5 Դեկտեմբերի 2020թ. 1:26

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՏՆՏԵՍԵԼ

Այն, որ խնայողություններ կատարելը լավ գաղափար է, անվիճելի է: Անկախ այն բանից՝ խնայողությունները նախատեսվում են կրթության, ճանապարհորդության, ավտոմեքենա ու բնակարան գնելու կամ այլ նպատակների համար, անհրաժեշտ է ցուցաբերել ճիշտ մոտեցում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար:

Ամերիկյան Forbes պարբերականը հարցում է իրականացրել անձնական ֆինանսների կառավարման ոլորտի մասնագետների և ֆինանսական խորհրդատուների շրջանում՝ պարզելու համար, թե որն է գումար խնայելու լավագույն տարբերակը: Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել գումար տնտեսել, «Բիզնես 24»-ը առանձնացրել և ներկայացնում է ամենակարևոր խորհուրդները.

Հետևեք Ձեր ծախսերին/ Ոչ բոլորն ունեն ճիշտ պատկերացում իրենց եկամուտների և ծախսերի մասին, այնինչ անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման համար պարտադիր է հետևել եկամուտներին և ծախսերին: Եթե ցանկանում եք սովորել ճիշտ խնայել և Ձեր խնայողությունների համար սահմանել եք հստակ նպատակներ, ապա սկսեք կառավարել Ձեր ֆինանսները՝ հաշվարկելով ծախսերը և այդ ծախսերի անհրաժեշտությունը: Հաճախ մենք կատարում ենք ծախսեր, որոնց անհրաժեշտությունն այնքան էլ մեծ չէ, մինչդեռ այդ ծախսերի կրճատմամբ կարելի է մեծացնել խնայողությունները: Այսպես որ, մասնագետները խորհուրդ են տալիս միշտ հետևել ծախսերին և ցանկացած գնում կատարելիս հաշվարկները կատարել միայն երկարաժամկետ կտրվածքով:

Խնայողություններ կատարելը դարձրեք ավտոմատ /Ձեր եկամուտներն ու ծախսերը հաշվարկելուց և երկարաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով անձնական բյուջեն կազմելուց հետո սահմանեք նաև խնայողություններ կատարելու հստակ ժամանակացույց: Սա ամենապարզ և արդյունավետ լուծումն է խնայողություն կատարելու սովորույթ ձեռք բերելու համար: Հնարավորինս հետևեք Ձեր իսկ կողմից սահմանված ժամանակացույցին և կախված Ձեր անձնական եկամուտներից՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով աշխատավաձից և այլ եկամուտներից որոշակի գումար ավելացրեք խնայողություններին: Կարող եք վստահ լինել, որ պարբերական սկզբունքով խնայողությունները կօգնեն առավել արդյունավետ խնայել գումար և արագ հասնել նպատակներին:

Հնարավորինս խուսափեք վարկերից ու պարտքերից / Տարաբնույթ սպառողական վարկերն ու պարտքերը սահմանափակում են խնայելու հնարավորությունները: Եթե ցանկանում եք խնայել, ապա պատրաստ եղեք որքան հնարավոր է շուտ ազատվել բոլոր տեսակ «ոչ կենսական» պարտքերից ու վարկերից: Անհրաժեշտ և պարտադիր պայման է հասկանալ՝ որքան էլ գրավիչ թվան վարկերը, դրանց դիմաց տոկոս վճարելու փոխարեն կարելի է շահել խնայողություններ կատարելով: Սովորեք ծախսել քիչ և  խուսափեք պարտքերից: Վարկերից և պարտքերից ազատվելու համար կարելի է կազմել ժամանակացույց և մեկ առ մեկ մարելով պարտքերը՝ մոտենալ ցանկալի արդյունքին: Վարկերից և պարտքերից ազատվելու արդյունավետությունն ու դրական ազդեցությունն առավել զգալի կլինի երկար ժամանակահատվածի կտրվածքով:

 Սկսեք փոքր գումարից / Ձեր խնայողությունները սկսեք ավելի փոքր նպատակային գնումների և ծախսերի համար, քանի որ այս դեպքում Ձեր նպատակին հասնելու համար կպահանջվի ավելի քիչ ժամանակ, իսկ հաջորդ խնայողությունները կատարելու համար կունենաք առավել մեծ մոտիվացիա, և արդեն իրագործված նպատակը Ձեզ համար կլինի ոգեշնչող օրինակ: Բացի այդ, հիշեք՝ խնայողությունների հարցում ամենակարևոր գործոններից մեկը ժամանակն է. որքան երկար ժամանակային կտրվածքով եք խնայողություններ անում, այնքան արդյունքներն ավելի նկատելի և ոգևորիչ են:

Գնահատեք Ձեր ունեցածը / Ընդհանուր առմամբ, խնայել նշանակում է ունենալ անկոտրուն կամք, ձգտում և տարբերվող մտածելակերպ: Գնահատեք այն ինչ ունեք և շարժվեք Ձեր նպատակների հասնելու համար՝ հնարավորինս շրջանցելով բոլոր «կեղծ» ակցիաները, «աննախադեպ» զեղչերն ու «բացառիկ» առաջարկները: