28 Հոկտեմբերի 2020թ. 9:01

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ

Տնտեսվարման նոր պայմաններում ավելի քան քառորդ դարի ընթացքում արտաքին աշխարհին տպավորելու գայթակղությունը պետական կառավարիչների շրջանում յուրահատուկ «տաբու» է առաջացրել տնտեսության զարգացման ազգային մոդելի ձևավորման հարցում: Ներքին անփորձությանն ու արտաքին խաղացողների նախապայմաններին հավելվել են նաև տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերներ, որոնք ավելացրել են երկրի խոցելիության մակարդակն ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյուններից: Արևմուտքում սանձազերծված գաղափարախոսական և ֆինանսատնտեսական ճգնաժամերը, բոլոր վնասների հետ միասին, հնարավորություն ընձեռեցին սկսել ազգային տնտեսության ձևավորման փնտրտուքն առանց արտաքին խիստ սահմանափակումների: Խճանկարն առավել ամբողջական դարձնելու համար կարևոր է հաշվի առնել նաև պատերազմի վերսկսման սպառնալիքի պայմաններում աշխարհաքաղաքական և տրանսֆորմացվող տարածաշրջանային միտումների հնարավոր ազդեցությունները երկրի կառավարման նոր մոդելի ձևավորման գործընթացի վրա:

  1. Փոխազդեցություններ

Ընդսմին, պատերազմի տնտեսագիտության կարևոր պոստուլատներից մեկը փոխազդեցություններն են: Դրանք կարևոր են` հասկանալու Հայաստանում և արտաքին միջավայրում տեղի ունեցող զարգացումները և պարզելու դրանց դերը պատերազմի ու տնտեսության առավել էական փոխպայմանավորվածություններում, գնահատելու երկրի մարտունակության բարձրացման իրական հնարավորությունները: Մեր համոզմամբ, դրանցից առավել կարևորներն են.

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մակարդակի ազդեցությունը հակամարտության ընթացքի վրա:

Իսրայելի փորձը վկայում է, որ հիշյալ փոխազդեցությունը չի սահմանափակվում այլ երկրների հետ միայն տվյալ երկրի հակամարտություններով: Դրա մասին են խոսում հետևյալ փաստերը: Ներկայում Իսրայելի ռազմական ծախսերը կազմում են այդ երկրի ՀՆԱ 5,4%-ը, իսկ 1990թ. կազմել են ՀՆԱ 17,5%-ից ավելին: Սա բնավ չի նշանակում, որ ռազմական ծախսերը երեք անգամ կրճատվել են. փոխարենը կտրուկ աճել են ՀՆԱ ծավալները: Այսպես, օրինակ, այս երկրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2005թ. մինչև 2014թ. աճել է 1,67 անգամ, իսկ մոտ $3 մլրդ-ի հասնող ամերիկյան ռազմական օգնությունը կազմում է Իսրայելի ՀՆԱ ավելի քան 1%-ը: Ակնհայտ է, որ եթե Իսրայելը կարողացել է զարգացնել տնտեսությունը 1990թ.` ՀՆԱ-ի մեջ ռազմական ծախսերի 17,5% տեսակարար կշռով, ապա ավելի բարեհաջող կարող է զարգացնել այն ՀՆԱ-ի մեջ հիշյալ ծախսերի ընդամենը 6%-ի պայմաններում: 2016թ. Իսրայելի ՀՆԱ-ն աճել է 3,8%-ով` ծրագրված 2,7%-ի փոխարեն, բնակչության 2%-անոց աճի, մեկ շնչին ընկնող $37,3 հազար եկամտի պայմաններում, ինչը զգալիորեն բարձր է ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշից1:

Տնտեսության և պատերազմի փոխազդեցությունները, որոնք նյութականացված, ապրանքայնացված տեսք ունեն. առկա տնտեսական ռեսուրսները հարմարեցվում են ռազմական նպատակներով գործածվելու համար:

Այս իմաստով ռազմական նշանակության ապրանքների արտադրության կազմակերպումը պետք է լինի ազգային տնտեսության բաղկացուցիչներից մեկը:

Համաշխարհային պրակտիկայում հայտնի են նման փոխազդեցության հակասական օրինակներ: Երկրորդ համաշխարհային պատերազմին նախապատրաստվելով՝ Գերմանիան օգտագործեց ազգային տնտեսության գրեթե ողջ ներուժը, դրանով իսկ հսկայական կախվածություն ձևավորելով պատերազմից, ինչն էլ հետագայում ավերիչ ազդեցություն գործեց երկրի հետագա զարգացման համար: Մյուս դեպքում, նույն պատերազմի օրոք, գտնվելով պատերազմական գործողություններից մեկուսացված տարածաշրջանում, ԱՄՆ տնտեսությունը ոչ միայն միակողմանի օգուտներ քաղեց քաղաքացիական արդյունաբերությունը ռազմական ռելսերի վրա տեղափոխելով և զենք վաճառելով մասնակից երկրներին, այլև ոսկու հսկայական ներհոսք ապահովեց երկիր2 և նյութական շահեկան վիճակը 1944թ. հուլիսին Բրետոն-Վուդսում կայացած միջազգային համաժողովին կարողացավ վերածել արտաքին քաղաքական գերակայության: ԱՄՆ արժույթը դարձավ ոսկու համարժեք, ինչն ապահովեց ԱՄՆ վերընթաց զարգացումը հետագա տասնամյակների ընթացքում:

Բուն պատերազմական գործողություններում կարևորվում է երկրի մարդկային, հանքահումքային, ֆինանսական և արտադրական ռեսուրսների ներգրավումը, իսկ սպառազինությունների արդյունաբերության մեջ վճռորոշ է դառնում գիտատեխնիկական առաջընթացի ձեռքբերումների կիրառումը:

Կասկածից վեր է, որ ԽՍՀՄ մարտունակության մակարդակը պայմանավորված էր մարդկային, հանքահումքային, ֆինանսական և արտադրական ռեսուրսների ներգրավմամբ և դրանց արդյունավետ օգտագործմամբ: Մասնավորապես, ՌԱՀ համակարգում կարևորվել է մարդկային կապիտալն ինչպես նյութական, այնպես էլ բարոյական խթանների հստակ մեխանիզմների կիրառմամբ: Հայաստանում ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, էլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, հաշվիչ տեխնիկայի, ճշգրիտ մեքենաշինության, տիեզերական հետազոտությունների և այլ բնագավառներում տպավորիչ առաջընթացը հիմնականում պայմանավորված էր ՌԱՀ մրցունակության բարձրացման և մարդկային կապիտալի արժևորման գործոններով: Դրա արդյունքն էին Հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ), «Լիզին», «Բազալտ», «Մարս» և այլ գործարանների ինչպես ՌԱՀ ուղղվածության, այնպես էլ քաղաքացիական նշանակության խիստ պահանջարկված և կիրառական բնույթի ձեռքբերումները: Ավելին, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևորագույն ռեսուրսի առկայությունն ու տվյալ ոլորտը զարգացնելու աշխատուժի աճող զանգվածի հակվածությունն այսօր նույնպես խարսխված են նախկին հանրակարգի օրոք վերելք արձանագրած ոլորտի որոշակի ավանդույթների և հիշյալ փոխազդեցության վրա:

Պատերազմի բացասական ազդեցությունն ազգային տնտեսության վրա, որը, որպես կանոն, հաշվարկվում է մարդկային զոհերով և նյութական վնասներով, ինչպես նաև պետական բյուջեի` առողջապահության, սոցիալական, գիտության, կրթության և այլ առանցքային բնույթի ծախսերի կրճատման չափերով:

Բացի մարդկային զոհերից (5865 զոհ, որոնցից` 20 հերոս), Արցախյան հերոսամարտի միայն առաջին տարիների միջին տարեկան տնտեսական աճը մոտ -3% էր, իսկ զինադադարից` 1994 թվականից ի վեր` շուրջ 6%3: Հայաստանի բնակչության բնական աճն այդ տարիներին կրճատվեց երեք անգամ, և հասարակությունը բաժանվեց երկու մասի: Մի բևեռում հայտնվեց սոցիալապես և իրավական առումով անպաշտպան, չունևոր մեծամասնությունը (մոտ 80%), իսկ մյուս մասում` տնտեսական և քաղաքական վերնախավը` փոքրամասնությունը, 5-7%-ը: Հայաստանը դարձավ ցայտուն արտահայտված բևեռացված երկիր: Մարդկային զարգացման ցուցանիշներով Հայաստանն աշխարհի երկրների մեջ 35-40-րդ տեղից անցավ 120-130 տեղերը (2015թ. Հայաստանը 187 երկրների ցուցակում արդեն 85-րդն էր)4: 1990-2000թթ. իրականացված բարեփոխումների արդյունքները տնտեսության տարբեր ճյուղերում ներկայացված են ստորև.

Աղյուսակ 15 . Տնտեսության ճյուղերի տեսակարար կշիռները ՀՆԱ-ում (%)

Հայաստանում տնտեսական անկում է տեղի ունեցել մինչև 1994 թվականը, որից հետո, հետագա հինգ տարիներին (1994-1998թթ.) հանրապետության ՀՆԱ-ն աճել է 32%-ով, և դա հնարավորություն է տվել վերականգնելու միայն 1990թ. նույն ցուցանիշի 62%-ը6: Փորձագիտական գնահատականներով՝ գործազրկության մակարդակը Հայաստանում 1988թ. 1,5-2%-ից 1994թ. հասավ մոտ 36-37%-ի: ՌԱՀ նպատակներին տրամադրվող գումարները կազմում էին ՀՆԱ մոտ մեկ երրորդ մասը: Այս թիվն այժմ կազմում է ՀՆԱ 7-9%-ը, որը նախկինում եղածի մոտ 40%-ի չափով է, այսինքն՝ պաշտպանության նպատակներով կատարված ներկա ծախսերը կազմում են խորհրդային թվերով 1/8 և 1/107:

Տնտեսության զարգացածության մակարդակի ազդեցությունը պատերազմական գործողությունների, թիկունքի նյութական ապահովման վրա։

Համաշխարհային պրակտիկայում աքսիոմատիկ բնույթ կրող այս ազդեցության օրինակները բազմաթիվ են: Միաժամանակ, Սիրիայի, Հնդկաստանի և Պակիստանի, Աֆղանստանի, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների պարագայում տնտեսության և դրա առանցքային ճյուղերի, ՌԱՀ թերզարգացածությունը, թիկունքի նյութական ապահովման ցածր մակարդակը բնավ բավարար գործոններ չեն դիտարկվել հակամարտությունը դադարեցնելու համար: Ավելին, արտաքին ռազմական օգնությունը, իսկ երբեմն նաև դրա չարդարացված ակնկալիքը լրացուցիչ վնասներ են բերել երկրներին և դրանց բնակչությանը:

Երկկողմանի բնույթը. մի կողմից՝ տնտեսական ներուժը որոշիչ ազդեցություն ունի պատերազմի ընթացքի և ելքի վրա, մյուս կողմից՝ պատերազմն, իր հերթին, շոշափելի ազդեցություն է թողնում տվյալ երկրի (կամ երկրների խմբի) տնտեսության զարգացման վրա:

Նախ` պետության ներսում քաղաքական զարգացումների որոշակի «մեկուսացվածությունը» տնտեսական ցուցանիշներից, մասնավորապես Ուկրաինայում, ժամանակին ստեղծել էր թյուր պատկերացում առ այն, որ «նարնջագույն» հեղափոխությունը կանցնի անցնցում և կկանխորոշի երկրի հետագա առաջընթացը` Եվրամիության և ԱՄՆ անթաքույց հովանավորությամբ: Նման քաղաքական պատրանքներ ձևավորվեցին նաև Վրաստանում, ուր տնտեսություն–քաղաքականություն կապն ավելի զգայուն էր: Ինչպես ցույց տվեցին հիշյալ երկրներում տեղ գտած զարգացումները, ներքին և արտաքին տնտեսական ներուժը բավարար չէր տվյալ պետությունների և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունները հօգուտ Վրաստանի և Ուկրաինայի հանգուցալուծելու համար: Ավելին, պատերազմներից և շարունակական արտաքին քաղաքական լարվածություններից որոշակիորեն քայքայված ազգային տնտեսություններն արդեն առանձնապես գրավիչ չեն դարձնում վերջիններիս` Եվրամիությանն անդամակցության համատեքստում: Ընդ որում՝ տվյալ պարագայում ոչ Ուկրաինային, ոչ էլ Վրաստանին որևէ կերպ չօգնեց անգամ հստակ հակառուսական ուղղվածության GUAM տարածաշրջանային կառույցի շրջանակներում ծավալված համագործակցությունը: Եվ եթե, Ուկրաինայի պարագայում, Խորհրդային Միությունից ժառանգած ՌԱՀ ներուժը հնարավորություն տվեց որոշակի իներցիոն տնտեսական զարգացում ապահովել, ապա Վրաստանի պարագայում ՌԱՀ ռեսուրսային սահմանափակվածությունը ստիպեց ավելի արագ դադարեցնել զինված հակամարտությունը, իսկ որոշ ժամանակ անց առաջին քայլերն անել Ռուսաստանի հետ արտաքին տնտեսական և արտաքին քաղաքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Պետության վարկանիշի ազդեցությունը դաշնակիցներից ռազմական, ֆինանսական և տեխնիկական միջոցներ հայթհայթելու կարողության վրա:

Հիշյալ վարկանիշն, իր հերթին, կարող է պայմանավորվել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական գործոններով, ի վերջո, դրսևորելով տվյալ երկրի հուսալիությունը կամ դրա հանդեպ վստահության մակարդակը: Հարավային Սուդանում, Նիգերիայում, Կենտրոնական Ասիայում ռազմական, ֆինանսական և տեխնիկական միջոցների սահմանափակվածությունը հնարավոր դաշնակիցների հաշվին լուծելու խնդիրն ավելի երկար ժամանակ է պահանջում, քան ենթադրվում էր ի սկզբանե: Մյուս կողմից՝ Հյուսիսային Կորեայի ցածր վարկանիշը լուրջ խոչընդոտ է` գրեթե համատարած մեկուսացման պայմաններում միայն ՌԱՀ հաշվին քաղաքական կամ տնտեսական դիվիդենդներ ակնկալելու համար: Ի վերջո, ցածր վարկանիշը կարող է պատճառ դառնալ նաև «սառը պատերազմներում» ներգրավվելու և վերջիններիս պատճառով երկարատև հետընթաց ունենալու համար:

Շահագրգիռ նոր կողմերի և նրանց տնտեսական կարողության ներգրավման ազդեցությունը պատերազմի նախընտրելի տարբերակով ավարտի կամ հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա:

Հաշվի առնելով միջազգային հարուստ փորձը՝ նման սցենարով հակամարտության հանգուցալուծումն առավել իրատեսական է ներկայանում զինված ընդհարումների դեպքում, մինչդեռ նոր կողմերի ներգրավմամբ խաղաղ կարգավորման փորձերն առավել բարդանում են` պայմանավորված յուրաքանչյուր կողմի տնտեսական և քաղաքական շահերով: Սա հավասարապես կիրառելի է ինչպես արցախյան հիմնահարցի, այնպես էլ Մերձավոր Արևելքի երկարաշունչ հակամարտության հանգուցալուծման փորձերի առումով: Ընդսմին, շահագրգիռ կողմերի ներգրավմամբ լավագույն օրինակներից մեկը Երկրորդ աշխարհամատի տարիներին նոր դաշնակիցների մասնակցությունն էր ընդհանուր թշնամու դեմ պայքարում: Միաժամանակ, տարիմաստություն է առաջացնում ԻՊ-ի դեմ պայքարում թվացյալ դաշնակիցների ջանքերի նվազ արդյունավետությունը, ինչը վկայում է նույն կողմում հայտնված պետությունների շահերի տարբերությունների և քողարկված տարաձայնությունների մասին:

Տարածաշրջանային անվտանգության և տնտեսական շահերի պահպանման հարցում շահագրգիռ վերազգային ընկերությունների, ռազմավարական դաշինքների, տարածաշրջանային և միջազգային կառույցների ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա:

Անկախություն ձեռք բերելուց հետո ՌԱՀ ձևավորումն ու զարգացումը Կովկասում էական ազդեցություն են թողնում հակամարտությունների հանգուցալուծման փորձերի վրա: Ու թեև Ադրբեջանում նավթադոլարների հաշվին ձևավորված ռազմական ներուժը չի կարող դիտվել որպես որոշիչ գործոն, իսկ Հայաստանի պարագայում մրցունակ ՌԱՀ կայացումը զգալի ռեսուրսներ և ժամանակ է պահանջում, հակակամարտության կարգավորումն, ավելի մեծ հաշվով, պայմանավորված է միջազգային հանրության, տարածաշրջանային և միջազգային կառույցների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՀԱՊԿ8 անկողմնակալ ներգրավվածությամբ և աշխարհաքաղաքական զարգացումներով: Վերջին դերը չի խաղում նաև նավթի արդյունահանման մեջ ներգրավված վերազգային ընկերությունների շահագրգռվածությունը` ոչ այնքան հակամարտության խաղաղ հանգուցալուծման, որքան խաղաղ պայմաններում շահույթները բազմապատկելու գործում: Միայն 2016թ. վերջին SOCAR պետական նավթային ընկերությունը և Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերությունը` AIOC-ը, որի օպերատորն է բրիտանական British Petrolium-ը` BP, Ազերի-Չիրագ-Գյունեշլի համաձայնագիրն են ստորագրել նավթի հանքավայրերի արդյունահանման և վերամշակման հետագա սկզբունքների վերաբերյալ: AIOC բաժնետերերն են` BP -35,78%, Chevron-11,27%, Inpex-10,96%, SOCAR-11,65%, Statoil-8,55%, Exxon-8%, ТРАО-6,75%, Itochu-4,3% և ONGC-2,72%9:

Պատերազմի ազդեցությունը կապիտալի արտահոսքի, արտագաղթի, ժողովրդագրական անվտանգության այլ սպառնալիքների ու միտումների սրացման վրա:

Նման հետևանքները բնորոշ են ինչպես պատերազմ հրահրող, այնպես էլ այն երկրներին, որոնց պատերազմը պարտադրվել է: Այսպես, օրինակ, եթե Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանից դուրս բերված կապիտալը հիմնականում խորհրդային տարիներին առանձին մարդկանց ձեռքին կուտակված և անկախության առաջին տարիներին մասնավորեցումից ստացված հիմնականում «ստվերային» եկամուտներն էին, որոնց ընդհանուր ծավալը, տարբեր հաշվարկներով, չէր կարող գերազանցել $1 մլրդ-ն, ապա զինադադարից հետո այդ թիվը տասնապատկվել է: Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ-ից կապիտալի արտահոսքը կազմել է մոտ $9,8 մլրդ: Միջին հաշվով տարեկան ՀՀ-ից անօրինական ձևով դուրս է բերվում մոտ $983 մլն: Այդ մասին է վկայում Global Financial Integrity-ի տարեկան Զարգացող երկրներից կապիտալի անօրինական արտահոսքը (Illicit Financial Flows from Developing Countries: 2004-2013) զեկույցը10: Տարբեր գնահատականներ կան նաև Հայաստանից արտագաղթողների թվի վերաբերյալ, սակայն դրանք տատանվում են մեկ և կես միլիոն մարդու հնարավոր քանակի շուրջ: Լուրջ վնաս է հասցվում նաև ժողովրդագրական անվտանգությանը: Չավարտված պատերազմի պայմաններում փոխվում է ազգաբնակչության սեռահասակային կազմը: Տեղի է ունենում բնակչության «ծերացում», որը պայմանավորված է երիտասարդ, աշխատունակ բնակչության արտահոսքով: Միայն 2015թ. նախորդ տարվա համեմատ ծնվել է մոտ երկու հազարով պակաս երեխա, իսկ նույն` 2015թ. Հայաստանից արտագաղթածների թիվն ընդհուպ մոտեցել է նույն տարվա ընթացքում ծնված երեխաների թվաքանակին, իսկ որոշ գնահատականներով` գերազանցել է հիշյալ ցուցանիշը11: Նման միտումներն իրենց որոշակի ազդեցությունն են թողնում տնտեսության և ՌԱՀ մրցունակության և զարգացման վրա:

Համաշխարհային փորձը վկայում է, որ տնտեսության և պատերազմի փոխազդեցությունները հիմնականում իրացվում են քաղաքականության միջոցով, որն էլ որոշիչ է այդ փոխազդեցության քանակական և որակական բնութագրիչների տեսանկյունից:

Ընդհանուր առմամբ, հիշյալ փոխազդեցություններն անընդհատ փոփոխվում ու համալրվում են, իսկ դրանց բոլորի վրա կարևոր ազդեցություն են թողնում հետևյալ երեք գործոնները.

— համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունները,

— զինված հակամարտության ձևերի և միջոցների կատարելագործումը (միջուկային զենք, հրթիռային տեխնիկա, գերճշգրիտ զենքի տեսակներ),

— ժամանակակից պատերազմների և զինված հակամարտությունների բնույթի փոփոխություններ:

Խորհրդային պետության փլուզումից ի վեր տեղի է ունենում անցում երկբևեռ աշխարհից միաբևեռ աշխարհի, ինչն, իր ավարտին չհասած, զուգորդվում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման բարդ ու բազմաբնույթ գործընթացներով: Վերջինիս կարևոր բնութագրիչներից մեկն այն է, որ տնտեսական, քաղաքական և ռազմական կենտրոնի դերի են հավակնում միանգամից մոտ երկու տասնյակ պետություններ, ինչն, իր հերթին հուշում է, որ համաշխարհային կենտրոնի փոխարեն ձևավորման, կայացման փուլում են գտնվում «աշխարհն իրար մեջ բաժանած» տարածաշրջանային մի քանի կենտրոններ: Զարգացող և զարգացած մյուս երկրներին մնում է կողմնորոշվել ԱՄՆ, Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, ԵՄ, Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի և այլոց հետ ոչ միայն տարածաշրջանային առևտրատնտեսական, այլև ռազմավարական գործընկերության և դաշինքների ընտրության հարցում: Նման պետությունները, մի կողմից, ձգտում են առավելագույնս օգտագործել ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` ՀՆԱ աճի տեմպերի արագացման, սոցիալական խնդիրների կարգավորման, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման, իսկ մյուս կողմից` միջազգային տնտեսական կազմակերպություններում իրենց և դաշնակիցների միասնական կշիռը բարձրացնելու և ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար: Նման մրցակցությունն ուղղակիորեն առնչվում է բազմաբնույթ` քաղաքական, սոցիալական, բնապահպանական, ժողովրդագրական, տեղեկատվական և ռազմական սպառնալիքներին12: Իսկ այս ամենի հիմքում ընկած է հակամարտությունների նյութատեխնիկական բազան` տնտեսությունը և դրա կարևոր բաղադրիչը` ռազմարդյունաբերական համալիրը:

  1. Ռազմարդյունաբերական համալիրը նոր իրողություններում

Այսպիսով, չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանը հասցրել է անցում կատարել նոր տնտեսական համակարգի, կարևոր հաղթանակ տանել Արցախի ազատամարտում և ամրապնդել դիրքերը միջազգային ասպարեզում: Պատերազմի համար վճարվել է տնտեսական և սոցիալական բարձր գին. այն «սնվել» է տնտեսության այն ճյուղերից, որոնց զարգացումն առժամանակ կասեցվել է կամ ուղղվել ՌԱՀ զարգացմանը (կապիտալ շինարարություն, տրանսպորտային ենթակառույցներ, քաղաքացիական արդյունաբերության մի շարք ճյուղեր, գիտություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ և այլն):

Միաժամանակ, հատկապես ազատամարտի տարիներին տեղ գտած մի շարք բացասական երևույթներ ու միտումներ` ավելի սահմանափակ ազդեցությամբ, իրենց իներցիոն շարունակությունն ունեն նաև այսօր: Տնտեսական անվտանգության ապահովման տեսանկյունից առավել խոցելի են գնահատվում երկրի սոցիալական համակարգը և գիտությունը:

Ակնհայտ է, որ պետության դերը խիստ պահանջարկված է երկրի տնտեսական սպառնալիքների վնասազերծման և տնտեսական անվտանգության ապահովման հարցում: Միաժամանակ, բազմաբնույթ տնտեսական հակամարտությունների գերակշիռ մասն, ի վերջո, վերածվում է տնտեսական պատերազմների, որոնց հիմնական նպատակներն են ռեսուրսների վերաբաշխումը, տնտեսական և ֆինանսական ազդեցության ոլորտների ընդլայնումը, տարբեր ճանապարհներով սեփականության բռնազավթումը և այլն: Իսկ առանձին դեպքերում տնտեսական շահն ուղղակի դրսևորվում է առևտրային պատերազմներում, երբ կողմերն օգտագործում են անարդար մրցակցության զինանոցն արտաքին շուկաներից հակառակորդին դուրս մղելու և տնտեսական, հետևաբար նաև քաղաքական անդառնալի վնասներ պատճառելու անթաքույց ձգտումով13: Այն ընդգրկում է ավելի լայն ոլորտներ և առանձին դեպքերում դրսևորվում գաղափարախոսական պատերազմի սանձազերծման մեջ, որում ներգրավվում են նաև տվյալ իրավիճակում ընդհանուր շահեր ունեցող այլ պետություններ:

Ի վերջո, ստեղծված իրավիճակում չեն բացառվում նաև տնտեսական կարևոր կառույցների վրա հակառակորդի զինված հարձակումները: Այլ խոսքով, պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում պետությունից պահանջվում են կրկնակի ջանքեր` հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտների` էլեկտրակայանների, ջրամբարների, գազատարների, պետական պահեստարանների և այլ կառույցների անվտանգությունն ապահովելու համար:

  1. Պետության դերն առերևույթ և քողարկված պատերազմների պայմաններում
  2. Ակնհայտ է, որ պատերազմի իրական սպառնալիքի պայմաններումազատական տնտեսությունը, մրցակցությունը և այլ ինստիտուտներ կորցնում են իրենց կարևորությունը և դադարում են գործել:
  3. Ներկայում տնտեսության հետագա զարգացումը պահանջում էպետության դերի վերարժևորում, կառավարման արդյունավետության շեշտակի բարձրացում, մրցակցային առավելությունների իրատեսական գնահատում, ռեսուրսների նպատակային օգտագործում և հասարակության ներսում հաղթողի հոգեբանության ամրապնդում:
  4. Միանգամայն ընկալելի է, երբ պետությունը հանդես է գալիսմենատիրոջ դերում և դրսևորում իր մենաշնորհը: Հարցը ոչ միայն զենք և զինամթերք արտադրելու մենաշնորհի մասին է, այլև այն հանգամանքի, որ պետությունը հանդես է գալիս որպես մի շարք ռազմավարական ապրանքների միակ գնորդ, ինչը դասական սահմանմամբ առաջացնում է մոնոպսոնիա: Բացի այդ, պատերազմի ժամանակ, անընդունելի է, որ պետությունը թույլ տա տնտեսության ցիկլիկ զարգացում: Եթե խաղաղ պայմաններում տնտեսության իրական զարգացումը պահանջում է աշխուժացում, վերելք, լճացում և ճգնաժամ, ապա հիշյալ օրինաչափությունների գոյությունը պատերազմի ժամանակ բառացիորեն հանգեցնում է պարտության: Իրավիճակը պահանջում է ոչ միայն պետության միջամտություն, այլև համատարած պետական կառավարում, պլանավորում և համահարթեցման ու սահմանափակումների համակարգ` իրավիճակը վերահսկելու և առկա ռեսուրսները քաղաքացիական և ռազմական ոլորտներում ռացիոնալ օգտագործելու նպատակով: Այսպիսով, մեր համոզմամբ, պետությունը ստանձնում էպատասխանատվության մենաշնորհ:
  5. Զինված հակամարտությանն առնչվող տնտեսական խնդիրները պետության (Հայաստանի կառավարության) նման մենաշնորհի պայմաններում կարող է դրսևորվել ինչպեսմիկրոմակարդակում` առանձին հիմնարկներին ռազմարդյունաբերական համալիրի մեջ ընդգրկելով լրացուցիչ աշխատուժի ներգրավման, աշխատանքային օրվա և աշխատանքային շաբաթվա նոր ռեժիմի սահմանման, գիտատեխնիկական հիմնարկների գործունեության ուղղորդման և հստակ կանոնակարգման միջոցով, այնպես էլմակրոմակարդակում` գների հանդեպ հսկողության, գնաճի տեմպերի զսպման, ներդրումների ոլորտների հստակեցման միջոցով, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության նոր մեխանիզմի կիրառման միջոցով, որն ավելի վերահսկելի կդարձնի ներմուծման և արտահանման հոսքերը:
  6. Այս ամենը պահանջում է, որպես անհետաձգելի հրամայական, պատերազմական իրավիճակում ազգային տնտեսության կառավարման նոր մոդելի մշակում: Կառավարության լիազորությունները և գործառույթները (գներ, աշխատավարձներ, ռեսուրսների տեղաբաշխում) անհրաժեշտ է զուգորդել ռազմական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների աճին նպաստող` մասնավոր ձեռնարկատիրական գործունեության նախաձեռնությունների խթանման կառավարման նոր մեթոդների կիրառման հետ:
  7. Պետության դերն առավել կարևորվում էազգային տնտեսական օրակարգի ձևավորման գործում: Ընդ որում՝ կարևոր է գիտակցել, որ պատերազմական պայմաններում գործող տնտեսությունը պահանջում է ինչպես զարգացման որակապես նոր մոդել, այնպես էլ զարգացման նոր ռազմավարություն և հայեցակարգ: Տվյալ դեպքում հանրապետության տնտեսական ներուժը որոշիչ նշանակություն ունի նաև երկրի ռազմական հայեցակետի (դոկտրինի), ինչպես նաև ռազմական ծրագրերի մշակման և իրագործման համար: Հետևաբար, կարևորվում է պետության ռազմական հայեցակետի14ազդեցությունը զինված ուժերի տնտեսական պահանջմունքների վրա: Մյուս կողմից՝ հնարավոր ագրեսիաներին դիմակայելու երկրի պատրաստվածությունը նույնպես ազդում է տնտեսական զարգացման ռազմավարության, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում երկրի տնտեսության կենսագործունեությանը հարմարեցնելու գործընթացի, պետության զինված ուժերի հագեցվածության և ապահովման ծրագրերի իրագործման վրա: Այլ խոսքով՝ ներկայիս հակամարտությունն իրականում տեղափոխվել է ռազմատնտեսական ոլորտ և շոշափում է հակամարտող կողմերի ազգային տնտեսությունների մրցունակության և մարտունակության մակարդակները:

7.Խորհրդարանական կառավարման պայմաններում պետության օրենսդիր մարմնից պահանջվում է իրավիճակին համարժեք օրենքների մշակում և ընդունում: Մասնավորապես, կարևորվում են` «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի մշակումը, ՌԱՀ զարգացմանը միտված հարկային օրենսգրքում և մաքսային օրենսգրքում համապատասխան լրամշակումները, ինչպես նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ու նոր օրենքների ընդունումը:

  1. Հաշվի առնելով պատերազմը սպասարկելու` ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ պահելու համար անհրաժեշտ ներքին ռեսուրսների սահմանափակ բնույթը՝ Հայաստանի պարագայում նպատակահարմար է հիշյալ համալիրը դիտարկել ոչ թե որպես տնտեսական գնացքի վերջին և ամենածանրաքաշ վագոն, այլ որպես արագընթացտնտեսական շոգեքարշ: Այս պարագայում ռազմարդյունաբերական համալիրը կարող է ոչ միայն ձևավորել իր նյութատեխնիկական և գիտատեխնիկական բազան, այլև բացի սպառազինություններից, տնտեսությանն առաջարկել այսպես կոչված «երկակի նշանակության» ապրանքներ և ծառայություններ, որոնց մի մասը կարող է ներառվել նաև արտահանման հոդվածների շարքում` սկսած էլեկտրոնային սարքերից, սննդի և թեթև արդյունաբերության արտադրանքի որոշ տեսակներից, վերջացրած տեղեկատվական և հաղորդակցության, բարձր տեխնոլոգիաներով, էներգետիկ սարքերով, սարքաշինությամբ, ճարտարագիտության տարբեր ճյուղերով և այլն:
  2. Տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալման սպառնալիքների առկայության և դրանց ավելացման պայմաններում Հայաստանը դիմագրավում է ժամանակի պակասուրդ` վերանայելու և վերարժևորելու սեփական կարողությունները: Մեր կողմից՝ առաջարկվում էմշակել ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի պայմաններում իրադարձությունների զարգացումների և արցախյան հիմնահարցի վերջնական լուծման հնարավոր և իրատեսական սցենարներ:
  3. Ռազմատնտեսական անվտանգության ապահովման նպատակով կարևոր է դիտարկել հետևյալ սցենարը. գիտատար արդյունաբերության տարբեր ոլորտների արտադրանքով և ծառայություններով Հայաստանը հավակնում է իր կարևոր տեղը գտնելդաշնակից երկրների ռազմարդյունաբերական համալիրներում: Նման սցենարն իրատեսական է ներկայանում, մասնավորապես այն առումով, որ Հայաստանն անառարկելի մրցակցային առավելություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների` ռազմարդյունաբերական համալիրի ծրագրային ապահովման ոլորտում: Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեծ վնասներ կրեց հատկապես այս հարցում, երբ Արևմուտքի կողմից կիրառվեցին տնտեսական և տեխնիկական պատժամիջոցներ: Սա նշանակում է, որ Հայաստանն իր ռազմարդյունաբերական համալիրի մրցունակ ապրանքներով ու ծառայություններով ոչ միայն կարող է գտնել իր որմնախորշն արտերկրի, հատկապես ռազմավարական դաշնակիցների շուկաներում, այլև որոշակի կախվածություն ձևավորել հայրենական արտադրությունից:
  4. Դաշնակից երկրների հետ նման սցենարի իրագործումն առաջնահերթ նշանակություն է ստանումՀայաստանի, Սփյուռքիև երկրի ռազմավարական գործընկերների աջակցությամբ ու համագործակցությամբ, ինչը թույլ կտա հանրապետության ՌԱՀ մրցունակության բարձրացումը և ռեսուրսային բազայի զարգացումը հասցնել որակապես նոր, ավելի բարձր մակարդակի:
  5. Առաջնահերթ նշանակություն են ստանում նաևՀայաստանԱրցախ ռազմական և տնտեսական ինտեգրման ծրագրիմշակումն ու դրա իրագործումը: Առաջարկվող ծրագրի շրջանակներում կարևոր է հանգուցալուծել, մասնավորապես, ազատագրված տարածքների վերաբնակեցման և զարգացման հարցը:

1 Марк Аврутин, Цена американской военной помощи Израилю, https://israelections2015.wordpress.com/2016/07/06/avrutin_aidamer_2/; ЦСБ: рост ВВП на душу населения в Израиле превысил средний показатель по ОЭСР

http://9tv.co.il/news/2016/12/29/236617.html

2 Արևմուտքի ոսկու և արժութային ռեզերվների մոտ երեք քառորդը պատերազմի ավարտին կուտակված էր ԱՄՆ ձեռքում:

3 http://www.armstat.am

4 http://hdr.undp.org/sites/default/files/2015_human_development_report.pdf

5 Աղբյուրը՝ Growth, Inequality And Powerty In Armenia, UNDP, 2002, UN Office in Armenia

6 http://www.armstat.am

7 A.Kennaway, The Miltary Industry Complex, Conflict Studies Research Center, UK Ministry of Defense, March 1998, C98, p. 3.

8 http://armscoop.com/2014/11/

9 Азербайджан и Запад продлили «контракт века»: что получат азербайджанцы? 27 декабря 2016,

https://eadaily.com/ru/news/2016/12/27/azerbaydzhan-i-zapad-prodlili-kontrakt-veka-chto-poluchat-azerbaydzhancy

10 Տարեկան Հայաստանից անօրինական ձևով դուրս է բերվում մոտ մեկ միլիարդ դոլար, http://verelq.am/hy/node/5126

11 http://www.aravot.am/2016/10/26/820385/

12 Մանասերյան Թ., Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր, Երևան, ՀՀ ԳԱԱ, 2014թ.։

13 Ka Zeng, Trade Threats, Trade Wars, Bargaining, Retaliation, and American Coercive Diplomacy, A multidisciplinary approach that offers practical policy prescriptions, University of Michigan, 2010, pp.2-11. https://www.press.umich.edu/2781196/trade_threats_trade_wars

14 Ռազմական հայեցակետն, ընդհանուր առմամբ, տվյալ ժամանակահատվածում հնարավոր պատերազմի, դրա բնույթի, վարման ձևերի ու միջոցների, զինված ուժերի պատրաստության վերաբերյալ պետության մոտեցումների, սկզբունքների և նպատակների ամբողջությունն է:

 
ԹաթուլՄանասերյան
«
Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր

 

«21-րդ ԴԱՐ» N 5, 2017