30 Հոկտեմբերի 2020թ. 20:34

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)

Էներգետիկ գործոնի դերն արդի միջազգային հարաբերություններում ուսումնասիրման կարիք ունի` պայմանավորված այդ գործոնի նշանակության շարունակական աճով արդի աշխարհաքաղաքական զարգացումներում։ Թեև նավթային շրջանների նկատմամբ վերահսկողության համար պայքարն արդեն հարյուր և ավելի տարիների պատմություն ունի, սակայն միայն այսօր է, որ այս գործոնում, կարելի է ասել, համաշխարհային նոր միտումներ են ի հայտ եկել՝ պայմանավորված էներգետիկ անվտանգության համակարգերի ստեղծման հարցում մոտեցումների փոփոխությամբ, ինչպես նաև այդ համակարգերի կառուցման համար պետությունների միջև` թե՛ մեծ և թե՛ փոքր, ընթացող սուր ու անզիջում մրցակցությամբ:

Առանց էներգետիկ անվտանգության կայուն համակարգի՝ պետությունների զարգացման ու անվտանգային ռազմավարության առաջընթաց պատկերացնելն անհնար է, հետևաբար՝ այդ համակարգերի կառուցման ու կայունության համար ընթանում է համառ պայքար: Իսկ նմանատիպ` էներգետիկ անվտանգության համակարգեր միայնակ կառուցել կարող են միայն հազվագյուտ պետություններ, որոնք տիրապետում են ոչ միայն նավթի ու գազի ռեսուրսների, դրա սպառման համապատասխան ծավալների, այսինքն՝ ներքին մեծ շուկայի, և ամենակարևորը ժամանակակից տեխնոլոգիաների ու գիտահետազոտական համապատասխան բազայի, այլև կարողանում են շարունակաբար զարգանալ և նոր մշակումներ իրականացնել այդ բնագավառում:

Նման պետությունների շարքում այսօր կարող ենք նշել, թերևս, միայն ԱՄՆ-ը, որն իսկապես կարողացել է նվազագույնի հասցնել էներգետիկ անվտանգության իր համակարգի կախվածությունը միջազգային նավթի և գազի շուկայից, որը կարելի է բնութագրել որպես էներգետիկ անվտանգության առումով մեծ մասամբ ինքնաբավ պետություն: Սակայն, ինչպես նշեցինք, ԱՄՆ-ը բացառություն է այս շարքում, իսկ մյուս պետությունները՝ թե՛ ռեսուրսներ արտահանողները և թե՛ ներմուծողները, կարիք ունեն խորքային համաձայնեցված և կանոնակարգված հարաբերությունների այլ պետությունների հետ, որպեսզի կարողանան կառուցել էներգետիկ անվտանգության լիարժեք և ինքնաբավ համակարգեր։ Այդ հարաբերությունների կառուցումը, սակայն, բավական բարդ գործընթաց է՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ դրանք առնչվում են ոչ միայն տնտեսական, այլև ընդգծված կերպով՝ կողմերի քաղաքական շահերի ու հիմնախնդիրների հետ, հետևաբար՝ նման բարդ խնդրի հանգուցալուծումը պահանաջում է մշտական աշխատանք և ռազմավարությունների մշակման հստակ տեսլական, որը երկարատև կտրվածքով կապահովի արտադրող և սպառող պետությունների հարաբերություններն ու համագործակցությունն էներգետիկ անվտանգության բնագավառում։

Էներգետիկ անվտանգությունն արդի միջազգային համակարգում

Էներգետիկ անվտանգությունը կարևոր նշանակություն ունի արդի միջազգային հարաբերություններում, առաջին հերթին՝ պայմանավորված այդ գործոնի, այսինքն՝ անվտանգության ապահովման բազմազանությամբ: Էներգետիկ անվտանգությունը գործնականում հնարավոր չէ կառուցել միայն հենվելով սեփական ռեսուրսների վրա, դրա համար հարկավոր են բազմակողմ և բազմամակարդակ հարաբերություններ աշխարհի տարբեր պետությունների, միջազգային խոշոր անդրազգային ընկերությունների ու էներգետիկ շուկաների հետ:

Էներգետիկ անվտանգության հայտնի մասնագետներ Կարլոս Պասկուալը և Ջոնաթան էքինդը էներգետիկ անվտանգությունը կարճաժամկետ հեռանկարում նկարագրում էին որպես բազմազան աղբյուրներով և ուղիներով կայուն մատակարարման ապահովման համակարգ, իսկ երկարատև հեռանկարում այն նկարագրում էին որպես ածխաջրածնից կախվածության նվազեցում և հետագայում՝ ընդհանրապես հրաժարում1:

Սակայն ժամանակը որոշակի ուղղումներ է մտցրել այս տեսակետների մեջ, և պարզ է, որ էներգետիկ շուկաների փոփոխությունների ու զարգացումների ներկա պայմաններում անվտանգության համակարգերը հնարավոր չէ կառուցել ներմուծումների նվազեցման կամ նույնիսկ դրանց բազմազանեցման միջոցով, քանի որ ներկայում կարևոր են այդ գործոնում տեխնիկական ու տեխնոլոգիական արդի լուծումները: Առանց նման լուծումների հնարավոր չէ կառուցել էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ, իսկ դրա համար հարկավոր է նախևառաջ հասկանալ էներգետիկ շուկայում զարգացման ժամանակակից միտումները և դրանց իրականացման ճանապարհներն ու փորձը աշխարհի տարբեր երկրներում:

Նման ուղղումներից մեկն այն է, որ էներգետիկ անվտանգությունը չի կարելի դիտարկել որպես զուտ էներգակիրների սպառման ապահովում, այլ կարևոր է նաև դրանց արտահանման ու վաճառքի կազմակերպման հստակ մեխանիզմների ներմուծումը։ Այսինքն՝ էներգետիկ անվտանգությունը պետք է մեկնաբանվի նաև որպես նավթի ու գազի պաշարներ ունեցող պետությունների համար դեպի սպառման շուկաներ կայուն ելքի ապահովման և շարունակական արտահանման հնարավորություն։

Էներգետիկ անվտանգությունը որքան կարևոր է ներմուծող, նույնքան էլ՝ արտահանող պետությունների համար, հետևաբար՝ այն մեկնաբանման ու սահմանման առավել նոր ձևակերպումների կարիք ունի, որտեղ կշեշտվի, որ այս գործոնը կարևոր է ոչ միայն սպառող, այլև արտադրող պետությունների համար։ Թերևս, վերջինների համար՝ առավել ևս, քանի որ նրանց տնտեսական ու քաղաքական կախվածությունն այդ գործոնից շատ ավելի մեծ է՝ պայմանավորված վերջիններիս ՀՆԱ-ում էներգետիկ սեկտորի մեծությամբ։ Հետևաբար, այս տիպի պետությունների համար էներգետիկ անվտանգությունն արտահայտվում է այս ապրանքի արտահանման շուկաների հետ անընդհատ ու կայուն աշխատանքի երաշխիքներով, ինչն ավելացնում է հենց սպառող պետությունների դերակատարումը արտահանողների համար։ Վերջիններս ստիպված են այդ կարևորությունն արտահայտել նաև քաղաքական, երբեմն նաև ռազմավարական դաշինքներ կազմելով այն պետությունների հետ, որոնք հանդիսանում են նրանց ապրանքի՝ էներգետիկ հումքի հիմնական սպառողները։

Կարլոս Պասկալը և Ջոնաթան Էքինդն իրենց աշխատանքում էներգետիկ անվտանգությունը ձևակերպում էին նաև որպես «անընդհատ ընտրություն տնտեսական զարգացման, ազգային անվտանգության և բնության պահպանության միջև»2։ Ընտրության այս խնդիրը միշտ էլ կանգնած է պետությունների առջև, երբ խոսքն էներգետիկ անվտանգության մասին է, քանի որ միշտ չէ, որ այդ անվտանգության կառուցման տնտեսական, քաղաքական կամ բնակլիմայական բաղկացուցիչները համընկնում են։ Երբեմն պետությունները ստիպված են լինում այս ընտրության արդյունքում ընդունել քաղաքական որոշումներ՝ կարևորելով ազգային անվտանգության հիմնախնդիրներն ի հաշիվ տնտեսական շահավետության, ասենք՝ նվազեցնելու համար կախվածությունն այս կամ այն պետությունից։ Նման քաղաքական ընտրության օրինակ է ԵՄ շատ անդամ պետությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբ վերջիններս նախընտրում են թանկ գնով էներգակիրներ ներմուծել այլ պետություններից՝ ի վնաս իրենց տնտեսական շահերի, սակայն նվազեցնել քաղաքական կախվածությունը Մոսկվայից։

Կարելի է բերել մեկ այլ օրինակ ևս, երբ ԵՄ-ը, էկոլոգիական շահերից ելնելով, որոշում ընդունեց զարկ չտալ թերթաքարային նավթի ու գազի շահագործմանն այդ միության անդամ պետությունների տարածքում, ինչը վնասում էր այդ պետությունների տնտեսական ու նաև անվտանգային շահերին։ ԵՄ անդամ այլ պետություններ էլ, օրինակ՝ Գերմանիան կամ Դանիան, զարգացնում են վերականգնողական էներգետիկան, ինչը տնտեսական առումով ձեռնտու չէ, քանի թանկացնում է էլեկտրաէներգիայի գինն այդ պետություններում, սակայն նպաստում է տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության զարգացմանը։ Կամ, օրինակ, Պարսից ծոցի պետությունները համաձայնում են շուկայականից ցածր գներով նավթ արտահանել Չինաստան՝ արագ կերպով զարգացող այդ պետության էներգետիկ սեկտորում կայուն և մշտական տեղ զբաղեցնելու համար։ Սա արվում է ի վնաս իրենց տնտեսական շահերի, սակայն շահում են քաղաքական առումով՝ տեղ են զբաղեցնում ամենմեծ շուկաներից մեկում, նվազեցնում են իրենց կախվածությունն Արևմուտքի սպառման շուկայից և զարգացման որոշակի կայունություն ու արտաքին հարաբերություններում որոշակի անկախություն ձեռք բերում և այլն։

Նման օրինակները բազաթիվ են, շատ պետություններ էլ նախընտրում են էժան հումքը՝ չնայած դրանց քաղաքական որոշակի բացասական հետևանքներին, այլ պետություններ արագ կերպով զարկ են տալիս այսպես կոչված վերականգնողական էներգետիկայի զարգացմանը, չնայած դրա տնտեսական ոչ նպատակահարմարությանն ու թանկությանը, սակայն կարևորում են իրենց քաղաքական անկախությունը ներմուծող պետություններից և այլն։

Ատոմային էներգետիկայի դերը վերջին տարիներին մի շարք պետություններում փոխվել է, և, օրինակ, Ճապոնիան և Գերմանիան նախընտրում են փակել այդ կայանները բնապահպանական խնդիրներից ելնելով, ինչը, սակայն, վնասում է նրանց տնտեսական զարգացման հեռանկարներին։ Իսկ Չինաստանը զարկ է տալիս ատոմային էներգետիկային՝ միաժամանակ կառուցելով մոտ 28 այդպիսի կայան պետության տարբեր շրջաններում: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ը 2016թ. որոշում ընդունեց թույլատրել նավթի և գազի արտահանումը, ինչը, սակայն, գազի արտահանման առումով, տնտեսապես նրան ձեռնտու չէր, սակայն կարևորվեց քաղաքական շահը։ Այս որոշման հետևանքով գազի գինը ԱՄՆ ներքին շուկայում մոտ 50%-ով թանկացավ, սակայն այն վնասեց Ռուսաստանին՝ ստիպելով վերջինիս 40-60%-ով նվազեցնել գազի գինը եվրոպական շուկայում3։

Ինչևէ, այսպիսի օրինակները շատ են, և դրանք մեկ անգամ ևս գալիս են ապացուցելու, որ էներգետիկ անվտանգությունն իսկապես անընդհատ ընտրություն է, և ամեն անգամ ստիպված ենք այն կատարել՝ ելնելով դրա քաղաքական, տնտեսական կամ էկոլոգիական նպատակահարմարությունից։

Այսպիսով, ամփոփելով էներգետիկ անվտանգության ազդեցության վերլուծությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների վրա՝ պետությունները կարելի է բաժանել հետևյալ տիպերի.

  1. պետություններ, որոնք իրենց հարաբերությունները կառուցում են՝ առաջնությունը տալով հարցի տնտեսական բաղկացուցչին. եթե ներմուծողների համար կարևոր է այդ հումքի էժանությունը, ապա արտահանողները փնտրում են հնարավորինս թանկ շուկաներ,
  2. պետություններ, որոնք, ելնելով ազգային անվտանգության կամ քաղաքական նպատակահարմարությունից, նախընտրում են էներգակիրներ ներմուծել դաշնակից պետություններից, թեկուզև թանկ գներով,
  3. պետություններ, որոնք առաջնությունը տալիս են հարցի լուծման էկոլոգիական գործոնին և թույլ չեն տալիս վնասակար աղբյուրների ու տեխնոլոգիաների զարգացումը՝ ի վնաս իրենց բնակչության, սակայն դա չի նպաստում տնտեսության զարգացմանը: Նման քաղաքականությունը հատուկ է, որպես կանոն, զարգացած պետություններին։

1 Carlos Pascual, Jonathan Elkind, “Economics, Politics, Strategies, and Implications”, Brooking Institution Press, Washington, D.C. 2010.

2 Նույն տեղում։

3 Crude Oil & Natural Gas, https://www.bloomberg.com/energy

Արմեն Մանվելյան

էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ,

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2017