Թաթուլ Մանասերյան. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական նշանակություն

Եթե այդ նախագիծը քաղաքական նշանակություն չունենար, ապա երկաթուղին կանցկացվեր Հայաստանի տարածքով: «Պետք չէր սպասել, մինչեւ այդ երկաթուղին կբացվի: Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է մտածեն այլընտրանքային Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու մասին, որը, իր հերթին, կստեղծի բարենպաստ պայմաններ Հյուսիս-Հարավ նախագծի իրականացման համար»,-ասել է Մանասերյանը՝ հավելելով, որ այդ ծրագրի իրականացման մեջ Թբիլիսին եւս շահագրգռված կլինի, քանի որ Վրաստանը կրկին տարանցիկ երկիր կդառնա՝ դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով:

Սակայն, ինչպես նշել է տնտեսագետը այդ նախագծի իրականացման համար պետք է տնտեսական դիվանագիտություն լինի, այլ ոչ դիտորդի պասիվ դիրք՝ հավելելով, որ ավելի լավ է ոչ թե քաղաքական վերլուծություններով, այլ գործով զբաղվել:

Հարցին՝ ավելի հեշտ ու շահեկան չէ արդյոք տարբեր տեսակի ընկերությունների միջոցով ներգրավվել արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային զարկերակին՝ փորձագետը նշել է, որ այդ հարցը պետք է ՀՀ իշխանություններին տրվի, սակայն նա կարծում է, որ Երեւանը ոչ մի դեպքում չպետք է միանա գործող գծին, քանի որ այնտեղ «ուրիշ խաղեր են գնում»:

«Դա մեր նախագիծը չէ: Մեր մասնակցությունը կարող է  միայն Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը շարունակող երկրների դիրքերն ամրապնդել», — ասել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռնափոխադրումն է կատարվել:

Աղբյուրը՝ news.am