիտեինք, թե ինչումն է խնդիրը: Մենք միշտ զբաղվել ենք արհեստական ինտելեկտով, բայց հասկանալով, որ դեղ չենք կարող ստեղծել, սկսեցինք գործը՝ չիմանալով, թե որն է հիվանդությունը: Մենք սկսեցինք զբաղվել այդ տեխնոլոգիաներով՝ ունենալով այդ մոգական բյուրեղապակիների կեսը միայն»։
Ըստ Յանի՝ գործարարությունը մարդկանց կարողությունն է՝ շարժվել առաջ՝ շրջապատված լինելով անորոշություններով, հասցնել քո համոզմունքներն այլ մարդկանց, մարդկանց տանել քո հետևից. «Սրանք այն որակներն են, որոնք օգնում են առաջ շարժվել: Մենք այն ժամանակ գնացինք ռիսկի, և հիմա մեր ընկերությունն առաջատարներից մեկն է, որ զբաղվում է արհեստական ինտելեկտով»։

«Իմիտացիա արա, հետո կառուցիր»

Ըստ Դավիդ Յանի՝ որևէ գործ սկսելուց առաջ չի կարելի փակվել աշխատասենյակում ու ստեղծել իդեալական ապրանք, քանի որ այդ գործելաոճը կարող է տանել տապալման. «Եթե ցանկանում ես ստեղծել ինչ-որ նոր արտադրանք, սխալը, որը կարող ես թույլ տալ, այն է, որ աշխատասենյակումդ նստած՝ փորձես ստեղծել իդեալական ապրանք: Կարող ես ստեղծել, ստեղծել, կատարելագործել, անցնի կես տարի, մեկ տարի, ու քո իդեալական ապրանքով դուրս գաս շուկա և հասկանաս, որ շուկայում այն որևէ մեկին պետք չէ: Սա է սխալը, որից անպայման պետք է խուսափել»։

Նա ընդգծեց՝ ունե՞ք այդ մոգական բյուրեղապակիները, թե՞ ոչ, կարևորն այն է, որ սկզբից պետք է ստեղծել նախատիպը. «Իմիտացիա արա, հետո կառուցիր»։

Ո՞ւմ հետ թիմ կազմել

Ներկաներից մեկը հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ մարդկանց կարելի է վստահել և ո՞ւմ հետ չի կարելի գործ ունենալ բիզնեսում։

«Եթե լինեին հասարակ բաղադրատոմսեր, ապա դրանք կհեշտացնեին ամեն ինչ: Համակուրսեցիների հետ թիմ կազմելը կարևոր է, քանի որ, եթե մարդիկ ընտրում են միևնույն մասնագիտությունը, հայտնվում նույն վայրում, ապա նրանք նախապես միավորվում են: Դա չի նշանակում, որ հաջողություն կլինի այդ մարդկանց հետ թիմ կազմելով, բայց ըստ վիճակագրության՝ հաջողակ ստարտափների մեծ մասը ստեղծվել է նույն քոլեջի ուսանողների կողմից»,- ի պատասխան՝ ասաց նա։

Իսկ հարցին՝ անհաջողությունների ժամանակ ի՞նչն է առաջ շարժվելու ուժ տալիս, Դավիդ Յանը պատասխանեց՝ ընտանիքս ու ընկերներս. «Ավելի շատ են լինում են իրավիճակներ, երբ քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում: Երկար եմ մտածել այդ հարցի շուրջ, բայց միակ բանը, որ ինձ իսկապես քաջալերում է, իմ ընտանիքն ու ընկերներն են: Այն, որ ես կարող եմ տուն գնալ ու տեսնել Ալյոնային ու երեխաներիս, ինձ իսկապես քաջալերում է: Ինձ քաջալերողն իմ ընտանիքն ու ընկերներն են: Ընտանիքս, ընկերներս ինձ ընդունում են՝ անկախ նրանից` գործս ստացվե՞լ է, թե՞ ոչ: Սա անբացատրելի զգացում է: Կարևորն այն է, որ թողնենք մեր հետքն այլ մարդկանց հիշողության մեջ, լավն անենք մարդու համար, սա այն է, ինչ քաջալերում է»։

Ռազմիկ Մարտիրոսյան